Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն որոշել է չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը․ «Հետք»

Հոկտեմբեր 19,2024 10:40

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2024թ. հոկտեմբերի 18-ին որոշել է չվերանայել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» իր կայաացրած որոշումը, որով դադարեցվել է դատավորի լիազորությունները։

Պատճառաբանությունն այն է, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) ոչ թե Դ. Հարությունյանի լիազորությունները դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող նորմերն է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու մասին արձանագրել, այլ անդրադարձել է նրա լսված չլինելու և գործի քննության հրապարակայնությանը:

Ըստ ԲԴԽ-ի որոշման՝ այս անգամ Դավիթ Հարությունյանի համար ստեղծվել է դիրքորոշումների գրավոր ներկայացման հնարավորություն, որի շրջանակներում չեն ներկայացվել այնպիսի փաստարկներ, որոնք խորհրդին բավարար հիմք կտային նոր հանգամանքի առկայության հիմքով վերանայել որոշումը:

Հարկ է նշել, որ Դավիթ Հարությունյանը եզակի դատավորներից էր, որ բարձրաձայնում էր ԲԴԽ-ի գործունեության, որոշումների, դատական համակարգում իրականացվող գործընթացների մասին, ինչը ԲԴԽ-ն որակելով «դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ», դադարեցրեց նրա լիազորությունները:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023թ. ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին զեկուցագիր է ներկայացրել՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 4 հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ: Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

2023թ. մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

ԲԴԽ-ում գործի քննության ժամանակ Արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին: Որպես հիմնավորում նշված է հետևյալ պատճառաբանությունը. «Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատավորի՝ նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:

2023թ. հունիսի 19-ին հրավիրված դատական նիստին ԲԴԽ-ն որոշել է բավարարել ներկայացված միջնորդությունը և դատավորին կարգապահական պատասխանատվության հարցը քննել դռնփակ եղանակով: Նիստերը դռնփակ անցկացնելուն դեմ էր և՛ դատավոր Դավիթ Հարությունյանը, և՛ նրա ներկայացուցիչ փաստաբանները: Վերջիններս պարբերաբար բարձրաձայնում էին, որ ԲԴԽ-ն խախտումներով է քննում գործը:

Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031