Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ ադեն․ ղալախը (անտիպ)

Հոկտեմբեր 20,2024 14:05

Քաղաքակիրթ աշխարհ, հիմա, երբ արդեն զարմանքը սպառել է ինքն իրեն, «Արհեստական ինտելեկտը» նոր ճանապարհի քարտեզ ունի, երբ բարձրակրունկ ու նուրբ կոշիկներս մաշվում են մեծ քաղաքների ճամփորդական խաչմերուկներում, ես հիշում եմ ոտաբոբիկ, պասմայոտ ոտքերս, որոնք իմ իրական հեքիաթի վկաներն էին։ Երբ քայլում էի նրանց վրայով, ինձ թվում էր աշխարհն է ոտքերիս տակ և մեր Բագրավան գյուղը հենց նրա կենտրոնն է…

Հետո հասկացա՝ չկա ավելի մեծ հաճույք, որ մրցունակ լինի այդ մաքուր, պարզ երևակայության հետ։

Պասման խմորվում էր, որ հետո դառնար իմ օրերի տաքությունը։

Նեկտար Սիմոնի

Այո՛, իմ ադեն, ճարտարապետն էր նրա։ Արվեստով էր նայում ղալախի կանաչավուն բարձրացող բուրգերին։ Սիրում էր գեղեցկորեն մոտենալ ամենայնին և հեռուն նայել։

Քա ուժս պըռձավ, էլ հալ հարաքյաթ չունիմ։ Ըսա Եղսո բըդի հըմը եսօր, էդ քու ղալախը կայնըցնեյր։

-Ադե ջան, մի ղալախը քեզի հերիք չէ՞ր։ Պաբան ասեց երկրորդը աշնան գլուխ կըսարքեք։

-Ախչի՛, ինչ կըսես, քու խելքը ինչ կըհասնի օր կըխառնվիս։ Հերու չէ մեգել տարին իրեք ղալախ ունեյնք, հարի վերջի աթարը վառինք, ցուրդ տարի էր։ Ամեն օրը ղալախից քանի տաշտ աթար կըվառեյ։ Դու կըմոռնաս օր հալ տարին հաց կըթխենք, թնդրին էլ է աթար պետք։

Հերդ էլ տիա գոմի եդևը երգար պասմա է քըցե, առավոդ «իրգուն էդ անտեր թրիքը կըտրորե», օր լավ տապկընա։ Եփ օր կաշեմ հավասս գուկա։ Էն դեղին գարու ավելցած սալոմն էլ կըխառնե հեդը, նոր կըփռե։ Էս տարի օր փեդ էլ չառնինք, մեր աթարի մեզի հերիք է։ Պասմի աթարները պնդոտ են, առանց ցանի պեշկի մեճը բոց չեն տա, բայց իմ թխաձ աթարները փխրուն են, մէ թերթըմ կըվառեմ ու աթարներիս բոցը գելնի։

-Բալա ջան,ես կըսիրեմ իմ կլոր աթարները, էդ իմ Ֆիալկի թրիքը կլոր գունդ կենեմ ու կըծեփեմ էն կայնըցըրած ղալխըների դոշերին, քանիմ օրվա մեճը՝էդ ճըռ արևի տագը կըչորնան։ Հեդո սիրուն իրար վրա կըդառսեմ։ Ցածի շարքերը Սիմոնիս քցած պասմի աթարները կըշարեմ՝ իրանք կլոր չեն, Սիմոնս բայով կըկդրե, սաղ յաները իրար հավասար են։ Հեդո կըշարեմ իմ փխրուն կլոր բոքոնի պես աթարները, աշտարագի պես կըբարցըրնա, ցաձը լեն, վիրևը նեղ։ Վիրի շարքերը հերդ կըդնե։ Ես մինագ կաշեմ,օր ծուռ չեղնի,թե չէ էն աշնան կադղած քամին կրնա ղալախս գեդնովը տա։

-Ադե ջան,էլի դատարկ է էղնելու չէ՞, որ հարևանի էրեխեքով մեճը խաղանք։

-Բալա ջան,ղալախը բըդի բուն ունենա,բըդի տագը դառդագ էղնի, օր քամին էրտա ու գա,թե չէ, անձրևների վախտը՝կընմշի։

Իմ ղալախներս հադուգ են, գլխին էլ մէ պըսպղան պլոնկեմ կըքըցեմ, օր անձրևի ջուրը մեճը չըքաշե։ Արազգեղի մեր ղալխըների պես կըկայնըցընեմ։ Կըսեմ,-Սիմոն ջան ,գլխի մասը տապագ չենես,իրեք պասմի աթար կայնըցրաձ դիր, օր սուր գլուխ էղնի։

Իմ էրեխեն ըդպես էլ կենե։

Ի’մ ադե, չգիտեմ ինչու տարիների այսքան հեռուներից հիշեցի, թե ինչպես էի թռչկոտում հորս փռած պասմայի վրա և ինչպես էին մորս ձեռքով հյուսած մազերիս ,պար գալիս ճերմակ ժապավեններս։ Հիշեցի մեր կանաչ արտի ծայրին գտնվող քո աշտարականման ղալախը ,որ վեր էր բարձրանում կլոր ու քառակուսի աթարներից։ Սիրտս կծկվեց։ Հիշեցի թե ինչքան հով էր ղալախի ներսում։ Ես ու դու ինչպես էինք ծալապատիկ նստում այն կիսամաշ ծածկոցի վրա և դու ինչպիսի՜ անմեղությամբ էիր լսում այն հրաշք հեքիաթները ու մանկանում ինձ հետ։

Ետ նայելիս միայն հասկացա,թե ձեր կողքին և իմ գյուղական մանկության հետ,որքան երջանիկ էի ես։

Նեկտար ՍԻՄՈՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031