Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նույնպես էքսցենտրիկ է և տարբերվում է «միջազգային ստանդարտներից», որովհետև հազիվ թե աշխարհում գտնվի մեկ այլ երկիր, որի առաջնորդն այդքան թեթևորեն, մոտավորապես «ինձ բմբուլ պետք չի» տրամաբանությամբ հրաժարվի սեփական երկրի շահերից ու իրավունքներից։ Օրինակ՝ դաշնակիցներ ձեռք բերելու փորձերից, սեփական «ամայի-անբնակ սարերի» պաշտպանությունից, սեփական պատմությունից, արցախահայության վերադարձի իրավունքը քաղաքական օրակարգում պահելուց, Սփյուռքից, Եկեղեցուց և այլն։
Համաձայնվեք՝ տարօրինակ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն արտաքնապես իրեն պահեր «ստանդարտ լիդերի» պես՝ ծանրակշիռ, դեմքի լուրջ արտահայտությամբ, խնամված, ելույթները՝ գրագետ ու նախապես լավ մշակված, բայց վարեր էքսցենտրիկ (եթե իր իսկ բառերով ասենք՝ «գժական») արտաքին քաղաքականություն։ Իսկ այսպես՝ հեծանիվ քշելով, լրջագույն բանակցությունների սեղանի շուրջ ագահաբար ու «ֆռթըցնելով» սուրճ խմելով, ատամները քչփորելով կամ մարմնի անհարմար հատվածները քորելով, ամեն ինչ տեղն է ընկնում․ ինչպիսին ինքն է, այնպիսին էլ իր քաղաքականությունն է։ Իսկ այլ երկրների «ստանդարտ լիդերները» թող բարի լինեն համակերպվել իր էքսցենտրիկ կերպարին։ Ինքը հո նրանց նման սովորական լիդեր չի՞, որ որևէ օտար մայրաքաղաքում ստանդարտ արարողակարգային միջոցառումների մասնակցի, ինքն ինչ խելքին փչի՝ կանի, որովհետև համարյա Փրկիչ է, որի գործերը, բնականաբար, անքննելի են։
Այսօրինակ պահվածքը, ի դեպ, նաև որոշակի ներքաղաքական դիվիդենտներ է բերում, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ քննարկել ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականության բերած աղետները, այլ նրա կերպարն ու «գժական» վարքագիծը։ Ու հանրության՝ իշխանություններից դժգոհ հատվածում բանավեճ է սկսվում․ «գժականի պատճառո՞վ երկիրը հասցրեց այս վիճակին, թե՞ երկիրն այս վիճակին հասցնելուց հետո է «գժական գնում», որ ինչ-որ կերպ արդարացնի իր գործունեության աղետալի հետևանքները»։ Բայց սա արդեն այլ քննարկման թեմա է։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»