Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների շրջանակում այսօր եղավ նաև Արթիկ խոշորացված համայնքի Հոռոմ գյուղում։ Նա եկել էր կառավարութան, համայնքի եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի շենքը տեսնելու։
Եվ մինչ Փաշինյանը ձեռքով բարևում էր գյուղացիներին ու ասում՝ «Շնորհավոր մանկապարտեզը», մի երիտասարդ կին լացակումած ձայնով բացականչեց․ «Նիկոլ Փաշինյան, ես հեղափոխություն եմ արել, վայ, մի րոպե, մի հատ տենամ իրան», եկավ ու փաթաթվեց վարչապետին։
Տարեց մի կին էլ հավելեց․ «Մենք շատ ենք սիրում իրան»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզի նոր շենքում, գյուղացիների հետ հանդիպմանն էլ ասաց, որ կառուցում են 300 դպրոց, 500 մանկապարտեզ։
«Էս վերջերս ասում ենք՝ 300 դպրոցը որ կառուցվի, պրծնի, ի՞նչ է լինելու, լինելու է հետևյալը՝ կառուցվելու է հաջորդ 300 դպրոցը։ Իհարկե, կառուցվելու է»,- ասաց վարչապետը։ Բնակիչները հետաքրքվեցին՝ «Հույս ունենա՞նք, որ մեր դպրոցը կկառուցվի», ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ոչ թե հույս ունեցեք, այլ համոզված եղեք»։
Բազմազավակ մայրերից մեկն էլ բողոքեց «Փարոս» համակարգից դուրս մնալուց։ «Պարոն Փաշինյան, ասում եք՝ երեխաներ ունեցեք, ժառանգներ ունեցեք, բա որ մարդիկ ունենում են 4 հատ երեխա, գնում են «Փարոս»՝ օգնության, ինչի՞ համար են ասում՝ «քեզ «Փարոսը» չի հասնում, ինչի՞ համար ես եկել, դիմել»: Շիրակի մարզի Շիրակավան գյուղից է դիմումը»,-ասաց կինը:
Վարչապետը պատասխանեց․ «4 երեխա ունենալը ինքնին չի նշանակում, որ «Փարոս» պետք է ունենա։ Մենք «Փարոս» համակարգը փոխում ենք հիմա այնպես, որ ոտքը, ձեռքը տեղը մարդը ինչի՞ պիտի «Փարոս» ստանա, պետք է մարդը աշխատի, իր ընտանիքը պահի»։ «Աշխատանքի տեղ չկա»,-հակադարձեց կինը, ինչի հետ վարչապետը չհամաձայնեց՝ պնդելով, որ աշխատանքի տեղեր կան։ «էդ մի վախտ էր, որ ասում էին՝ գործ չկա: Էդ ո՞նց է՝ հազարավոր կիլոմետրերով ճանապարհ են կտրում, գալիս Հայաստանում աշխատում են, նրանց համար աշխատանքի տեղ կա, Հայաստանում ապրողի համար չկա՞, «Փարոս» է պետք իրան»,-ասաց վարչապետը։
Խոսակցությանը խառնվեց Հոռոմի մեկ այլ բնակիչ՝ ասելով․ «Կանչում, բերում եք, դրա համար էլ մեզ աշխատանքի տեղ չի մնում»։ «Ինչի՞ ենք կանչում բերում, ես չեմ գործատուն, բայց գիտեմ՝ հիմնարկները խնդրում-աղաչում են, աշխատող չկա»,- ասաց վարչապետը։ Տղամարդը շարունակեց՝ «Մենք էլ աշխատող չենք, ես Ռուսաստանում ավելի շատ եմ առնում, քան էստեղ»։ «Բա որ Ռուսաստանում ավելի շատ ես առնում, ինչի՞ ես էստեղ»,- հարցրեց վարչապետը։ « Նոր եմ եկել»-, պատասխանեց բնակիչը։
Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց մանկապարտեզի շենքը՝ հարցնելով՝ աշխատե՞լ են շինարարության վրա։ Բնակիչն ասաց, որ չի աշխատել էժան վարձատրության պատճառով։ Բնակչի ու վարչապետի միջև թեթևակի լեզվակռիվ սկսեց, վարչապետը հայտարարեց՝ «Եթե մարդ ուզենա աշխատել, աշխատանք կգտնի» ու ձեռքսեղմումով բաժանվեց գյուղացուց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ