Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության բնութագրմամբ թքողների քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը, ով զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, 2024թ. հոկտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության վրա հարձակվելու մասին հարցին, մասնավորաբար, հայտարարել է. «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»:
Մեջբերման վերաբերյալ հարկ է նշել հետևյալը:
Մեջբերումից պարզվում է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողը, փաստորեն, արդարացնում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումն ու Արցախի օկուպացիան:
Ադրբեջանաարցախյան առաջին պատերազմի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (այսուհետև՝ ԱԽ) 1993թ. ընդունել է չորս բանաձև, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է հետևյալը.
Կարդացեք նաև
- պահանջել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և թշնամական գործողությունները:
- շահագրգիռ կողմերին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անհապաղ սկսել բանակցություններ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նպատակով:
- կոչ է արել Հայաստանի Հանրապետության կառավարությանը օգտագործելու իր ազդեցությունը, որպեսզի Արցախի հայերը, որպես կողմ, հետևեն ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևերի դրույթներին և ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները:
- կոչ է արել հետևել միջազգային հումանիտար իրավունքի նորմերին և սկզբունքներին:
Ադրբեջանը ոչ միայն չի հետևել նշված պահանջին ու կոչերին, այլև նոր գրոհներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ձեռնարկած հաջող հակագրոհների արդյունքում Ադրբեջանը ստիպված է եղել 1994թ. մայիսի 9-ին ստորագրել հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) անժամկետ համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին:
ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած չորս բանաձևերից ոչ մեկն Ադրբեջանին իրավունք չի վերապահել Արցախի Հանրապետության դեմ իրականացնել ագրեսիա և ցեղասպանության ենթարկել Արցախի Հանրապետության քաղաքացիներին:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ այդ բանաձևերից ոչ մեկը չի սահմանափակում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, որը ճանաչված և պաշտպանված է այնպիսի միջազգային իրավական ակտերով, ինչպիսիք են ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի 1970թ. հոկտեմբերի 24-ի հռչակագիրը և ինքնորոշման իրավունքին վերաբերելի միջազգային այլ իրավական ակտերը:
Իսկ ինքնորոշման իր հիմնարար իրավունքն Արցախի հայությունն իրացրել է 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերի համաձայն ու այդ ակտերի բծախնդիր պահպանմամբ:
Արցախահայության հանդեպ Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով փաստագրված սիստեմատիկ թշնամական վարքագծի առկայության պարագայում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և Արցախի օկուպացիայի արդարացումը կարող է վկայել արդարացնողի կամ քաղաքագիտական անգրագիտության, կամ, որն ավելի հավանական է, թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության գործակալ լինելու իրողության մասին:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ