Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ նախկին տնօրեն. Քյարամյանի հայտարարությունը Աղազարյանի մասով պետք է իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանա. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 21,2024 10:15

ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ Ազգային Ժողովում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջադեպի, Կոմիտեի նախագահի հասցեին հնչած «ռեպլիկի» եւ այդ դեպքից հետո ծավալված իրադարձությունների մասին։

ՀԱՐՑ 1. Պարոն Համբարձումյան, Դուք որպես բարձրաստիճան սպա, ով ղեկավարել է կարևորագույն կառույցը, որը ղեկավարել է Արգիշտի Քյարամյանը, կխնդրեի գնահատել նրա վարքն օրենսդիր մարմնում։

Պատասխան – 2020 թվականի մայիսին ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում, երբ նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, իմ ղեկավարման ներքո գտնվող կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության 5-րդ դեպարտամենտի աշխատանքների կոորդինացումը վերապահվեց նրան։ Ես Քյարամյանին չեմ ճանաչել և իր հետ աշխատելու առիթ նախկինում չեմ ունեցել։ Չնայած համակարգում նոր մարդ լինելուն` կարճ ժամանակում նա ընկալեց իրավիճակը, դիրքավորվեց և, թույլատրելիի սահմաններում իր ինքնուրույնությունը պահպանելով, կարողացավ գործողություններ իրականացնել։ Քյարամյանի հետ աշխատանքս հեշտ է ստացվել, կար փոխադարձ վստահություն: Ես տեսնում էի, որ նա վախկոտ չէ, հնարավոր ձախողումներից ավելորդ չի ապահովագրում իրեն, մեզ հարվածի տակ դնելով, չի փորձում քծնանքով, ձևական ջանասիրությամբ հաճոյանալ վարչապետին, նրա մերձավոր թիմակիցներին։ Փոխադարձ վստահության արդյունքում 5-րդ դեպարտամենտի աշխատանքը նոր թափ ստացավ, չնայած եղել են նաև գործեր՝ հատկապես ներքին անվտանգությանն առնչվող, որոնցով, իմ կարծիքով մենք չպետք է զբաղվեինք։ Վարչապետի քաղաքական կամ մերձավոր թիմից նշանակումը նշված պաշտոնում, համենայն դեպս Քյարամյանին ես այդպիսին եմ համարել, հույս տվեց, որ ԱԱԾ-ն զերծ կմնա ավելորդ անվստահությունից, կառուցվածքային անհարկի ցնցումներից, ինչն այդ ժամանակահատվածում իսկապես այդպես էլ եղավ։

Այլ կերպ ասած՝ Արգիշտի Քյարամյանն ինքնուրույնություն, իր դեմքն ունեցող մարդ է՝ գաղափարով ու մոտեցումներով նվիրված վարչապետին։ Ընդհանրապես, կա մարդու տեսակ, ով անհարմար է դառնում շրջապատին, քանի որ չի հայտնվում ազդեցության տակ, ենթարկվում է բացառապես իր անմիջական ղեկավարին, դրանով իսկ լոկալ մնալով իր գործառույթների շրջանակներում։

Նկատի ունեցեք, որ «իր եսը» չունեցող, բոլորին հաճոյանալու պատրաստ ղեկավարը թուլացնում է կառույցը, խախտում նրա տեղն ու դերը իրավապահ համակարգի հիերարխիայում, որի ականատեսը, ցավոք, եղել եմ ոչ վաղ անցյալում՝ այլ ղեկավարի օրոք։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կարծում եմ՝ այն տևական ժամանակ կողմերի միջև ձևավորված լարվածության հետևանք էր, որն այս կերպ դրսևորում ստացավ։ Ես հիշում եմ, որ մինչ այդ, մամուլում Քյարամյանին առնչվող մի շարք հրապարակումներ եղան, թե իբր նա է պատգամավորների հաջորդ թիրախը՝ Գրիգոր Մինասյանից հետո։ Անխոս, Քյարամյանը պետք է իրեն հավասարակշռված ու զուսպ պահեր, բայց չմոռանանք, որ ԱԺ-ում մենք ականատես ենք եղել շատ ավելի վատ ու պախարակելի, նույնիսկ խուլիգանական իրադարձությունների, ինչը չի ունեցել որևէ հետևանք ու այսօր մոռացության է մատնվել։

ՀԱՐՑ 4 . Ըստ Ձեզ՝ բայց ինչպես կարելի էր միայն բարկացնելուց հետո կոռուպցիոն բացահայտում անել, ինչու մինչ այդ Աղազարյանի կոռուպցիոն ոտնձգությունների մասով վարույթ չի հարուցվել։

Պատասխան – Քրեական գործերին վերաբերող ամեն խոսակցություն, նույնիսկ միջամտության փորձ չէ, որ կարելի է դիտարկել որպես կոռուպցիոն երևույթ։ Չպետք է իրականությունից կտրված նման գնահատական հնչեցնել։ Բոլորս հասկանում ենք, որ պաշտոնյայի հետ կարող են տարբեր իրավիճակներում, տարբեր հարցերի հետ կապված քննարկումներ լինել, նույնիսկ՝ օգնության, օբյեկտիվության խնդրանքներ հնչեցվել։ Այստեղ կարևորն այն է, որ դա շարունակություն, հետևանք չունենա, օրինակ՝ կաշառքի գումարի շրջանառության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման իմաստով՝ իր բոլոր հետևանքներով։ Ամեն դեպքում, Քյարամյանի հայտարարությունը պատգամավոր Աղազարյանի մասով պետք է իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանա և դրանով քրեաիրավական գնահատական տրվի։ Ընդ որում, պետք է անդրադառնան նաև խնդրո առարկա քրեական գործի քննության օբյեկտիվությանը, քանի որ Աղազարյանը Քյարամյանի շահագրգռվածության մասով կասկած հնչեցրեց։

Քնար Մանուկյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031