Լրահոս
Օրվա լրահոսը

Գետք այցելած վարչապետին իր դիմանկարը նվիրեցին ու գյուղի խնդիրները թվարկեցին

Հոկտեմբեր 18,2024 22:38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակ մարզի կատարած այցի ժամանակ կարճ հանդիպում ունեցավ նաև Ախուրյան խոշորացված համայնքի սահմանամերձ Գետք բնակավայրի բնակիչների հետ։

Այստեղ ինչպես բնակիչները, այնպես էլ վարչական ղեկավարը թվարկեցին խնդիրները։

«Մեր հիմնական խնդիրներից է գազաֆիկացման հարցը», -ասաց բնակչուհիներից մեկը։ Վարչական ղեկավարն էլ հավելեց, որ չունեն ոռոգման ջուր, 600 հեկտար հողատարածք անջրդի է, և չկա մանկապարտեզ։

«Գազ, ոռոգման ջուր, մանկապարտեզ»,-կրկնեց Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հեռանալ, սակայն Գետք համայնքի ղեկավարը նրան կանգնեցրեց՝  նվիրելով իր  դիմանկարը։

«Պարոն վարչապետ, հեղափոխության շարժման սկզբից Գետքը միշտ ձեզ հետ է եղել, այդ ժամանակաշրջանում, երբ դուք դեռ վարչապետ չէիք, Սամվել Հարությունյանը ձեզ է նկարել,  այն ուզում եմ փոխանցել ձեզ»,-ասաց վարչական ղեկավարը։

Վարչապետը վերցրեց իր դիմանկարը, ցուցադրեց բոլորին, շնորհակալություն հայտնեց ու հեռացավ։

Ի դեպ, Գետքը Շիրակի մարզի այն գյուղական համայնքներից է, որտեղ  վերջին մեկ տարվա ընթացքում անընդմեջ բողոքի ցույցեր էին տեղի ունենում ու անխնա քննադատություններ էին հնչում կառավարության հասցեին։

Դրանցից մեկը կապված է դպրոցը փակելու ու մինչև 2026 թվականը մարզի միավորվող դպրոցների ցանկում ընդգրկելու հետ։

«Դպրոց եք փակում, որ սահմանամերձ գյուղերը դատարկեք, պրծնե՞ք»,-հարցում էին Գետք-Ղարիբջանյան ճանապարհը փակած գյուղացիները։

Մյուս բողոքը վերաբերում էր Գետքի վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին կամայականորեն պաշտոնազրկելու ու ՔՊ-ական ուսուցչուհի Նարինե Հարությունյանին նշանակելու  հետ։

Այս բողոքը ևս ուղեկցվում էր ճանապարհ փակելով ու կառավարությունից հիասթափված լինելու մասին հայտարարություններով։ Ի դեպ, տեղում աշխատում էին մարզի բոլոր լրատվամիջոցները, կան նաև տեսանյութեր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031