Ի՞նչ քաղաքակիրթ բանավեճի մասին կարելի է խոսել, երբ Փաշինյանի՝ իշխանության զավթումն ու պաշտոնավարումն աչքի են ընկել ատելության սուր դրսևորումներով։ Իրենք ինչպես ատելությամբ ու դագաղներով եկան իշխանության, այդպես էլ շարունակում են պաշտոնավարել։ Առաջին հերթին քաղաքական դաշտը բաժանեցին նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ մարդկանց հանելով մեկը մյուսի դեմ։ Այս համատեքստում թշնամանքի թիրախ են դարձել նաև արցախցիները: Արցախի ու արցախցիների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու մյուս «նիկոլների» ատելությունը նորություն չէ, իսկ հիմա այդ ամենն ավելի ընդգծված է արտահայտվում: Դե, այս առումով ընդդիմությունը «մշտական» ունի. քպականներն ամենօրյա ռեժիմով ատելության թիրախ են դարձնում հատկապես խորհրդարանական ընդդիմությանը, իսկ իրավապահներն էլ, իրենց իրական բանուգործը թողած, մտածում են, թե ինչպես գործ կարեն նրանց գլխին։ Ավելին, երբ իրենց ավերումների, կործանարար իշխանավարման հետ կապված հարցեր են առաջանում, ի՞նչ են անում իշխանությունները:
Ճիշտ է, յուրաքանչյուր հարց իսկույն տանում են նախկինների դաշտ։ Տարիներ շարունակ արդեն անգիր ենք արել, որ նախկիներն են ամեն բացասականի պատասխանատուն, նախկին ղեկավարներն են մեղավոր մեզ պատուհասած բոլոր ողբերգությունների համար, նրանք էին համաձայնել Արցախը հանձնել, նրանք թալանել են երկիրը, դրա համար ենք այսպիսի վիճակում և այդպես շարունակ։ Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «պարզվում է՝ խոսել չգիտենք, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի»։ Ինչպես ասում են՝ իյա, իրո՞ք: Իսկ ինքը երբևէ հայելու մեջ տեսե՞լ է իրեն, թե՞ մոռացել է՝ ինչ հիստերիայի մեջ է անընդհատ ընկնում հատկապես խորհրդարանում, երբ ընդդիմադիրները սուր որակումներ և հարցեր են տալիս, թե՞ մոռացել է՝ ինչպիսի ատելության, թշնամանքի քարոզ է տարել տարիներ շարունակ, թե… Շարքը երկար կարելի է շարունակել, բայց անիմաստ է: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք. չէին կարող երկարատև ժամանակահատվածում փաշինյանական ու «սորոսական» մաղձի, ատելության ու թշնամանքի գեներացման արդյունքներն այսպիսին չլինեին…
ՀԳ.-Մինչ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում էր խոսելու մշակույթ ձևավորելու մասին, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում քաշքշելով, վայրենաբար տանում էին Ռուբեն Հակոբյանին, ինչ է թե նա կոշտ արտահայտություններ էր արել իշխանությունների հասցեին։ Այ, սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունն» ու «խոսելու մշակույթը»:
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում