Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 16-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն «իրենց տները վերադառնալու հնարավորություն ունեցել են և ունեն»։
«Մենք բազմիցս ընդգծել ենք Բաքվի՝ հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն ուղղված կառուցողական քայլերը։ ․․․ Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է, վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն կա»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Այնուհետև, Զախարովան շրջանացել, անպատասխան է թողել լրագրողի այն դիտարկումը, թե «վստահ չէ՝ նման հնարավորություն կա, քանի որ բռնի տեղահանված հայերն իրենց անվտանգությունը Ադրբեջանին չեն վստահում»․ փոխարենը ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործողություններին։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է ներկա պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն անհնարին դարձնող մի շարք կարևոր հանգամանքներ ու իրադարձություններ, որոնք խեղաթյուրում կամ շրջանցում է Զախարովան՝ վերադարձի հնարավորության առկայության մասին մանիպուլյատիվ պնդումներ անելով։
Կարդացեք նաև
Լռել էթնիկ զտման մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայերի՝ Լեռնայի Ղարաբաղ վերադարձի հնարավորության մասին վստահ պնդումներ անելիս խնամքով շրջանցում է նրանց բռնի տեղահանման փաստը։ Ավելին՝ 2024 թվականի հունվարի 12-ի ճեպազրույցում Զախարովան պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստեր չկան»։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտման մասին պնդումներին, ցանկալի կլիներ փաստեր տեսնել։ Եթե կա գոնե որևէ միջազգային կառույցի ինչ-որ փաստաթուղթ, որը Երևանում համարում են հեղինակավոր, օրինակ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության․․․ եթե կա գոնե մեկ փաստաթուղթ կամ ինչ-որ հայտարարություն, որը կվկայեր նրա մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք մեզ տրամադրեք դրանց հղումները»,- ամիսներ առաջ նշել էր նա։
Փաստացի, Զախարովան չի խոսում հայերի՝ իրենց տները լքելու հիմնական պատճառի մասին, բայց մանիպուլյատիվ պնդում է անում նրանց վերադարձի հնարավորության վերաբերյալ։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»