Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Ռուսական կայսրության կողմից Երեւանի բերդի գրավման 197-ամյակի կապակցությամբ տոնական քայլերթ, դաշտային խոհանոց եւ բացօթյա համերգ էր կազմակերպել մայրաքաղաքում:
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Հայաստանն ու Ռուսաստանը դարավոր բարեկամության պատմություն ունեն, որն Արեւմուտքը եւ նրա ծառա ուժերը միշտ փորձել են խարխլել հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից, մեր բնորոշմամբ, բռնի իշխանազավթումից հետո: Այսօրվա իշխանությունը ինչքան հնարավոր է օր-օրի վատթարացնում է հայ-ռուսական հարաբերությունները: Հարաբերությունների այսօրվա մակարդակը գոհացուցիչ չէ եւ սրընթաց գնում է դեպի անկում: Եվ մեր՝ հայամետ ուժերիս, նրանց, ովքեր գտնում են, որ Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալն է, երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով ավելի զարգացնելն է: ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի նպատակը Հայաստանին Ռուսաստանից կտրելն է եւ տարածաշրջանում Ռուսաստանի դերը հնարավորինս նվազեցնելը»:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ կբացատրի իրենց քաղաքական ուժի պասիվությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու դեմ պայքարում, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը պատասխանեց. «Կոմունիստները պասիվ չեն: Կոմունիստներն իրենց հնարավորության սահմաններում աշխատանք տանում են ժողովրդի մեջ: Մեր աշխատանքը չերեւացող է, քանի որ մենք աշխատում ենք շրջաններում: Բնակչությունը, հիշելով անցյալը, թե այն ժամանակ ինչերի էր հասել. անվճար բնակարան, անվճար բուժօգնություն, աշխատանքի հնարավորություն, անվճար կրթություն եւ այլն, մեզ ընդունում է լավ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ քայլերթին դրոշներ բռնած մասնակցում են նաեւ հնդիկ երիտասարդներ, դա, արդյո՞ք, կոմունիստական կուսակցության ինտերնացիոնալիստական գաղափարախոսության դրսեւորում է, Երջանիկ Ղազարյանը պատասխանեց. «Նրանք նաեւ մայիսի 1-ի, մայիսի 9-ի մեր միջոցառումներին էին մասնակցում դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում այնքան էլ շատ չէին: Մենք որքան գիտենք, նրանք մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Այս հնդիկները մեր ակտիվ համակիրներն են, որովհետեւ Հնդկաստանում էլ կա շատ ուժեղ կոմունիստական կուսակցություն: Մենք նրանց փորձում ենք բերել մեր դաշտ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ