«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանի համոզմամբ՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) ինստիտուտը պիտի ամենակարեւորվածներից մեկը լինի բանտային համակարգում։ Չնայած վերջին տարիներին պետությունը որդեգրել է պատժողականից վերասոցիալականացման անցնելու քաղաքականություն, սակայն ՊՎԱ ինստիտուտը բավարար արդյունավետությամբ չի աշխատում։
«Քրեակատարողական հիմնարկում պիտի լինի մարդակենտրոն մոտեցում` անհատական վերասոցիալականացման ծրագրերով, որը պիտի սկսվի դատապարտյալի իրավական կարգավիճակ ստանալու պահից, այլ ոչ թե հնարավոր ազատումից մեկ կամ երկու ամիս առաջ։ Դատապարտյալի համար պիտի կանխատեսելի լինի, թե նա ի՞նչ փուլեր պիտի անցնի, որպեսզի պատրաստ լինի վերադառնալու հասարակություն»,-ասում է Արշակ Գասպարյանը։ Ոլորտի մասնագետի գնահատմամբ` պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը ծանրաբեռնված է․ նախ՝ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման նպատակահարմարության վերաբերյալ երկու տարբեր կառույցների կազմում են զեկույցներ (պրոբացիա եւ քրեակատարողական)։ Այնուհետեւ այդ զեկույցներն ուսումնասիրվում են այս կառույցների ղեկավար մարմիններում, ինչն, ինքնին խնդրահարույց է։ Իսկ մինչեւ դատարանում գործի քննությունը՝ դատապարտյալի ամբողջ անձնական գործը ներկայացվում է դատախազություն։ Արդյունքում՝ 5 պետական մարմիններ ներգրավված են այս գործընթացում։
Ըստ Արշակ Գասպարյանի՝ ՔԿՀ-ի վարչակազմը պիտի կարծիք հայտնի այն մասին, թե ինչպիսի փոփոխություններ են գրանցվել դատապարտյալի կյանքի պայմաններում եւ վարքագծում` առաջին օրվանից մինչեւ պատժից պայմանական վաղաժամկետ ներկայացնելու օրը։ Իսկ ազատվելու նպատակահարմարության վերաբերյալ զեկույցի տրամադրումը պիտի վերապահվի միայն պրոբացիայի ծառայությանը։
«Անգամ դատապարտյալի կողմից դիմում գրելը պարտադիր չպետք է լինի։ Բանտի վարչակազմն է դա որոշում ու ներկայացնում դատարան։ Դատապարտյալը պիտի լսված լինի դատաքննության ընթացքում ու պիտի հաշվի առնվի պրոբացիայի ծառայության զեկույցը, քանի որ բանտը դատապարտյալին չի ուղղում վերջնական, այլ աշխատանքը պիտի շարունակեն պրոբացիայի աշխատակիցները։ Միայն դրանից հետո ազատության մեջ հայտնված մարդը լիարժեք կինտեգրվի հասարակությանը»,-նշում է մեր զրուցակիցը։ Արշակ Գասպարյանը կարեւորում է պրոբացիայի ծառայության դերը՝ նշելով, որ վերջինս սոցիալական հենքով ու բնույթի ծառայություն է քրեական արդարադատության համակարգում ու պիտի ամենօրյա աշխատանքով վերասոցիալականցնի մարդուն։ «Այսինքն պրոբացիայի ծառայողները պիտի վերականգնեն կորսված սոցիալական կապերն ու վերաձեւավորեն նոր հմտություններ»,-համոզված է Գասպարյանը։ Պրոբացիայի ծառայությունը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվողի զեկույցում շատ հաճախ նշում է, որ բարձր է նոր հանցագործություն կատարելու ռիսկը։ Սա դժգոհություն է առաջացնում դատապարտյալների մոտ։ «Կրկնահանցագործության ռիսկի գնահատման գործիքակազմ չկա դեռեւս ու ոչ մի կառույց, այդ թվում վերջնական որոշում կայացնող դատարաններն էլ գնահատման մեխանիզմ չունեն։ Հիմա աշխատում ենք պրոբացիայի ծառայություն հետ, ստեղծելու հետազոտահեն մի գործիք, որպեսզի հասկանանք՝ ի՞նչն է մարդուն ստիպում կրկնահանցագործության ու ինչպե՞ս չափելի դարձնել դա»,-ասաց Արշակ Գասպարյանը։ Փորձագետի գնահատմամբ՝ պիտի մարդիկ ընդունեն այն գաղափարը, որ բանտը եւս մի սոցիալական կենտրոն է։ Հիմա քրեակատարողական հիմնարկներում աշխատում են նախկին ոստիկաններ, օպերներ, քննիչներ, ինչը մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ճիշտ չէ։ Արշակ Գասպարյանն առաջարկում է պատրաստել բանտային մասնագետներ, որոնք կլինեն մանկավարժական ու սոցիալական ոլորտներից։ «Եվ ավելին՝ չես կարող բարեփոխել բանտը, քանի դեռ բանտի հետ փոխկապակցված չեն քրեական արդարադատության բոլոր մարմինները, եւ սոցիալական ու կրթական ոլորտները»,-ասում է Գասպարյանն ու ավելացնում, որ դեռ չի հաջողվում այս միտքը հասցնել որոշում կայացողներին։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգին՝ ապա Aravot.am-ի զրուցակիցը ափսոսանքով նշում է՝ որպես JUREMONIA ծրագրի տեղական համակարգող, առաջարկներ էին ներկայացրել, որոնք չընդունվեցին դեռեւս։ «Նշեցին, որ դրանք համակարգային փոփոխություններ են ու երկարաժամկետ են։ Իսկ մենք առաջարկում էինք, որ ՊՎԱ-ի գործընթացից հանեն քրեակատարողական ծառայության զեկույցը, դատախազության օղակը, զեկույցը կազմի միայն պրոբացիայի ծառայությունը։ Քաղաքական կամք չդրսեւորվեց։ Նաեւ դատապարտյալի վարքի գնահատման կարգի փոփոխություններ էինք ներկայացրել»,-ասում է Գասպարյանը։
Ըստ փորձագետի՝ պետությունը դատապարտյալի ուղղվելու պարտականությունը ամբողջությամբ թողել է ազատազրկվածի վրա։ Պետությունը պիտի բուժի, ոչ թե թողնի՝ ինքնաբուժվեն անազատության մեջ գտնվողները։ «Նորից եմ ասում սա պատժից պայմաններով ազատվելու համակարգ է եւ պիտի դատապարտյալը հստակ իմանա բոլոր պայմանները, որոնք ինքը պիտի ստանձնի հնարավոր ազատումից հետո», -մեր զրույցը եզրափակեց Արշակ Գասպարյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ