Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն էլ հասկացավ՝ սխալ բան է արվել. թույլ է տվել, որպեսզի Ադրբեջանը ցեղասպանական գործողություն իրականացնի»

Հոկտեմբեր 19,2024 13:00

Վահրամ Բալայանը՝ Արցախի պետական ինստիտուտների աշխատանքի շարունակության, արցախցիների վերադարձի հնարավորության եւ ընթացիկ քաղաքական հարցերի մասին

2025 թվականի մայիսի 21-ին ավարտվում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Արցախի կորստից հետո, ըստ էության, ԱՀ ԱԺ-ն միակ պետական կառույցն է, որը գործել է։ Լիազորությունների ավարտով՝ այն դադարելու է գործել: Սպառվում է նաեւ նախագահի լիազորությունների ժամկետը: Արցախի իշխանություններն այժմ քննարկում են հնարավոր տարբերակները՝ ԱՀ ԱԺ լիազորությունները շարունակելու, ինչպես նաեւ նախագահի եւ կառավարության գործունեությունն ինչ-որ կերպ վերականգնելու համար։ ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն առաջարկել է, որ ստեղծվի Կոմիտե, որը կփոխարինի պետական ինստիտուտներին:

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը տեղյակ չէ, թե որտե՞ղ եւ ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում՝ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու հարցով։

«Ինձ համար նորություն է, որ քննարկումներ են լինում։ Ես չեմ մասնակցել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Բալայանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ քննարկումները տեղի են ունենում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցում են ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարարը, ԱԺ նախագահը եւ Սամվել Բաբայանը։

Իսկ Սամվել Բաբայանի՝ Կոմիտե ստեղծելու մասին առաջարկին, Վահրամ Բալայանը տեղյակ է, մոտեցումն էլ սա է. «Չգիտեմ, Կոմիտեն պիտի իշխանությանը փոխարինի՞։ Ժողովրդի կողմից մանդատ ստացած իշխանություն է, Կոմիտեն ինչպե՞ս պետք է փոխարինի նրան. հարցի սահմանադրականությունը, իրավականությունը չեմ պատկերացնում։ Ես պատկերացնում եմ այսպես. մայիսին լրանում է ընտրությունների ժամկետը եւ պետք է փորձ արվի ընտրություններ անցկացնելու, ժողովրդի կողմից մարմին ձեւավորվի, որն իրավասություններ ունենա՝ եւ դրսի հետ խոսելու, եւ ներսում»։

Հարցին՝ ՀՀ իշխանությունն այդ հնարավորությունը կընձեռի՞. հավանական է, որ կխոչընդոտի, քանի որ իրենք ասում են՝ Արցախի էջը փակված է, հարցը լուծված է, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Իհարկե, այդ խնդիրը կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անգործության մատնվել։ Պետք է պայքարը շարունակել։ Չեմ կարծում, որ պայքարը կարճաժամկետ է լինելու. այս պայքարը երկարաժամկետ է, երկարաժամկետ մի ընթացք է լինելու, որ անընդհատ պետք է աշխատել, որպեսզի ինչ-որ արդյունք ապահովել։ Ես այդպես եմ պատկերացնում»։

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար եւ կա. օրերս հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը, նրանք տուն վերադառնալու հնարավորություն ունեն. «Ինչին մենք իրոք ապրումակցում ենք՝ իրենց տները լքած մարդկանց ճակատագիրն է: Որոնց կյանքը դասավորվել էր, ձեւավորվել, իսկ ոմանց մոտ՝ սկսվել էր այնտեղ: Մարդիկ այնտեղ հուղարկավորված մտերիմներ, հարազատներ ունեն, ընտանիքների ամբողջ կյանքը, ընտանիքների պատմությունն է այդ վայրի հետ կապված: Դա վիթխարի ողբերգություն է, որում, դուք էլ հասկանում եք, շատ տեսանկյուններ եւ նրբերանգներ կան։ Մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել եւ ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն: Ես ազնվորեն կասեմ ձեզ՝ այդ հարցը բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ։ Ցանկանում եմ մեկ անգամ եւս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է… Վերադարձի հնարավորություն եղել է եւ կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից»: Տիկին Զախարովայի այս հայտարարությունն իրավացիորեն դժգոհություններ առաջացրեց հայաստանյան քաղաքական դաշտում՝ հիշեցնելով, թե ինչպես ՌԴ-ի հովանու ներքո եւ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ-օգնությամբ Արցախը հայաթափվեց։

Վահրամ Բալայանը համաձայն է ՌԴ-ից դժգոհությունների հետ, բայց նաեւ նկատում է. «Խնդիրն այն է, որ, ըստ իս, ՌԴ-ն էլ հասկացավ՝ սխալ բան է արվել. այսինքն, թույլ է տվել, որպեսզի Ադրբեջանը ցեղասպանական գործողություն իրականացնի։ Ըստ էության, Ղարաբաղը դարեր շարունակ մշտապես եղել է ՌԴ դաշնակիցը, հենց Ղարաբաղի միջոցով ՌԴ-ն մտավ Անդրկովկաս։ Այսինքն, այս հարցերը կան. չգիտեմ՝ Կրեմլում կամ ՌԴ ԱԳՆ-ում ի՞նչ ու ինչպե՞ս են հաշվարկել, բայց, կարծում եմ, որ իրենք էլ հասկացան՝ այդ ամենն իրենց շահերից չի բխում, այդ գործոնն իրենց ձեռքից տվեցին։ Սա է խնդիրը»։

ՀՀ ներկայիս իրավիճակի նկարագրություններում, շատերը համեմատում են այն իրավիճակի հետ, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Հետաքրքրվեցինք՝ ՀՀ-Ադրբեջան սահմանագծում-սահմանազատման, ճանապարհների ապաշրջափակման համատեքստում, ինչը շատերի բնութագրմամբ հենց, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին» է վերաբերվում, ի՞նչ իրավիճակ է տեսնում մեր զրուցակիցը։

«Իրապես վտանգավոր է, որովհետեւ, ըստ էության, աշխարհի նոր վերաձեւվում է կատարվում եւ ինչ-որ մի տեղ ՌԴ-ի ու Արեւմուտքի շահերն էլ համապատասխանում են որոշ հարցերում։ Խոսքը ՌԴ-ի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությանն է վերաբերում. այսինքն, նման եւ այլ բազում հարցեր կան, ինչը ՀՀ-ի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Պետք է խոհեմ քաղաքականություն վարել, նախեւառաջ պաշտպանությունը կարողանալ կազմակերպել։ Նաեւ՝ երկրի ներքին կյանքը ճիշտ կազմակերպել, որպեսզի մարտահրավերներին հնարավոր լինի դիմակայել։ Այդ խնդիրը մենք ունենք, այո, այդ վտանգը կա»։

Իսկ դիտարկմանը՝ Հայաստանում ներքին կյանքի կազմակերպումն իրականացվում է տարատեսակ փառատոներով, հեծանիվ քշելով եւ այլն, Վահրամ Բալայանն արձագանքեց. «Այո, նաեւ՝ հասարակության բաժանված լինելը, միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքը եւ այլն. այս խնդիրները կան եւ հնարավոր չէ առանց դրանց լուծումներ տալու առաջ շարժվել, երկրի անվտանգություն ապահովել։ Սա ակնհայտ փաստ է»։

COP 29-ից հետո ադրբեջանական հարձակման հնարավորություններին վերաբերող հարցին էլ, ինչի մասին իշխանությունը, մասնավորաբար, ՀՀ ԱԳ նախարարն է անընդհատ խոսում, Վահրամ Բալայանն ասաց. «Ադրբեջանը, ինչպես ասում են, արդեն մի հաջողության հասել է եւ փորձում է զարգացնել։ Իրենց նպատակը հայկական պետականության վերացումն է։ Իհարկե, այդ վտանգը մշտապես կա եւ հարմար առիթի պարագայում անպայման իրենք կգնան էսկալացիայի՝ անկախ նրանից, իրենց լավ, բարի խոսքեր ես ասում, լավ վերաբերմունքի ես արժանացնում։ Նրանք ունեն իրենց ծրագիրը, որը փորձում են իրականացնել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031