«Գիտեք, եթե այսօր ապրիլի 1-ը լիներ, Ամերիկյան հանրապետական ինստիտուտի հարցումը կվերագրեի ապրիլի 1-ին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցումների մասին:
Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, միայն այն, որ կարդում ես վերնագիրը, թե ո՞ր երկրի սոցիոլոգիական կառույցն է հարցումն իրականացրել, իր համար միանշանակ կանխատեսելի են արդյունքները. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը զարհուրելի անկում է ապրել, դա միանշանակ է: Այլ հարց է, որ համաձայն եմ հարցման այն հատվածի հետ, որ հանրության գերակշիռ մեծամասնությունն այսօր որեւէ մեկին չի վստահում»:
«Գիտեք, այնքան զվարճալի են այս ինստիտուտի հարցումները, որովհետեւ, մի տարի էլ, երբ ես ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն էի, այս կառույցը հարցում էր արել, եւ, բռնվեք՝ չընկնեք, որ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող կին քաղաքական գործիչները Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցն են: Դե հիմա պատկերացրեք, այս ինստիտուտի հարցման «հավաստիության» աստիճանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրության եւ բնական է, որ Արեւմուտքը փորձելու է իր բոլոր «ինստիտուտներով» հանրային «գիտակցությունը լվանալ` նման տխմարագույն հարցումներով»։
«Մեկ բան է այս հարցման մեջ ճիշտ, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը որեւէ մեկին չի վստահում, ինչը միանգամայն հասկանալի է։ Մնացածը` զավեշտ է։ Եթե հիմա բացեք այս «ինստիտուտի» կատարած հարցումները եւ տեսնեք, թե ի՞նչ գործիչներ են իբր հանրային վստահություն վայելում, դրանց գործիչ էլ չի կարելի համարել, պլենտուսի տակից ինչ-որ քայլիստներ, ու դուրս գաք մարդկանց եւ հարցնեք` Լենա Նազարյան կամ չգիտեմ ով, չեն էլ իմանա։ Սա զավեշտ է եւ միանգամայն հասկանալի է, թե ինչո՞ւ են կրկին ակտիվացել այս կարգի սոցիալական հարցումները, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նորից իրեն գցել դռնեդուռ, մարզեմարզ, պեղում են պաչող հորքուրներ եւ մորքուրներ:
Կարդացեք նաև
Պարզ է, որ ինքը շատ լավ գիտի իր իրական վարկանիշի անկման ամպլիտուդը, որը գահավիժում է օրեցօր։ Բնականաբար, իրեն պետք է ընտրություններից առաջ ահա այսպիսի իդիոտ թվերով վերարտադրվելու, վարչական ռեսուրսով, տեռորով, ահաբեկումներով, տարբեր տեսակի թալան-թալան շոուներով վերարտադրվելու ֆոն ապահովել»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, երեկ հրապարակվել է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ըստ որի` Հայաստանի քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հայաստանցիների 61 տոկոսը չի վստահում որևէ քաղաքական գործչի: Հարցումն անցկացվել է 1 503 քաղաքացիների շրջանում՝ սեպտեմբերին։ Ըստ հարցման արդյունքների՝ քաղաքացիների 16 տոկոսն ասել է, որ վստահում է Փաշինյանին։ 4 տոկոսը հայտնել է, որ վստահում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նույն չափի է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հայտնած վստահությունը։ Հարցվածների երկու տոկոսն ասել է, որ վստահում է Ռոբերտ Քոչարյանին, ևս երկու տոկոսը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Հարցվածների 61 տոկոսը պատասխանել է՝ ոչ մեկին չի վստահում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ