Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է գալիս խուլիգանությունը

Հոկտեմբեր 19,2024 10:00

«Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում։ Չենք էլ գիտակցել երբեք։ Մենք պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Պետք է խոսենք այդ մասին՝ կարո՞ղ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք»: Եթե այդ խոսքերը թարգմանենք անգլերեն, ապա կարելի է ենթադրել, որ դրանց հեղինակը Իթոնի քոլեջի շրջանավարտ է եւ Լորդերի պալատի անդամ:

Բայց «խոսելու կուլտուրայի» ջատագովը մի քաղաքական գործիչ է, որի բառապաշարում կան արտահայտություններ «սաղին շինելու», «մեյդը փռելու», «շնաբարո դուրսպրծուկների» եւ «ասֆալտին փռելու» մասին: Պե՞տք է արդյոք զարմանալ, որ նրա ստորադասները (իսկ Հայաստանում բոլոր պետական պաշտոնյաները  եւ բոլոր իշխանական պատգամավորները միշտ առաջին դեմքի ստորադասներն են եղել) նույնատիպ վարք են դրսեւորում: Ուրիշ հարց, որ Փաշինյանը կարծում է, թե միայն ինքը կարող է իրեն խուլիգանի նման պահել, իսկ մնացածը պետք է իրենց զսպեն: Դա էլ բռնապետական հակումներ ունեցող բոլոր առաջնորդների առանձնահատկությունն է:

Բայց ես ամեն ինչի մեջ փորձում եմ օբյեկտիվ օրինաչափություն փնտրել: Պատկերացրեք, որ լուսահոգի Բաբկեն Արարքցյանն իր «ախրաննիկների» միջոցով բռնել տար իր հասցեին վիրավորական մեղադրանք վանկարկող քաղաքացուն եւ դրանից հետո թքեր նրա երեսին: Անհնարին է,  չէ՞, պատկերացնել։ Նույնը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի կամ Ռաֆայել Ղազարյանի դեպքում:

Ինչո՞ւ է դա անհնար: Իմ պատասխանը կարող է շատերին դուր չգալ: Կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ այդ մարդիկ ունեին (ունեն) հետագիծ՝ նախորդ՝ խորհրդային ժամանակաշրջանի մտավորականներ էին (են): Իհարկե, թե՛ խորհրդային շրջանի եւ թե՛ «մտավորական» բառի մասին կարելի է բազմաթիվ վատ բաներ ասել: Բայց ինձ թվում է, որ մենք 1991 թվականին ենք մոտեցել այդ՝ բազմիցս քննադատվող երեւույթների նաեւ «դրական պաշարով»:

Հիմա եկեք ընդունենք, որ Հայաստանում քիչ թե շատ արդար ընտրությունները տեղի են ունեցել 1990, 1991, 2018, 2021 թվականներին: Եթե այդպես է, ուրեմն ընտրված իշխանություններն արտացոլում էին հասարակության  ընդհանուր վիճակը: Այստեղից՝ բնական չե՞ք համարում, որ հիմնականում կիրթ մարդկանց զանգվածն ընտրում է կիրթ մարդկանց, իսկ խուլիգանական կորիզ ունեցող զանգվածն ընտրում է խուլիգաններին:

Առնվազն 20 տարի «ինԾիլիգենտ» բառը մեր հասարակական դիսկուրսում հայհոյանք էր: Պատրաստ եմ մտնել այդ հայհոյանքի տակ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    2018 թվականին տեղի ունեցավ “նման զնմանն գտանէ” կոչվող երևույթը, քանի որ 1991թ-ից հետո մեր կրթական համակարգի վրա դրսից ու ներսից “հոգատար” աշխատելու արդյունքում երկուսից-երեք տասնամյակում Հայաստանում ձևավորվեց մեծամասամբ անդեմ սերունդ, որոնց շատ հեշտ էր “կուտ” տալ նիկոլ ու նիկոլա մաններ ընտրելու և վերարտադրելու համար։
    Մնացյալը դրա հետևանքն է …

  2. Դավիթ says:

    1) Պատկերացնելը շատ բարդ է, բայց ոչ անհնար, հատկապես հիմա, երբ ԱԲ-ի միջոցով կարելի յուրաքանչյուր նկար կամ տեսանյութ ստեղծել։
    2) Կիրթ, թե՞ խելացի։ 2018-ին շատ կիրթ մարդիկ ձայն տվեցին Փաշինյանին։

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Հարցերը շատ են, մեծ մասը՝ հռետորական։
    – Ի՞նչ եղավ 91 թվի արդար ընտրություններից մինչև 95 թվի առաջին անարդար ընտրությունները։ Հասարակությու՞նը դարձավ անկիրթ, թե՞ այդ հասարակության վիճակը 4 տարի առաջ արտացոլող իշխանությունները։
    – Ինչպե՞ս էին “խորհրդային շրջանի մտավորականներ” Բաբկեն Արարքցյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ քաջ գիտակցելով, որ կեղծում են ընտրությունները, ամբողջ հանրապետության աչքի առաջ շնորհավորում միմյանց հաղթանակի կապակցությամբ։ Դա քաղաքացու երեսին թքել չէ՞ր։
    – Ինչպե՞ս էր “խորհրդային շրջանի մտավորական”, բազմավաստակ գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի շարժման քարոզչությունը հանձնարարարել այս հայհոյախոս խեղկատակին։
    -Խուլիգանություն չէ՞ր առաջին նախագահի բերանից տասնյակ հազարավոր մարդկանց առաջ արտաբերած “Ով մեզ հետ չԷ՝ տականք է” թևավոր խոսքը։
    -Արդյոք նաև սրանք չէ՞ին, երկրորդ ու երրորդ նախագահների կատարած այլանդակությունների կողքին, Ձեր նշած “խուլիգանական կորիզի” ձևավորման նախադրյալները։
    -Նշածս թևավոր խոսքը չէ՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի ներկայիս գործունեության հիմքում։
    Հարցերը շատ շատ են։ Սակայն գլխավոր հարցն ինձ համար սա է․ ինչպե՞ս եղավ, որ 35 տարվա ընթացքում հաղթանակած սերունդը վերածվեց դավաճան սերնդի։ Հենց այդպիսին մենք կներկայանանք պատմության դասագրքերում, ես, դուք՝ պարոն Աբրահամյան, Հայդուկ Շամլյանը, Հայ մարդն ու մյուս բոլորն էլ՝ ներառյալ։ Սերունդ, որ հանձնեց դարերով իր հախնիների պահպանած հողն ու մշակույթը, դավաճանեց իր հարյուր հազարավոր հայրենակիցներին։ Միայն թե մի մեծ մասը դա չի գիտակցում ու մինչև հիմա կարծում է, թե “վերջապես էս երկիրը դզվեց”։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Սարգիս, փաստերը նշված են ճիշտ: Էմոցիոնալ գնահատականները՝ ճաշակի հարց են:

      • Սարգիս Զեյթունյան says:

        Այո, ոչ մասնագետի գնահատականը կատարվածին միշտ էլ ճաշակի, կամ, ավելի ճիշտ՝ ընկալման հարց է։ Լավ կլիներ բարձրացված ու բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ ունենալ մասնագետների գնահատականը, կամ, ինչպես Պլատոնովի հերոսն է անում, “փնտրել սովետական ժամանակների նմանությունն անցյալում՝ որպեսզի հասկանա հեղափոխության հետագա տանջալի ճակատագիրն ու իր ընտանիքը փրկելու ելք գտնի” (բնօրինակում՝ “Он искал советскому времени подобия в прошлом, чтобы узнать дальнейшую мучительную судьбу революции и найти исход для спасения своей семьи.”)։ Ցավոք սրտի, մեր բևեռացրած հասարակությունում մարդիկ ընկալում են այդ գնահատականներն այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այսինքն նույնիսկ մասնագիտական ամենալավ վերլուծությունը կամ գնահատականն օբյեկտիվորեն չի ընկալվում։
        Եթե վերադառնանք վերնագրում Ձեր բարձրացրած հարցին, ապա, համենայնդեպս ինձ համար, ակնհայտ է, որ խուլիգանությունը գալիս է իշխանության այլասերումից։ Այդ պրոցեսը մեզ մոտ սկսվել է 1990-ականների կեսերից, անդադար ընթացել ու ավարտվել 2018-ի “հեղափոխությամբ”։ 2018-ից այս կողմ արդեն ունենք տասնամյակների այլասերման դպրոցն անցած մի իշխանություն, որի առաջնորդն ինքնին այլասերված է որպես մարդ։

  4. Ա). Ո՞րտեղից: Անպատժելիությունից:
    Բ). Կա մանր ու ‘խոշոր’ (չգիտեմ ճիշտ բառը) խուլիգանություն: Երկուսն էլ ‘վարակիչ են’ և այո, վարակը տարածվում է վերևից: Հիշո՞ւմ եք Հիտլերի կանգնելու ձևը ընդօրինակված նացիստենրի կողմից, և այլ նման բաներ որ տեղի էին ունենում սովետներում և հիմա տոտալիտարիզմի բաստիոններում: Վերջիններից մեկը դարձել է Հայաստանը: Սրա անուղղակի ապացույցն է նիկոլի խուլիգանական վարքագիծը ու խոսույթը (հիշո՞ւմ էք Սյունիքում իրեն տուն հրավիրել չցանկացող կնոջը պարտադրելը որ տուն թողնի մտնի, …)
    Գ). Խոշոր խուլիգանության անպատիժ անցնելը բախտորոշ հարված է Հայաստանի համար: Թարմ օրինակ, Մ. Գրիգորյանի իր իրավասությունը վերազանցելու փաստը Տավուշի սահմանների որոշման հարցում: Մի՞թե դա նաև խուլիգանություն չէ: Մի՞թե նա copy-paste չի անում նիկոլի խուլիգանությունը:
    Դ). Մի՞թե հանծանքի թափ ունեցող խուլիգանություն չէ ‘պրիմիտիվ մանիպուլացիաներով Ազգային ժողովում մարդկանց մոլորության մեջ դնել’ (Ա. Չալաբյան), որպես պատասխանությունից խուսափելու մեխանիզմ:
    Կոզմա Պրուկովը ասում էր. ‘Նայիր արմատին:’

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031