Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հուսով են, որ ԱՄՆ նախագահ կընտրվի Դոնալդ Թրամփը, իրենց վրայից ճնշումները կընկնեն, քանի որ ԱՄՆ-ն այլեւս չի զբաղվի հարավկովկասյան տարածաշրջանով»

Հոկտեմբեր 21,2024 13:30

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը սահմանին անընդհատ սադրանքներ, ագրեսիա հրահրելով՝ ՀՀ-ից ինչ-որ բաներ են փորձում կորզել, իսկ նրանց համար խոչընվդոտ է ԵՄ դիտորդական առաքելությունը։

«ԱԳ նախարարների հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանն արդեն կրկնում էր իր՝ ավանդական դարձած թեզը. Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն, արհեստական օրակարգեր բերելով, փորձում է խափանել խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ակնկալել Ստամբուլում անցկացվող «3+3» ձեւաչափով արտգործնախարարների հանդիպումից, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ ակնհայտորեն Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են, որ ձգձգեն խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրություններ. տեսնեն՝ դրանից հետո ի՞նչ կլինի։ Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանում հուսով են, որ ԱՄՆ-ում նախագահ կընտրվի Դոնալդ Թրամփը, եւ իրենց վրայից  ճնշումները կընկնեն, քանի որ ԱՄՆ-ն այլեւս չի զբաղվի հարավկովկասյան տարածաշրջանով։

Արմեն Վարդանյանի հետ զրույցում փաստեցինք՝ Ադրբեջանը կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր ահազանգել՝ ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական տարբեր տելեգրամ ալիքներում են հայտնվում:

Քաղաքագետին հարցրինք՝ ի՞նչ վտանգներ է տեսնում այս առումով, նա պատասխանեց. «Սա նոր չէ. այս արշավը հենց սկզբից էլ եղել է։ Նպատակն այն է, որ ԵՄ դիտորդները դուրս գան, եւ Ադրբեջանն իրեն ավելի սանձարձակ զգա, սահմանին հրահրի սադրանքներ, եւ ըստ այդմ՝ ՌԴ-ի եւ Ադրբեջանի պլաններին խանգարում են ԵՄ դիտորդները։ ՌԴ-ն ու Ադրբեջանը փորձում են սահմանին անընդհատ սադրանքներ, ագրեսիա հրահրելով՝ ՀՀ-ից ինչ-որ բաներ կորզել, ՀՀ-ն թույլ ու խոցելի պահել, դրա համար իրենց համար խոչընդոտ է ԵՄ դիտորդական առաքելությունը»։

Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ստիպված հեռանա ՀՀ-ից, նա պատասխանեց. «ՀՀ-ն չի գնա այդ քայլին, ռիսկ կա այն տեսանկյունից, որ կարող են պատերազմական գործողություններ սկսվել, եւ անվտանգությունից ելնելով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հանեն կամ հետ քաշեն սահմանից։ Իսկ ՀՀ-ն ինքնակամ չի գնա այդ քայլին, ավելին՝ ՀՀ-ն քննարկում է առաքելության ժամկետը մի քանի տարով երկարաձգելու հարցը»։

Հիշեցրինք՝ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից 13-ը համաձայնեցված են, եւ Ադրբեջանին առաջարկվեց, որ համաձայնեցված 13 կետով կնքեն խաղաղության պայմանագիր, որովհետեւ այն չորս կետերի շուրջ շատ բարդ է բանակցելը, եւ ժամանակ է տանում:

Երկու օր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում ուրախությամբ տեղեկացրել է, որ արդեն խաղաղության պայմանագրի 16 կետեր համաձայնեցված են: Մնացել է չհամաձայնեցված միայն մեկ կետ: Միեւնույն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը նույն ժամանակահատվածում, ինչպես «Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է նկատում, հայտարարում է, որ դեռ կան չհամաձայնեցված 4 կետեր եւ առաջարկում է 13 համաձայնեցված կետերով կնքել համաձայնագիրը։ Ուստի՝ հարցին՝ ո՞նց են համաձայնեցվել, ի՞նչ է եղել, որ համաձայնեցվել են, ի՞նչ գաղտնիության շղարշի ներքո են անցնում խաղաղության բանակցությունները, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Բանակցությունները, որ գաղտնի են, սա նորմալ է, բայց ես համամիտ եմ Ալիեւի հետ այն առումով, որ քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն, ոչինչ էլ համաձայնեցված չէ։ Եվ քանի դեռ մենք չունենք ստորագրված փաստաթուղթ, ասել, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այնքան էլ տեղին չէ։ Եթե մեկ-երկու էական հարց չի լուծվել, ուրեմն իրականում դեռ շատ ենք հեռու այդ համաձայնագրից։ Նաեւ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ գործողությունները հուշում են, որ նա չի ցանկանա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, անընդհատ անիրատեսական նորանոր պահանջներ է դնում ՀՀ-ի առաջ, եւ ուզում է ձախողել, տորպեդահարել այդ գործընթացը։ Այնպես որ, կապ չունի, թե քանի կետ է համաձայնեցվել, ունենք մթնոլորտ, մի այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ նաեւ գործողությունները ցույց են տալիս, որ նա ամենեւին էլ չի ձգտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Հարցին՝ այդ դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որտեղի՞ց այն լավատեսությունը, որ հայտարարում է, թե «այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018-ին», Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա դիվանագիտական հայտարարություն է։ Իշխանության ներկայացուցիչներն էլ շատ լավ գիտեն, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվելու, պարզապես դիվանագիտական բառապաշար է. Վահագն Խաչատուրյանն էլ է ասում, որ մինչեւ տարեվերջ կստորագրվի այդ համաձայնագիրը։ Ես վստահ եմ, որ իշխանությունը հասկանում է, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվի։ ՀՀ իշխանությունը պարզապես ուզում է աշխարհին ներկայանալ կառուցողական դիրքերից, որ ինքը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել եւ ցույց տալ աշխարհին, որ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է, որը չի ուզում, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031