Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերոսի ճանապարհը. սիրտ ու նվիրվածություն

Հոկտեմբեր 20,2024 22:44

Հիշողությունը վերադառնում է լուռ, ինչպես պատերազմի մշուշոտ լուսաբացը, որը ծածկում է այն ամենը, ինչին ձեռքը դիպչում է: Մեծ ընտանիքի երջանիկ, խնամքով պահված անցյալը մի ակնթարթում կոտրվեց, երբ գույժը ներխուժեց ներս։
Արևոտ օրերի ծիծաղն ու անուշ խոստումները լուռ տեղը զիջեցին տխուր իրականությանը, որտեղ հույսն ու ցավը խառնվեցին իրար:

Ժամանակը կանգ առավ այն օրը, երբ ընտանիքն իմացավ, որ իրենց որդին այլևս չի վերադառնալու։ Բայց ոչ մի լուր կամ ցավ չի կարող ջնջել նրա պայծառ ժպիտը, որն ամեն օր լուսավորում է տան պատերը։ Նրա մասին հիշողությունները չեն մարում, և դա ապացույցն է այն բանի, թե ինչպես մեկ մարդու սերն ու նվիրումը կարող են հաղթել մահին։

Նա ապրում է յուրաքանչյուրի սրտում՝ որպես օրինակ, և քաջությունը հենց այսպես է դրսևորվում՝ երբ կյանքդ տալիս ես մյուսների խաղաղության համար։ Նրա անունը շշնջում է ոչ թե ցավով, այլ ուժով՝ հիշեցնելով, որ իսկական հերոսները չեն փնտրում մեծ սխրանքներ. նրանք պարզապես անում են այն, ինչ պահանջում է պահը՝ սիրելով կյանքն ու հայրենիքը։

Հերոսների մասին պատմությունները գրվում են ոչ թե արցունքներով, այլ ուժով, տոկունությամբ ու անմահությամբ, որից բխում է նրա ժառանգությունը:

Արսեն Մերուժանի Եղոյան

Ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոց։ 2019 թվականին, ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի Ագրարային Համալսարանի տնտեսագիտության բաժին։
Կիսատ թողնելով ուսումը՝ նույն թվականի դեկտեմբերի 19-ին զորակոչվել է բանակ և ծառայության է անցել Կապանի հրետանային գնդում՝ որպես հրթիռային համակարգի կրակային հաշվարկող։

Իսկ արդեն մարտական հերթապահությունը անցկացրել է Ջաբրայիլի դիրքերում։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին Արսենը անհողդողդ պայքարեց թշնամու դեմ՝ անձնվիրաբար առաջ գնալով դեպի հաղթանակ: Սեպտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից 19-ամյա տղայի կյանքի ճանապարհը կտրուկ ընդհատվեց, բայց նրա քաջությունն ու սխրանքը մնացին անմահ։

Արսենին ճանաչում էին որպես աշխույժ ու անսպառ էներգիայով լի երիտասարդի: Նա առանձնանում էր իր դրական ու կենսուրախ բնավորությամբ, սակայն ամենից առաջ՝ իդեալական եղբոր կերպարով: Իր քույրն այսպես է հիշում նրան՝ միշտ պատրաստ էր օգնել, խորհուրդ տալ, անգամ երբ ծառայության մեջ էր: Որքան էլ հեռու լիներ, Արսենը չէր դադարում հոգ տանել իր ընտանիքի մասին:

Բանակը նրա համար միայն պարտականություն չէր. նա այն ընկալում էր որպես կյանքի կարևոր դրվագ, պատասխանատվություն, որից հրաժարվելը պարզապես անհնար էր իր համար: Չնայած բանակ զորակոչվելու հետ կապված կային ժամանակային արտոնություններ, Արսենը դրանք չօգտագործեց: Որոշեց զենքը վերցնել հնարավորինս շուտ: Նույնիսկ ծառայության մեկնելու օրը արթնացել էր առավոտյան վաղ՝ առանց որևէ մեկի կոչի կամ հորդորի ու ուղևորվել էր զինկոմիսարիատ…

Մեծ էին նրա նպատակները. ապագայում շարունակել կրթությունը, զարգանալ իր մասնագիտության մեջ և դառնալ այն, ինչ երազում էր: Բայց, ցավոք, նրա ճանապարհը կարճվեց: Արսենը զոհվեց սեպտեմբերի 30-ին, իսկ նրա ընտանիքը դժբախտ լուրը իմացավ հոկտեմբերի 2-ին՝ հենց մոր ծննդյան օրը:

Արսենը լուսանկարվել չէր սիրում: Այսօր քույրը ցավով նշում է, որ եղբորից իրենց շատ քիչ բան է վերադարձվել: Այնուամենայնիվ, նրա կերպարը կենդանի է մնացել ընտանիքի անդամների սրտերում ու հիշողություններում՝ ավելի ուժեղ ու հարազատ, քան որևէ նկար կարող է փոխանցել:

«Նրա բացակայությունը շատ է զգացվում…»: Այս խոսքերով քույրը ամփոփում է իր ցավը, որն անկեղծորեն հասնում է յուրաքանչյուրին:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արսեն Եղոյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով՝ իր անձնվեր գործողությունների համար: Նրա մարմինը հանգչում է Եռաբլուրի պանթեոնում՝ հայոց հերոսների կողքին։

Արսենի պատմությունն այն հեքիաթներից չէ, որոնք ավարտվում են հանգիստ ու խաղաղությամբ: Նրա կյանքն ու կորուստը միաժամանակ պատմություն են ուժի ու խիզախության մասին, որ պիտի ապրեցնենք ամեն օր:

Այսօր, երբ ընտանիքն ու ընկերները հիշում են նրան, իրենց աչքերում տխրության փոխարեն փայլում է հպարտությունը: Արսենն ապրում է ամեն բառում, ամեն հայացքում ու ամեն զարկում: Նրա թողած ժառանգությունը հիշեցնում է, որ հերոսները չեն մոռացվում. նրանք շարունակում են մեզ առաջնորդել դեպի ավելի լավ ու խաղաղ ապագա՝ մեր ուժը դառնալով դժվար պահերին և մեր հույսը՝ ամեն նոր օր:

Մերի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031