Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցավորության դեմ լսումներին մասնակցող մարդիկ իրենք էին հանցավոր վարքագիծ դրսեւորում. նորմալ երկրում պաշտոնանկություններ կլինեին»

Հոկտեմբեր 21,2024 13:00

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ նորմալ իրավական երկրում Ազգային ժողովում Քննչական կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո պետք է քրեական գործեր հարուցվեին ու պաշտոնանկություններ լինեին։ «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ եթե պատգամավորների վերաբերյալ հովանավորչության փաստեր կան, ինչի մասին ՔԿ ղեկավար Արգիշի Քյարամյանն ասաց Ազգային ժողովում, հասարակությունը շատ արագ պետք է լուծումներ տեսներ։

– Պարոն Սուրենյանց, Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների եւ Քննչական կոմիտեի ղեկավարի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո կան մեկնաբանություններ, որ ՔՊ-ում «ճաքեր» են առաջացել, կան ներքին հակասություններ։ Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։

– Դրանք իշխանության բուրգում եղած «ճաքեր» են, շատ ավելի խորքային բնույթ ունեն, քան տեսնում ենք։ Մենք խոսնակների մակարդակով ենք տեսնում այս վեճը, բայց դրանք շատ ավելի խորքային բնույթ ունեն։ Ես գրեթե 30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, արտառոց մի բանի ականատես եղանք, երբ Քննչական կոմիտեի նախագահի նման վարքագծից հետո որեւէ քաղաքական գնահատական կամ պաշտոնանկության հարց մենք չտեսանք։ Մյուս կողմից, եթե Քննչական կոմիտեի ղեկավարը խոսում է ՔՊ պատգամավորների հովանավորչության մասին, մենք պետք է տեսնեինք նաեւ դատախազի կողմից քրեական գործեր հարուցելու, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ։ Ոչ այն տեսանք, ոչ էլ այն։ Սա նշանակում է, որ իշխանությունը գտնվում է տոտալ ճգնաժամի մեջ։

Ի դեպ, բազմաթիվ շարքային քաղաքացիներ, որոնք իրավական պաշտպանության կարիք ունեն, այսինքն՝ տուժող են այս կամ այն գործերով, արդեն մի քանի ամիս շարունակ ինձ ահազանգում են, որ իրենց գործերը տեղում դոփում են, որովհետեւ քննչական մարմինները եւ դատախազությունը գտնվում են ինչ-որ վեճերի մեջ։ Այսինքն՝ եթե այս երեւույթը լայն հասարակությունը նոր տեսավ, բազմաթիվ քաղաքացիներ արդեն իրենց մաշկի վրա զգում են։

– Դեռ ժամանակ կա, գուցե առաջիկա օրերին ականատես կլինե՞նք քրեական գործերի հարուցման կամ պաշտոնանկությունների։

– Եթե նորմալ պետություն ունենայինք մենք, այդ սկանդալից 15 րոպե հետո պետք է Քննչական կոմիտեի ղեկավարը պաշտոնանկ արված լիներ։ Եվ եթե պատգամավորների վերաբերյալ հովանավորչության փաստեր կան, շատ արագ պետք է մենք լուծումների մասին արդեն լսած լինեինք։ Փոքր երկրի համար շատ երկար ժամանակ է անցել՝ մի քանի օր։ Ի վերջո ամբողջ հասարակությունը դա տեսավ, դա վերլուծության ենթարկելն ու արագ կադրային լուծումներ գտնելը, հավատացնում եմ ձեզ, ժամերի հարց է։

– Այդ լսումները ի՞նչ ցույց տվեցին՝ փարատվե՞ց հասարակության այն մտահոգությունը, թե ինչո՞ւ են Հայաստանում աճել հանցավորության ցուցանիշները։

– Ոչ, չփարատվեց, այլ պարզ դարձավ, թե ինչու է աճել հանցավորությունը։ Եթե շատ պատկերավոր ասեմ, հանցավորության դեմ լսումներին մասնակցող մարդիկ իրենք էին հանցավոր վարքագիծ դրսեւորում։ Պարզ դարձավ, որ մեր իրավապահ համակարգն ուղղակի ինստիտուցիոնալ չգոյության պայմաններում է գտնվում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031