ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր մարզային այցելությունների շրջանակում եղավ նաև Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր մանկապարտեզ։ Այն նախատեսված է 50 երեխայի համար, այս բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել։ Ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։
Կառնուտում տարեց մի կին առանձնակի ջերմությամբ դիմավորեց վարչապետին՝ նրան «հրաշք» անվանելով։
«Ապրես, Փաշինյան ջան, հրաշք, հրաշք, միշտ պտի ըդպես լավ քեզի դիմավորենք»,-ասաց կինը՝ փարվելով նրան։
Կարդացեք նաև
Վարչապետը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ու Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի հետ շրջեց մանկապարտեզի շենքում ու համայնքապետից հետաքրքրվեց, թե մանկապարտեզի կառուցումից ու շահագործումից հետո համայնքը կարողանալո՞ւ է առանց կառավարության օգնության աշխատեցնելու։
«Այո, պարոն վարչապետ, միայն թե վարձերը մեզ մոտ ցածր են, սնունդի ծախսն ենք փակում: Աշխատավարձը մնում է համայնքի վրա, բայց հասցնում ենք»,-ասաց Զավեն Մանուկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ