Սերունդների պատմության մեջ 90-ականների երիտասարդության սերունդը կմնա որպես վերածննդի, զարթոնքի, հայրենասիրական ոգու քուրան բոցավառողի տերն ու տիրակալը, այն սերունդը, որը սովետական դպրոցի ու կրթահամակարգի բոլոր գումարում-հանումներով իր մեջ դաստիարակել էր ոգեղեն բարձր հատկանիշներ, հայրենասիրության ու հայրենատեր լինելու գիտակցություն: Նա, խիստ տարբեր կարգերում ապրած հայը՝ սփյուռքի՝ կապիտալիզմի հասարակության մեջ ապրած մեծացածն ու հայրենիքի խորհրդային հարմարեցված բարքերի զավակը, սակայն, դիմացավ ցրտին, սովին, ցավին, որսորդական հրացանով ելավ մարտի՝ դարձյալ մեկը տասի դեմ ու հաղթեց, ազատագրեց, վերադարձրեց իր ինքնության մի խլված ու ամեն օր կուլ գնացող մաս՝ Արցախը… Շահեն Սահակյան, պատանեկության տարիներից ի վեր հայրենիքի պաշտպանությանը նվիրված աննահանջ զինվորը՝ ում գաղափարական հաղթանակը շեշտում ու փաստում է իր տեսակը, կենսակերպն ու կյանքի ընտրած ու երդվյալ ճանապարհ դարձրած ուղին՝ դիտակետում ամուր պահել հայրենիքի սահմանը։
– Շահեն Սահակյան, 90-ականների երիտասարդ պատանին ինչպե՞ս հայտնվեց Արցախյան պատերազմի բովում, մի կյանքի պատմություն, որն այնքան լուռ եք ապրել ու շարունակում եք մինչ հիմա, մնալով սահմանին որպես աննահանջ զինվոր, հայրենիքի պաշտպան, ում կերպարն այսօր լռության է մատնված… բայց մենք քնում եւ արթնանում ենք փաստացի այդ կյանքերի, ձեր եւ ձեր նման մարդկանց կյանքերի հաշվին:
-1993 թ. հունվարին, 17 տարեկան պատանի, տանից փախել եմ, հայտնվել Արցախում։ Ասկերանի գնդի կազմում մասնակցել եմ Մարտակերտի համար մղվող մարտերին, հունիսից Ակնայի շրջանի գյուղերի ու քաղաքների ազատագրության օպերացիային, հուլիսի 26-ին տանկի արկի պայթյունից վիրավորվել եմ Կենգերլի գյուղում, օգոստոսի 6-ին տեղափոխվել եմ Երեւան։ Հոսպիտալում բուժվելուց հետո, 18 տարեկանս լրանալուց հետո մեկնել եմ ժամկետային ծառայության։ 2016-ին Էրեբունու Երկրապահի ջոկատով 2 ամիս մասնակցել եմ պատերազմական գործողություններին։ Քառօրյա պատերազմին մասնակցել եմ Ջաբրայիլի պաշտպանությանը։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ «Քաջարի» ջոկատի կազմում մասնակցել եմ Հադրութի եւ Կարմիր Շուկայի պաշտպանությանը։ 2020 թվականից հետո մասնակցել եմ 2-3-ամսյա վարժական հավաքների, այնուհետ բազմաթիվ ծառայություններ հարավային ու հարավ-արեւելյան սահմանագծում, 2023 թվականի օգոստոսի 14-ին ստացա երկրորդ ականապայթյունային վիրավորումս, 2 ամիս հոսպիտալում բուժվելուց հետո նորից կամավոր ծառայում եմ։
– Զինվորի համար առաջին տեղում է հայրենիքը, այն չունի փոխարինելի արժեք, դասակարգային կարգով միշտ առաջին տեղում է, հետո գալիս է ընտանիքը եւ այլն, այդպե՞ս է:
Կարդացեք նաև
– Եթե հայրենիք չունես, մնացյալը մշուշոտ է դառնում, ամեն ինչ բխում է մեծագույն գաղափարից, այն պետք է մեր մեջ ունենանք, որպեսզի մնացյալն էլ իմաստ ու բովանդակություն ունենա։ 2020 թվականից հետո որոշել եմ կանգնել բանակի կողքին, որ բանակը վերականգնվի։
– Ի՞նչ տվեց քեզ Արցախյան ազատագրական պատերազմն ու հաղթանակը 30 երկար տարիներ, բացի երրորդ կարգի հաշմանդամությունից ու համազգեստից, որը մինչ օրս կրում ես, որպես աննահանջ զինվորական:
– Հպարտություն, պատիվ, վստահություն։
– 44-օրյա պատերազմի մասին լուրը տեղեկացանք քո գրառումից, երբ «Բիզնես համար մեկ» նախագծի շրջանակներում նկարահանումներ էին ընթանում, որտեղ նախագահի հովանու ներքո զինհաշմանդամները պիտի «ռեալիթի շոուի» մեջ նկարահանվեին եւ դա հեռարձակվեր Հանրային հեռուստատեսությամբ, մրցանակների պիտի արժանանային լավագույն բիզնես նախագծերը եւ …Մինչ ուշ գիշեր նկարահանումներ, համարյա պատրաստի ֆիլմեր զինհաշմանդամ զինվորների կյանքի ու անձերի, ընտանիքների մասին եւ՞: Այդ ամենը ընդհատվեց, չունեցավ շարունակություն, դե, պատերազմ էր: Ընդհանուր նամակագրության մեջ կարդացինք քո գրառումը. «Ես գնացի պատերազմ»:
Ի՞նչ էր կատարվում քեզ հետ այդ պահին, ազնվամորու բիզնեսի իր նախագիծը մշակող Շահենը, որ պատրաստվում էր իր զավակների հետ հող մշակել, զբաղվել ազնվամորու մշակմամբ ու արտադրանքով՝ նորից կոմուֆլյաժ հագավ:
– Կան անանց արժեքներ. Հայրենիքը մեծագույն արժեք է, նախագահներն անցողիկ են: Բիզնես միշտ կհասցնենք անել, հայրենիք պաշտպանել կարող է չհասցնենք։
– Ինչո՞ւ տանուլ տվեցինք պատերազմը, երբ բոլորս հավատացած էինք, որ հաղթելու ենք, չհաշված եթերով անընդհատ հնչող այդ արտահայտությունը, իսկապես թիկունքում բոլորս էինք համոզված, որ այլ տարբերակ չէր լինելու, որտե՞ղ սխալվեցինք:
– Դավաճանները շատ էին… մի քանի երկրի դեմ պատերազմում էինք, հայրենիքին տալով ամեն ինչ:
– Պատմությունից դասեր չքաղելու մեր էգոիզմի հասնող անգրագիտությունն այսօր էլ անում է իր ավերածությունները, ինչպե՞ս դիմագրավել այդ ամենին:
– Պետք է վերանայել արժեհամակարգերը, հայրենիքի գաղափարը պիտի ավելի տեսանելի ու շոշափելի առաջնային դերում ու տեղում լինի: Ճիշտ ու մտածված քաղաքականություն, տնտեսության զարգացում, դաշնակցային շրջահայաց հարաբերություններ եւ կհաղթահարենք այն, ինչը պարտություն դարձավ, աշխարհն առաջ է շարժվում, բայց ոչ մի կայացած պետություն իր ազգային հայրենասիրական գաղափարից չի ընկրկում, հետ քայլ չի անում թեկուզ եւ փաթեթավորում են այն մեկ այլ շղարշով, այլ անունների տակ ներկայացնում կամ ուղղակի գործում են այդ գաղափարից ելնելով, ոչ մի բառ դրա մասին չխոսելով անգամ, իրենց շահը մնում է իրենց շահը, հանուն որի աշխարհը դեռ պատերազմի բոցերի մեջ է ու վերջը այդպես էլ չի երեւում: Հայրենասիրությունը պիտի արյան հետ մտնի մարդու մեջ, իմը գեներով է գալիս: Պապս եղել է Զորավար Անդրանիկի թիկունքի մատակարարը։ Հայրս 1941-45 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ես տասնվեց տարեկանս լրանալուց հետո մասնակցել եմ հայրենիքի պաշտպանության մարտերին։ Երրորդ խմբի զինհաշմանդամ եմ։ Առաջին վիրավորումս ստացել եմ Ակնայի ազատագրման ժամանակ։ Երկրորդ վիրավորումս ստացել եմ հետախուզության ընթացքում, ականի պայթյունից։
– Հատկապես ո՞ր պատմությունն է տպավորվել Զորավար Անդրանիկի մասին։
– Հայրս էր պատմում մեզ պապիս պատմածները, հատկապես տպավորված էի այն պատմությունից, որ Զորավարի մարմնին խաչի տեսքով նշան կար, որը նրան պաշտպանում էր գնդակներից: Ասում էր, երբ մարտից հետո հանում էին Անդրանիկի զինվորական վերնազգեստը՝ շինելը, թափ էին տալիս ու գնդակներ էին թափվում, փամփուշտները չէին կարողանում խոցել նրան, քանի որ Աստծո պաշտպանությունն ուներ մեր փառահեղ Զորավարը։
– Վետերանների ներկայությունը ժամկետային ծառայություն անցնող զինվորների կողքին բանակային կյանքն ավելի որակյալ ու կարգավորված չի՞ կարող դարձնել:
– Միանշանակ դրական մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Մեզ վերաբերվում են հոր պես, ավելի կարգապահ են դառնում։ Փորձ են ձեռք բերում մեր ամեն սովորեցրածից, ավելի որակյալ է հարաբերությունը դառնում միմյանց հետ, մեկը մյուսի թիկունքն է, ամեն պահ պիտի այդպես լինի, որպեսզի մարտի մեջ էլ լինեն այդպիսին։ Գաղափարական մարտիկ լինելը չափազանց կարեւորում եմ, դա ինձ համար արյան բաղադրիչ է, ես կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու չկա ավելի բարձր ու մեծ արժեք, քան հայրենիքս, մնացածը բխում է այդ գաղափարից, ինչը ես կյանքովս ու գործովս եմ ապացուցում։
– Ինչպե՞ս պահել ոգին, ինչպե՞ս մնալ աննահանջ, քեզ նման զինվորականն ու հայ մարդը հաստատ ունի դրա բանաձեւն ու գաղտնիքը, ի՞նչ անել:
– Հայրենիքը պաշտպանում են ազգի տասը տոկոս նվիրյալները, մնացածը կենաց խմողներ են։ Կհաղթենք այն ժամանակ, երբ որ աշխարհաքաղաքական շահերը մեր շահի հետ համընկնեն, բանաձեւը դա է։
Հարցազրույցը՝
Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
արվեստաբան
«Առավոտ» օրաթերթ
18.10.2024