Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածե՞լ եք  ջրի, սուրճի, թեյի վաճառք կազմակերպելու մասին»․ Փաշինյանը Անիպեմզայի բնակիչներին սովորեցնում է՝ ինչպես եկամուտ ստանալ

Հոկտեմբեր 18,2024 22:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների շրջանակում այսօր Շիրակում էր։ Ցավոք, վերջին 2-3 տարիների ընթացքում նրա այցերի մասին լրատվամիջոցներին տեղյակ չեն պահում, լուսաբանման չեն հրավիրում, այլ բավարարվում են կառավարության կամ հենց վարչապետի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում տեսանյութներ ու տեղեկատվություն տարածելով։

Ինչևէ, ինչպես տեսնում ենք Փաշինյանի ՖԲ պաշտոնական էջից, նրա այցը բավական տարողունակ է, այցելել է Շիրակի մարզի տարբեր համայնքներ, զրույցի բռնվել բնակիչների հետ։

Նա եղել է Երերույքի տաճարում, որտեղ իրականացվում են ամրակայման աշխատանքներ՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է։

Երերույքի տաճարից դուրս գալով՝ Փաշինյանը հանդիպել է նաև տաճարի մոտ գտնվող Անի խոշորացված համայնքի Անիպեմզա գյուղի բնակիչների հետ։

Կառավարության ղեկավարը  բնակիչներին հարցրեց՝  «Ձեր ճանապարահները ոնց որ թե սարքվել են, ինչքա՞ն ժամանակ է»։ Տեղեկանալով, որ մեկ տարի է՝ ինչ սարքվել են, նա շարունակեց․ «Իսկ նախկինում սարքված եղե՞լ են», ինչին պատասխան՝ բնակիչներն ասացին․ «Ոչ, մի 20-30 տարի չենք ունեցել ճանապարհներ»։

Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե զբոսաշրջիկներ  գալի՞ս են գյուղ, տեղեկանալով, որ ամեն օր են գալիս՝ 2-3 ավտոբուսներով, բնակիչներին հետևյալ խորհուրդը տվեց․ «Իսկ այդ համատեքստում դուք մտածե՞լ եք մի հատ ասենք թեթև ջուր, սուրճ, թեյ, սկսեք այդպիսի բաների վաճառք կազմակերպել, բայց օրինական։ Էդ շատ կարևոր է, ժողովուրդ ջան, որ համայնքին դիմեք, թույլտվություն ստանաք, ՀԴՄ հանեք, էս անեք, էն անեք։  Իմիջայլոց, մարդկանց գալու հետ կապված էդ էլ կապ ունի․ մարդը, երբ մտածում է, որ կարող է գա, մի բաժակ սուրճ խմի,  ենթադրենք մի տեղ կես ժամ նստի, հանգստանա, որովհետև երեխեք են հետները, չի կարող գա, էստեղ քայլի, քայլի, թողնի գնա։ Համ էլ ուզում է մի քիչ քայլի, մի քիչ հանգստանա, որովհետև էսքան ճանապարհ կտրել է, ենթադրենք ցուրտ կամ շոգ եղավ, ուզում է մի տաք թեյ խմի կամ սառը ջուր, եթե շոգ եղավ, նորից վերադառնա, այնպես որ համայնքը պիտի ճիշտ կազմակերպի»։

Բնակիչները  վարչապետին դժգոհեցին, որ խմելու ջուր չունեն, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ բոլոր տեղերում կա այդ խնդիրը, հերթով պիտի լուծեն։

Բնակիչների հաջորդ դժգոհությունը կապված էր  գյուղից դեպի պատմամշակութային հուշարձան տանող ճանապարհի չվերանորոգված լինելու հետ։ «Այդ ճանապարհի պատճառով տուրիստները վերև չեն բարձրանում», -դժգոհեցին բնակիչները։
Փաշինյանը նրանց խորհուրդ տվեց․ «Ժողովուրդ, ես առաջարկում եմ հետևյալը․ ինչ-որ արվել է, եկեք, նախ դրանից գոհանանք, չեմ ասում մեզանից գոհ լինեք, այլ գոհանանք ու էստեղ տեսնեք հնարավորություն»։

Նա նորից խորհուրդ տվեց թեյ, սուրճ վաճառել՝ հարկեր վճարելով։

«Դուք աշխատում եք, կոպեկ-կոպեկ հարկերը վճարում եք պետությանը, այդ հարկերը դառնում են միլիոններ, միլիարդներ, մենք էլ կմտածենք՝ ոնց ճիշտ գործ անենք, որ զարգացնենք»,- ասաց կառավարության ղեկավարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031