Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դեռեւս 2019-ից սկիզբ առած դատական գործը թեպետ հանգուցալուծվել է, բայց ի կատար չի ածվել: Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարանում, որը բավարարել էր թատրոնի աշխատողների հայցը, սակայն ԿԳՄՍՆ-ի կողմից դատական ակտը բողոքարկվեց վերաքննիչ դատարան, որտեղ եւս գործի քննությունը լուծվեց հօգուտ աշխատողների, եւ մերժվեց նախարարության բողոքը: Հատկանշական է, որ վճիռն արդեն 2 տարի ուժի մեջ է մտել, բայց այդպես էլ նախարարության կողմից չի կատարվել: Համաձայն վճռի՝ ԿԳՄՍՆ-ն թատրոնին պետք է վճարի 175 մլն դրամ՝ հարկադիր պարապուրդի համար։
«Ամենասարսափելին այն է, որ պետությունն իր՝ պետության որոշումը չի կատարում»,- ընդգծում է թատրոնի նախկին տնօրեն Գ․ Կարապետյանն ու հավելում, որ այս ամբողջ իրավիճակի պատասխանատուն ու կազմակերպիչը ԿԳՄՍ նախարարությունն է․ «Ես պարբերաբար գնացել եմ նախարարություն, իրավաբանական վարչությունն ամեն անգամ ասել է՝ սպասում ենք հարկայինին, որ սնանկ ճանաչվի․․․ իրենք ի՞նչ գիտեին, որ հարկայինը մեզ սնանկ է ճանաչելու, ուրեմն իրենք էլ կազմակերպել են սնանկության այս գործընթացն ու միտումնավոր պահել են իրենց նշանակած թատրոնի տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին, այն դեպքում, որ, Աշխատանքային օրենսգրքի համաձայն, 6 ամսից ավելի ԺՊ պահելու իրավունք չկա»։
Նախկին տնօրենն ասում է՝ ԿԳՄՍՆ-ն նպաստել է, որ թատրոնը տարվի սնանկության, ինչը քրեական հանցագործություն է․ «Այս ամեն ինչի գլուխ կանգնած են ԿԳՄՍ նախարարությունն ու Լիլիթ Փալանջյանը, որին նշանակել են թատրոնի տնօրենի ԺՊ, որը մեկ օր անգամ չի աշխատել»։ Հետաքրքրական է, որ Լիլիթ Փալանջյանն էլ իր հերթին է դիմել դատարան. «Նա մեկ օր չաշխատելով՝ դիմել է դատարան ու դատարանից պահանջել է աշխատավարձ, դատարանն էլ բավարարել է նրա հայցը, եւ նախարարությունն էլ վճարել է Լիլիթ Փալանջյանին»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում