Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեցին Արարատ Միրզոյանի ստամբուլյան հանդիպումները. Ռուբեն Մելքոնյան

Հոկտեմբեր 19,2024 20:38

«Հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված հանդիպումների ինտենսիվությունը ոչ թե հայկական դիվանագիտության հաջողության արդյունք է, այլ հակառակը, Արցախի կորստի եւ Հայաստանի պարտության ուղիղ հետեւանք է: Նախորդ 30 տարիների ընթացքում տարատեսակ իրավիճակներում աշխարհաքաղաքական տարբեր փոփոխությունների համատեքստում երբեք թուրքական կողմը չի ցուցաբերել նման, այսպես ասենք, բարի կամք կամ նման ակտիվություն այս հարաբերությունների, հանդիպումների մասով: Եթե լիներ ազատ Արցախը, եւ հայերը շարունակեին ապրել Արցախում, ապա, վստահաբար, այս ինտենսիվությունը չէինք նկատելու  հայ-թուրքական հարաբերություններում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ հետեւաբար, այն ջանքերը, որոնք գործադրում են իշխանական քարոզիչները՝ ցուցադրելու համար, որ սա Հայաստանի դիվանագիտության հաջողությունն է կամ աշխարհաքաղաքական փոփոխության հետեւանքով ստեղծված վիճակ, չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, անցած երկու օրերին, Ստամբուլում հայ-թուրքական ակտիվ հանդիպումներ եւ բանակցություններ էին ընթանում՝ տարբեր ձեւաչափերով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ:

Ինչ վերաբերվում է «3+3» ձեւաչափին, որը ստամբուլյան հանդիպումների արդյունքում, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, ՀՀ-ին եւ Ադրբեջանին առաջարկվել է օգտագործել՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքներն ավարտելու համար, այդ ձեւաչափով նաեւ մինչ այս եղած հանդիպումներին ու բանակցություններին, Ռուբեն Մելքոնյանը հստակեցնում է՝ այս պահին դա «3+2» է, քանի որ Վրաստանը սկզբունքային դիրքորոշում ունի եւ չի մասնակցում այդ հանդիպումներին ու հավելում է. «Եկեք այդ ձեւաչափի ակունքները չմոռանանք. դա թուրքական ծրագիր է, որը առաջ է քաշվել դեռ 2008 թվականին, Թուրքիայի նախկին նախագահներից Աբդուլա Գյուլի կողմից, որն այն ժամանակ կոչվում էր՝ Կովկասյան խաղաղության պլատֆորմ: Այն ժամանակ միանգամայն այլ իրավիճակ էր եւ ռուս-վրացական պատերազմից հետո, առաջարկ կար այս հարթակում քննարկել եւ, ընդ որում, փոխզիջումային տարբերակներով, գտնել տարբեր կոնֆլիկտների լուծումները: Հիմա, լիովին այլ իրավիճակ է եւ «3+3» ձեւաչափում, որը իհարկե, կարող է եւ միտված լինել խաղաղությանը, խնդիրների կարգավորմանը, թելադրող ուժերը  Թուրքիան եւ Ադրբեջանն են ու ստեղծված իրավիճակը, թելադրող իրավիճակը, բացարձակ հույս չեն  տալիս՝ Արցախի հայերի իրավունքների օրակարգ բերելուն, Հայաստանի համար նպաստավոր խնդիրների առաջ բերելուն: Հակառակը, սա ձեւաչափ է, որտեղ պարտադրանքը, թելադրանքը, դիվանագիտական լեզվով ու ձեւակերպումներով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ներկայացնել»:

Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ թուրքական նախապայմանները ոչ միայն չեն դադարել, այլ դրանցից ամենակարեւորը հիմա էլ շարունակում է թեւածել հայ-թուրքական բոլոր հանդիպումներում. «Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերություններ կկարգավորի, սահմաններ կբացի եւ տարբեր քայլեր կանի, միայն այն պարագայում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր: Իսկ ի՞նչ է նշանակում խաղաղության պայմանագիրը, արդեն թերեւս բոլորիս համար էլ  պարզ է ու հիմա մենք նաեւ տեսնում ենք, որ այդ գործընթացը որոշակի փակուղում է հայտնվել. ադրբեջանական պահանջներն էականորեն աճել են : Եվ ադրբեջանական, եւ անգամ հայկական իշխանություններն իրենց հայտարարություններում ֆիքսում են, որ կան այս պահին գոնե անլուծելի խոչընդոտներ՝ այդ պայմանագրի հետ կապված: Եթե Հայաստանի կողմն առաջարկում է՝ եղած այն հարցերը, որոնց շուրջ կան պայմանավորվածություններ, դրանցով բավարարվել եւ ստորագրել, ադրբեջանական կողմը պնդում է ճիշտ հակառակը: Հետեւաբար, քանի չի լուծվել հայ-ադրբեջանական խնդիրը, չեմ կարծում, որ Թուրքիան էական քայլեր կարող է անել Հայաստանի ուղղությամբ եւ չեմ կարծում, որ այդ քայլերն ունեն շատ մեծ նշանակություն Թուրքիայի համար: Այսինքն, եթե Թուրքիան քայլեր անի Հայաստանի հետ հարաբերություններ բարելավվելու, ապա, պետք է ենթադրել, որ արվել են նաեւ համապատասխան քայլեր՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ ադրբեջանական պահանջների լույսի ներքո»:

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը ընդգծում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, Թուրքիան, այս անգամ էլ այլ մեթոդներով շարունակում է ճնշել Հայաստանին՝ համաձայնվել ադրբեջանական բոլոր պահանջներին: Այժմ տեղի ունեցողն էլ, ինչպես էլ, որ անվանեն՝ հմուտ դիվանագիտություն, ինտենսիվ դիվանագիտություն, Հայաստանի՝ ադրբեջանական պայմաններն ընդունելու եւ զիջումները շարունակելու գործընթաց է, որի շրջանակներում էական ձեռքբերումներ, գոնե այս պահին, նկատելի չեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031