Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, ավագանու արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում մեկ հարց է՝ Սիսիան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր ու ժամ սահմանելու մասին։
Ինչպես տեղեկացրել էինք, Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները բոյկոտել էին սեպտեմբերի 13-ին նշանակված ավագանու նիստը, որին միայն արդեն նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանն էր մասնակցել։
Կառավարող ուժն էլ որոշել է հեռացնել ոչ միայն Արմեն Հակոբջանյանին, այլ նաեւ նրա երկու տեղակալներին՝ Կարեն Հովհաննիսյանին եւ Գարիկ Հակոբյանին։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը նաեւ ավագանու մանդատներից են հրաժարվել, իսկ Գարիկ Հակոբյանը ավագանու անդամ չէր։
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ավագանու անդամների վաղաժամկետ դադարած մանդատները տրվել են Անահիտ Գեւորգյանին ու Դավիթ Հարությունյանին։ Անահիտ Գեւորգյանը Սիսիանի թիվ 1 դպրոցի տնօրենն է, իսկ Դավիթ Հարությունյանն աշխատում է Սիսիանի համայնքապետարանում որպես ընդհանուր բաժնի պետ։
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ ըստ գործող կարգի՝ համայնքապետարանի աշխատակիցը իրավունք չունի լինելու ավագանու անդամ։ Մինչ մանդատը ստանալը նա պիտի հրաժարվեր զբաղեցրած պաշտոնից։
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, հենց 33-ամյա Դավիթ Հարությունյանն է դառնալու Սիսիանի համայնքապետի առաջին տեղակալ, իսկ համայնքապետ է ընտրվելու 34-ամյա Հովսեփ Առաքելյանը, որն աշխատում է «Ջերմուկ Ինթերնեյշնլ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ»-ում՝ շուկայի զարգացման պատասխանատու (Հովսեփ Առաքելյանի պաշտոնը այսպես է գրանցված ԿԸՀ-ի կայքում)։ Հովսեփ Առաքելյանը նաեւ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Իվանյանի քրոջ որդին է։
Սիսիանում, սակայն չեն բացառում, որ համայնքապետի ընտրություններն անցնեն լրիվ այլ սցենարով։ Հիշեցնենք, 2023թ․ մարտի 26-ին կայացած Սիսիանի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանու 21 մանդատից 13-ը տնօրինում է «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ ՀՀԿ-ն, իսկ 3-ը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ