Օրերս ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ 2024 թվականի հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26 է, որից 5-ը ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր են:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը ներկայացրեց պաշտոնական վիճակագրությունից տարբերվող այլ թվեր. «Վիճակագրությունն իրականում լրիվ այլ թվերի մասին է խոսում: ՊՆ-ն ոչ միշտ է հրապարակում զինված ուժերում մահացության դեպքերի թվերը: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մեր ուսումնասիրությունների համաձայն` 2024 թվականին զինված ուժերում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք: Եվ դրանից միայն 4-ն է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Այսինքն, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվը շատ մեծ է, եթե համեմատենք նախորդ տարիների հետ: Անցած տարվա ամբողջ կտրվածքով արձանագրվել էր 64 դեպք ոչ մարտական պայմաններում եւ 19 դեպք՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով»:
«Կարող ենք ասել, որ 2024 թվականին 35 դեպքը ոչ մարտական պայմաններում բավականին մեծ է եւ կազմում է դեպքերի 90%-ը, որը, ինչպես նախորդ տարիներին, շատ բարձր ու մտահոգիչ ցուցանիշ է: Եթե համեմատում ենք վերջին 12-13 տարիների կտրվածքով դինամիկան, արձանագրում ենք, որ ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը միջինում կազմում են 80 եւ ավելի տոկոս, ինչը շատ-շատ մեծ խնդիր է»,-ասաց Նազելի Մովսեսյանը:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը նշեց, որ իրենց կազմակերպության ունեցած մահացության թվերը եւ Նազելի Մովսեսյանի հրապարակածը նույնական են: «Ամենաբարդ խնդիրը կատեգորիաներն են, որոնց բաժանումը շատ սուբյեկտիվ է: Եթե այս խնդրին նայում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, եթե անգամ զինծառայողը մահացել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, այստեղ կա պետության պարտավորությունը, որովհետեւ պետությունը պարտավոր էր ապահովել այնպիսի ինժեներային կառույց, որպեսզի զինծառայողի կյանքի իրավունքի ոտնահարումը մինիմումի հասցներ, արդյո՞ք պետությունը այս խնդիրը լուծել էր, թե չէր լուծել: Կամ եթե զինծառայողը մահանում է դժբախտ պատահարի հետեւանքով, այս դեպքում էլ ենք մենք խնդիրը դիտարկում պետության պարտավորության մեղքով, որովհետեւ պետությունն էր ապահովելու զինվորական տեխնիկայի սարքին լինելը եւ նորմալ շահագործումը: Այս տեսանկյունից, իրոք, շատ դժվար է դասակարգումն իրականացնելը, որովհետեւ անգամ, եթե ինչ-որ սպա իր տանը ինքնասպանություն է գործել, այդ ինքնասպանության պատճառը կարող է մեծապես կապված լինել իր զինվորական ծառայության հետ:
Կարդացեք նաև
Այո, շատ դեպքերում թվերը չեն հրապարակվում: Դրա մասին շատ երկար ժամանակ խոսում ենք, բայց պատկերը չի փոխվել: ՊՆ-ն ավանդաբար հրապարակում էր հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը, ցավակցություն էր հայտնում, բայց այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, ցույց են տալիս համակարգում գոյություն ունեցող խնդիրները, սովորաբար, ՊՆ-ն չէր հրապարակում»,-ասաց Էդգար Խաչատրյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ արդարադատության նախարարի թեկնածու է, բանակում մահվան դեպքերի եւ այդ համատեքստում պետության պարտավորությունների մասին խոսելով մատնանշել էր, որ քաղաքացիական կյանքում էլ ունենում ենք շատ ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ ու զարմանք հայտնել, թե ինչու այդ մասին չի խոսվում:
Նրան հակադարձեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը: «Նախ անդրադառնամ արդարադատության նախարարի պաշտոնին հավակնող այդ անձի եւ, ցավոք սրտի, պաշտպանության ոլորտի հանձնաժողովի պատասխանատու անդամի հայտարարությանը: Դա բացարձակ անընդունելի է, որովհետեւ պետության հովանու ներքո գործող կառույցի ներսում կատարվող ցանկացած հանցագործություն, ցանկացած իրավունքի խախտում բոլորովին համեմատելի չէ քաղաքացիական կյանքում տեղի ունեցող հարաբերությունների հետ: Պետության անմիջական վերահսկողության ներքո գտնվող կառույցներից են բանակը, ՔԿ համակարգը, փակ եւ կիսափակ հաստատությունները, հատուկ խնամքի հաստատությունները: Այսինքն, այնտեղ, որտեղ պետությունը 24 ժամ վերահսկում է մարդուն՝ ինչպիսի հարաբերությունների մեջ են նրանք միմյանց միջեւ, ինչպիսի հիերարխիկ կառուցվածքում են նրանք գործում, ինչպես պետք է պաշտպանվեն նրանց իրավունքները: Ի վերջո, եթե քաղաքացիական կյանքում մարդն ունի առողջական խնդիր, ինքն անմիջապես կարող է վազել եւ դիմել բժշկի: Արդյո՞ք բանակում անձը կարող է հանգիստ դուրս գալ զորամասից, ասել՝ վատ եմ զգում եւ գնալ ցանկացած քաղաքացիական հիվանդանոց դիմել: Ո՛Չ: Դա պետության պարտավորությունն է: Նույնը՝ կյանքի իրավունքի խնդիրը՝ առավել բարձր, որպես մարդու իրավունքի պաշտպանության հիերարխիայում իրավունք: 15 օրվա ընթացքում մենք ունենք երեք մահ, որոնցից մեկը առնվազն որակվել է որպես սպանություն, երկուսը որակվում են դեռեւս որպես ինքնասպանություն: Չնայած ինքնասպանությունների դեպքերով մենք մեր պրակտիկայում ունեցել ենք այնպիսի դեպքեր, երբ բազմաթիվ հրազենային, այդ թվում՝ կրծքավանդակին եւ գլխին, կյանքի հետ անհամատեղելի վիրավորումների դեպքերը որակվել են որպես ինքնասպանություն:
Այնուամենայնիվ, եւ ինքնասպանությունները եւ սպանությունները ունեն պատճառներ: Այդ պատճառները ոչ վերլուծվում են, ոչ հստակորեն ներկայացվում են հանրությանը, որպեսզի բարձրանա բանակի նկատմամբ հանրային վստահությունը: Բանակը մի ինստիտուտ է, որը կոչված է պաշտպանել երկրի սուվերենությունը: Այսինքն, որոշակի առումով իրավապաշտպան կառույց է, պաշտպանում է երկրի սուվերենության իրավունքը: Եթե բանակի ներսում մարդու իրավունքները պաշտպանված չեն, այլ հակառակը, խոցված են, այդ կառույցը չի կարող վայելել հասարակության վստահությունը»,-ասաց իրավապաշտպանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ