Հոկտեմբերի 10-15-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում:
Այցի հիմնական նպատակը երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր, որի հիմքը դրվել է դեռևս 2023 թվականի նոյեմբեր ամսին, Սենթ Էթիենի պատվիրակության Կապան կատարած այցի շրջանակում՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին մտադրությունների նամակի ստորագրմամբ։
Ըստ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի՝ «Այս համագործակցությունը վկայում է ոչ միայն մեր երկու համայնքների միջև արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական կապերի ամրապնդման մասին, այլև կարևորագույն քայլ է մեր միջև առկա բարեկամությունն ու փոխըմբռնումը ամուր և փոխշահավետ գործընկերության հիմքերի վրա դնելու համար։ Համաձայնագրի ստորագրման պահից մենք անցնում ենք նոր փուլ, որտեղ կհամագործակցենք աջակցելով միմյանց զարգացման առաջընթացին, իրականացնելով համագործակցությանն ուղղված գործողություններ՝ առաջնահերթություն տալով մշակույթի, սոցիալական, երիտասարդության և առողջապահական ոլորտներին»։
Կարդացեք նաև
Հնգօրյա աշխատանքային այցի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ, որոնց ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են Սենթ Էթիենի համայնքային կառավարման առաջատար փորձին և իրականացվող ծրագրերին։
Հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, ֆրանսահայ հեղինակներ Ժան Պիեռ Քոթչյանի, Անտուան Ագուջյանի, Սենտ Էթիենի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի և երիտասարդների հետ։
Այցելություններ են եղել Ժոֆֆրուա Գիշար մարզադաշտ, «ԱՍՍԵ»-ի, Արհեստի և արդյունաբերության թանգարաններ, քաղաքային կինոգրադարան և թվային մեդիա գրադարան, համալսարանական հիվանդանոցային կենտրոն և այլն։
Տեղի են ունեցել պաշտոնական միջոցառումներ և արարողություններ․ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակներ դրել հուշակոթողին, ինչպես նաև մասնակցել տեղի Հայ առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ պատարագին։
Բանախոսներ Գևորգ Փարսյանի, Տիգրան Եգավյանի և Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև աշխարհաքաղաքական համաժողով, որտեղ նրանք ներկայացրել են Հայաստանի, Արցախի և մասնավորապես Կապանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով խոսել վերջին զարգացումների մասին։
Պատվիրակության հնգօրյա այցը ամփոփվել է 2025 թվականի համագործակցության շրջանակի քննարկմամբ, որի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ առողջապահության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում առաջիկայում ծրագրեր իրականացնելու համար։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ