Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Դարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը տնտեսագիտության ոլորտում արժանացել են Նոբելյան մրցանակի՝ «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»։
Այս իրադարձության կապակցությամբ թուրք հայտնի հետաքննող լրագրող Իսմայիլ Սայմազը X-ի իր էջում գրել է, որ Դարոն Աճեմօղլուն երրորդ թուրքն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի:
«Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին։ Նա դարձավ երրորդ թուրքը, որն արժանացավ Նոբելյան մրցանակի՝ գրող Օրհան Փամուկից և գիտնական Ազիզ Սանչարից հետո»,- գրել է նա:
Նշենք, սակայն, որ Դարոն Աճեմօղլուն ծնվել է հայերի ընտանիքում, Օրհան Փամուկը մոր կողմից ունի չերքեզական արմատներ, իսկ Ազիզ Սանչարը ծնվել է արաբների ընտանիքում:
Կարդացեք նաև
Ի պատասխան թուրք լրագրողի գրառման, Նյուֆաունդլենդի «Մեմորիալ» համալսարանի թուրք հայտնի պրոֆեսոր Մեհմեդ Էֆե Ջամանը X-ի իր էջում գրել է.
«Դեռ երեկ հայկական ինքնությունը որպես վիրավորանք էր օգտագործվում։ Անատոլիայի ավելի քան մեկ միլիոն բնիկ հայեր սպանվել են 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ Անթիվ հայեր հրաժարվել են իրենց ինքնությունից՝ գոյատևելու համար: Թուրքական գերազանցության ներքո միլիոնավոր քրիստոնյաներ, հույներ, սիրիացիներ և անատոլիացի բնիկներ ձուլվեցին։ Այս ամենը պաշտոնական պատմությունը հերքում է։ Այժմ, երբ Դարոն Աճեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակի, նրանք քաղաքացիության քողի տակ փորձում են այս հաղթանակը վերագրել թուրքական ինքնությանը: Սա, մեղմ ասած, անամոթություն է»։
Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ Աճեմօղլուին շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը: Թուրքիայի նախագահը Աճեմօղլուին անվանում է «թուրք-ամերիկացի տնտեսագետ»՝ չնշելով հայկական ծագման հանգամանքը։ Իսկ Շիմշեքը X-ի իր էջում գրել է․ «Սրտանց շնորհավորում ենք հարգարժան տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակի արժանանալու համար՝ ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության վերաբերյալ իր աշխատանքի համար»: Թուրքական հատուկենտ աղբյուրներ են մատնանշել նրա հայկական ծագումը։
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»