Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը կրկին հանրային քննարկումների տիրույթում է։ Տարիներ առաջ այս թեման հնչեղություն էր ստացել, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ու Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։ Բայց 2009 թվականին իրավիճակը լրիվ այլ էր, Հայաստանն այլ դիրքերից էր հանդես գալիս, իսկ հիմա իրադրությունը ի վնաս մեր երկրի է՝ հաշվի առնելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանը ծանր պարտություն է կրել, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի սերտ են, քան ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում։ Եթե 2009 թվականի Թուրքիան, ի վերջո, նախապայմաններ առաջ քաշեց՝ չգնալով Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման, ապա կարելի է պատկերացնել, թե ներկայում ինչ դիրքորոշում կարող է որդեգրել։ Այժմ թուրքական նախապայմանները ոչ միայն չեն փոխվել, այլև բոլորովին այլ ծավալներ են ստացել։ Էրդողանի կառավարությունը փորձում է իր նախապայմաններն ու պահանջներն առաջ մղել արդեն նաև Ադրբեջանի միջոցով։
Դրա համար էլ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, որ եթե Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, ապա դրանից հետո ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Երբեմն էլ նույնիսկ ակնհայտ երևում է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների հետևում թուրքական ականջներն են։ Ուստի, պատահական չէ, որ թուրքական հանրային տիրույթում ու լրատվամիջոցներում բուռն քննարկումներ են ծավալվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ։ Ու, ընդհանուր առմամբ, կարևոր է հասկանալ, թե Թուրքիայի ներքին լսարանում ինչպիսի կարծիք է գեներացվում, և ինչ է խոսվում Հայաստանի հետ հարաբերությունների մասով՝ հատկապես այն դեպքում, երբ մեր հանրությունը հիմնականում անտեղյակ է այսպիսի նրբություններից, որոնք էական դերակատարություն կարող են ստանձնել։
«Alpha News»-ի նախաձեռնած «Իրական Թուրքիա» հաղորդաշարն այս տեսանկյունից կարող է օգտակար լինել Թուրքիայում ձևավորված տրամադրություններին մեր հանրությանը հաղորդակից դարձնելու համար։ Եվ եթե նաև մեր գործընկերների շնորհիվ հետևում ենք թուրքական լրատվամիջոցներում իշխանական ու փորձագիտական շրջանակների կողմից հնչող հայտարարություններին, ապա տեսնում ենք, որ Թուրքիան շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հարցում։ Չգիտես ինչու, այնքան էլ ուշադրության չարժանացավ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից արված այն հայտարարությունը, թե վերջին օրերին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
Չնայած թուրքական պաշտոնյաները խոսում են այն մասին, թե միջանցքը կարող է անցնել նաև Իրանի տարածքով, բայց դրա հետ մեկտեղ մեդիա տիրույթում հրապարակային կերպով հաշվարկվում է Իրանի դիմադրության հարցը՝ հատկապես այն համատեքստում, որ Իսրայելը հայտարարել է, թե հարվածներ է հասցնելու Իրանին։ Այսինքն, երբ Իսրայելի ու Իրանի միջև խոշոր բախում տեղի ունենա, ապա դժվար թե Իրանի դիմադրությունը նույնը մնա, երբ Իրանի հոգևոր առաջնորդը և մյուս կարևոր պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների փոփոխությունը։ Պատահական չէ, որ թուրքական հեռուստաալիքներում ծավալվող քննարկումներում արդեն իսկ խոսվում է «Զանգեզուրի օպերացիայի» մասին, որով էլ բացվելու է միջանցքը։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում