Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. «Ազատություն»

Հոկտեմբեր 19,2024 18:08

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարեց՝ նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։

«Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», – ասաց նա։

ԱԺ նախագահը վերահաստատեց ՝ Հայաստանն առաջ է գնում իր խաղաղության հաստատման օրակարգով, նաև անդրադարձավ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ չկայացած հանդիպմանը և այլ հարցերի։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

Ինչո՞ւ չկայացավ հանդիպումը Գաֆարովայի հետ

«Ազատություն» – Դուք Պրահա եք ժամանել Ժնևից, որտեղ նախատեսված էր հանդիպում Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվեց բանակցություններից։ Ինչ-որ կոնկրետ համաձայնությո՞ւն էր նախատեսվում, որը ադրբեջանական կողմը ձախողեց դրանով։

Ալեն Սիմոնյան – Ունեցել ենք երկու հանդիպում իմ գործընկերոջ հետ, և պետք է ասեմ, որ հանդիպումներն անցել են բավականին հասկանալի և բավականին կառուցողական տրամաբանության մեջ, և 2-րդ հանդիպման ժամանակ ես խնդրեցի, առաջարկեցի՝ քննարկենք պառլամենտական մակարդակով գերիների հարց և հնարավորություն ունենանք այդ մակարդակով գոնե 3 գերի վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Եվ իմ գործընկերն ասաց, որ դա կքննարկի և կպատասխանի։ Հետո մենք Դուշանբեում էինք տիկին Գաֆարովայի հետ, և 3 օր իրար հետ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, և որևէ ձևով ես որևիցե ակնարկ կամ ինֆորմացիա չեմ ստացել առ այն, որ մենք չենք հանդիպելու։

Միայն, երբ որ մենք արդեն մեկնում էինք Ժնև, ինքնաթիռի մեջ իմ օգնականներն ասացին՝ գիտեք չէ, Ժնև ենք գնում, բայց հանդիպումը չեղարկվել է։ Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր և ցավալի էր։

«Ազատություն» – Մինչև հիմա չի՞ տրվել բացատրություն՝ ինչո՞ւ։

Ալեն Սիմոնյան – Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ պարոն Սիմոնյանի որոշ հայտարարություններ՝ իմ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն։ Օգնականս փորձեց ճշտել՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը։ Չնայած ես ենթադրում եմ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը։

«Ազատություն» – Ո՞ր։

Ալեն Սիմոնյան – Պատմական հայրենիքի փնտրտուքի վերաբերյալ իմ հայտարարության վերաբերյալ։ Դա ուղղակի արձագանք էր բազմաթիվ և՛ ատելություն, և՛ թշնամանք իր մեջ պարունակող հայտարարություններին Բաքվից։ Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիային, հայկական պառլամենտը որևէ ձևով չի մասնակցում Ֆրանկոֆոնիային, և ներեցեք, բայց 50-ից ավելի երկիր կա այդ ընտանիքում։ Եվ չեմ կարծում, որ Հայաստանը այդքան ազդեցիկ է, և իմ օգնականը գրել էր, որ դա աշխարհի արձագանքն է նույն այդ հայտարարություններին և գործողություններին և դեռ չկնքված պայմանագրին, կուզենք իմանալ նաև՝ ինչ նկատի ունեք և այլն-ով։ Մենք այնտեղից որևիցե հստակ պատասխան չստացանք, որին ի պատասխան ես նորից առաջարկեցի՝ որևէ Ձեզ հարմար պահի ես պատրաստ եմ հանդիպել և շարունակել, որովհետև այս ֆորմատը գոյություն ունի հենց դրա համար, որպեսզի մենք քննարկենք խնդիրները, բայց մի որոշ ժամանակ անց տեղից պատասխանեցին, որ չէ, մեր տեսակետը չի փոխվել, մենք չենք հանդիպել։

«Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի»

«Ազատություն» – Միաժամանակ Երևանը տևական ժամանակ է՝ Բաքվին առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները, ինչը Բաքուն մերժում է՝ պնդելով, որ պետք է համաձայնեցնեն բոլոր կետերը, Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, անգամ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Նահանգներում չազդեց։ Կարո՞ղ ենք ասել, որ գործընթացը փակուղի է մտել։

Ալեն Սիմոնյան -Ո՛չ, չենք կարող այսպիսի բան ասել և չպետք է ասենք, ու պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ այս գիտակցումը կա նաև Ադրբեջանում։

«Ազատություն» – Նաև կարծիք է հնչում, որ տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումների պարագայում։ Դուք ինչպե՞ս եք տեսնում ելքը։

Ալեն Սիմոնյան – Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի։

«Ինձ համար շատ ավելի լավ է ունենալ ֆիքսված սահման, քան լավ դիրք»

«Ազատություն» – Անցած մայիսին ասել էիք, որ առայժմ համաձայնություն չկա նաև Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցում, և այդ հայտարարությունից հետո էլ այս հարցի վերաբերյալ հստակություն չի հնչել։ Հիմա կա՞ այդ հղումը։

Ալեն Սիմոնյան – Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է։

«Ազատություն» – Դուք խոսում եք կանոնակարգի մասին, որ ինչպես նշեցիք հաջորդ շաբաթ կլինի խորհրդարանում. փաստաթղթի ստորագրումից առաջ, երբ Ադրբեջանին փոխանցվեցին 4 գյուղերը Ղազախ-Տավուշ հատվածում, և ընդդիմությունը Հայաստանում բողոքի ցույցեր սկսեց, Հայաստանի իշխանությունն ասում էր, որ Երևանին հաջողվել էր ամուր երաշխիք ամրագրել տարածքային ամբողջականության համար, բայց շաբաթներ առաջ Բաքվից հայտարարություն հնչեց, որ հղումը Ալմա-Աթայի հռչակագրին չի նշանակում ամենևին, թե որտեղով են անցնում սահմանները, և որ տարածքը որ երկրին է պատկանում, ինչը անգամ ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին հարց բարձրացնել՝ արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց։ 10 օր է՝ Բաքվից արձագանք չկա։ Այսինքն՝ երաշխիքն այդքան էլ ամո՞ւր չէր։

Ալեն Սիմոնյան – Այդ տրամաբանության մեջ որևէ երաշխիք ամուր չէ, որովհետև նույն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կային ամենաբարձր երաշխիքները, և երաշխավորը Ուկրաինայի անվտանգության հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնությունը, և որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031