Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի վերաբերյալ հարցադրումներ էինք ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Գլխավոր դատախազությունից պատասխանել են մեր գրավոր հարցերին։ Այն ներկայացնում ենք առանց որեւէ խմբագրման․
-Վերջին մեկ տարում, պայմանական վաղաժամկետ ազատվելու դատարան ներկայացված քանի՞ դիմումից քանիսի՞ն են դատախազներն առարկել ու եթե կա վիճակագրություն, ապա ո՞րն է մերժման հիմնական պատճառը։
-Տեղեկացնում ենք, որ ՀՀ դատախազությունում նման առանձին վիճակագրական հաշվառում առկա չէ։
-Արդյո՞ք գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազները այցելում են քրեակատարողական հիմնարկներ ու ինչպե՞ս են հետեւում դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացին։ Կա ո՞րեւէ զեկույց կամ հետազոտություն այդ մասին (նշենք, որ ազատազրկված անձինք մեր հանդիպման ժամանակ դժգոհել էին, որ վերահսկող դատախազները միայն բողոքի դեպքում են այցելում իրենց՝ չմտնելով քրեակատարողական հիմնարկների տարածք կամ մասնաշենքեր․ ընդունելությունը կատարելով ՔԿՀ-ների վարչական շենքերում-Ա․Դ․)
Կարդացեք նաև
-«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրացման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից պարբերաբար ստուգայցեր են իրականացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ, որոնց ընթացքում ստուգվել են նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց հետ նախնական ու ընթացիկ փուլերում իրականացվող սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների համապատասխանությունը ՀՀ քրեակատարողական օրենսդրական նորմերի պահանջներին։ Ստուգման արդյունքների մասին կազմվել են արձանագրություններ։
-«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերի Թումասյանը դիմել էր Ձեզ՝ բողոքելով դատախազ Աշոտ Խաչատրյանի գործունեությունից, որը դատարանում վիրավորել էր դատապարտյալին։ Արդյո՞ք քննարկվել է դատապարտյալի դիմումը եւ ի՞նչ ընթացք ստացավ բողոքը։ Հիշեցնենք, որ մասնավորապես Թումասյանը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումի դատաքննությանը նշել էր, որ ազատվելուց հետո ցանկանում է ամուսնանալ դատախազ Աշոտ Խաչատրյանը ծիծաղել էր ու ասել՝«Դու քեզ նայե՞լ ես, 60 տարեկան ես, ո՞վ է հետդ պսակվելու»։ «Հետո, պատասխանելով դատավորի հարցին, ասացի՝ աշխատելու եմ անպայման, դատախազը մեջ ընկավ՝ ասելով, աշխատողը բանտում էլ կաշխատի»,-պատմել էր Վալերի Թումասյանը։
-«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերի Թումասյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․ Խաչատրյանի նկատմամբ իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն, որի արդյունքները թողնվել են անհետեւանք՝ նկատի ունենալով, որ Ա․ Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
–Ըստ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների, վերահսկող դատախազը, երկու դրական զեկույցի պարագայում՝ միջնորդել է դատարանին՝ պայմանական վաղաժամկետ չազատել դատապարտյալին, քանի որ նա դատապարտյալի համար նախատեսված հագուստով չի ներկայացրել դատարան․ իսկ դատապարտյալը ուներ բժշկական տեղեկանք, ըստ որի՝ նա համազգեստի այդ կտորից ալերգիա ունի։ Նման բողո՞ք ստացել է գլխավոր դատախազությունը։
-Շիրակի մարզի դատախազության սպասարկման տարածքում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացված միջնորդությունների եւ բողոքների քննության ընթացքում դիրքորոշում (այդ թվում՝ բացասական) ներկայացնելիս, առավելապես՝ դրական զեկույցների առկայության պայմաններում, դատախազի համար երբեւիցե հիմք չի հանդիսացել դատապարտյալի՝ դատական նիստին դատապարտյալների համար նախատեսված հագուստով չլինելու փաստը, այլ ներկայացվող դիրքորոշումները միշտ եղել են օբյեկտիվ եւ ներկայացվել են ինչպես՝ կազմված զեկույցների, այնպես էլ քրեաիրավական եւ քրեակատարողական օրենսդրության նորմերից բխող պահանջների առկայության եւ բացակայության համակարգային վերլուծության, ինչպես նաեւ դատարանում դատապարտյալին ուղղված հարցերին տրված պատասխանների համակարգային վերլուծության հիման վրա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ