2024 թվականի սեպտեմբերի 20-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դիմումը: Ընկերության ներկայացուցիչներն էին Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նրանք խնդրել էին ՀՀ Սահմանադրության 6 եւ 103, 61 եւ 63, 162 եւ 163-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 26-րդ հոդվածի 9-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 1, 3, 28, 29, 39, 61 եւ 63, 75, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել՝ ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 10-րդ հոդվածի «հանրային իրավահարաբերությունից ծագող բոլոր գործերը» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի՝ «վարչական ակտ» դրույթներն իրավակիրառական պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությամբ հանդերձ: Հիմքում դրված է թիվ ՎԴ/3699/05/23 գործը: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին փոխանցվելուց հետո, սույն գործի համարը վերանվանվել է ՎԴ2/3699/05/23: Դիմողը նշում է, որ որոշակիացված չէ, թե այդ ակտերն ի՞նչ ատյան է կայացնում եւ ո՞ւմ անունից, այդ «ատյանի» ակտերը, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները եւ եզրակացությունները պարտադիր են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված «օրենքի հիման վրա ստեղծված դատարանների», մասնավորապես՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների համար եւ կանխորոշում են վերջիններիս կողմից կայացված վճիռների բովանդակությունը:
Դիմող կողմը գտնում էր, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված մարմինը, ուղղակիորեն նախատեսված չլինելով Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, Սահմանադրության 163-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «արտակարգ դատարան է», հետեւաբար՝ «արգելված»:
Ըստ ՍԴ-ում առկա դիմումի՝ պետական մարմինը կարող է մասնավոր անձի հետ մտնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պայմանագրային հարաբերությունների մեջ, սակայն նրանց միջեւ ծագած վեճի առարկան լինի պետական մարմնի կողմից քաղաքացիական օրենսդրության հիմքում ընկած ընդհանուր սկզբունքների, այդ թվում՝ հավասարության, կամքի ինքնավարության սկզբունքների խախտումը, վերջինիս պետաիշխանական-կարգադրիչ լիազորությունների իրացմամբ՝ պայմանագրի մյուս կողմի՝ մասնավոր անձի «մասնավոր գործերին» միջամտությունը:
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ «անհատական դիմումի եւ կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը»: Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը, արձանագրում է, որ թիվ ՎԴ/3699/05/23 գործով Վարչական դատարանի 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից Վարչական դատարան ներկայացված պահանջը (հայցադիմումը) վերահասցեագրվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: Այս կապակցությամբ Երեւանի քաղաքացիական դատարանը 2024 թվականի մարտի 6-ին որոշել է. «Ըստ հայցի «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարարության 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 5396-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/3699/05/23 գործն ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին՝ ենթակայության հարցը լուծելու համար»: Վճռաբեկ դատարանի նախագահի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի վարչական, հակակոռուպցիոն եւ քրեական պալատների նախագահների եւ քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնակատարի կողմից 2024 թվականի մարտի 20-ին կայացված՝ «Ենթակայության հարցը լուծելու մասին» որոշմամբ արձանագրվել է. «Թիվ ՎԴ/3699/05/23 գործն ըստ «Բեգլարյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի հայցի՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարարության 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 5396-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, ենթակա է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին»:
Կարդացեք նաև
Արդյունքում, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշմամբ՝ թիվ ՎԴ2/3699/05/23 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ եւ դեռեւս գտնվում է քննության փուլում: Հետեւաբար, դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
ՍԴԱՈ-158 որոշմամբ Սահմանադրական դատարանը մերժել է սահմանադրականության հարցով հերթական գործի քննությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2024