Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Աշխարհը հաշվի է նստում ուժեղի, ատամ ցույց տվողի, ինքնասիրություն եւ արժանապատվություն ունեցող պետությունների հետ, այլ ոչ թե նրանց, որ ասում են. բա էս խեղճն ինչ անի, ջեբը գցեցին»

Հոկտեմբեր 18,2024 21:22

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի, մարտահրավերների եւ անվտանգային սպառնալիքների մասին, ասաց. «Ներքաղաքական որեւէ օրակարգ չկա, որովհետեւ չկա ներքին քաղաքականություն: Ցավոք սրտի, վաղուց արդեն Հայաստանը դարձել է խամաճիկ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ուժերի ձեռքում: Եվ դրա համար ներքաղաքական օրակարգերը սկսվում եւ ավարտվում են հեծանվավազքերով կամ տարբեր հարթակներում ինչ-որ հայհոյախառն կռիվներով: Այնպես որ, այստեղ որեւէ հարց էլ չկա քննարկելու, որովհետեւ ես չեմ պատրաստվում քննարկել ինչ-որ մեկի կամ երկուսի կռիվը, կամ ինչ-որ մեկի սպորտային արշավները:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, այստեղ բավականին լուրջ է ամեն ինչ: Որովհետեւ, ինչպես տեսնում ենք, աշխարհում ջնջվել է ամեն ինչ, այսինքն, խաղի կանոնները ամբողջովին ջնջված են: Կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքական ներկապնակում այլեւս չկա խաղի որեւէ կանոն: Այլ հարց է, որ այս ամեն ինչը երեւի կբերի նոր խաղի կանոնների: Ե՞րբ: չեմ կարող ասել:

Մեզ համար ցավալին այն է, որ այդ ամեն ինչը մեզ շատ մոտ է: Նկատի ունեմ տարածաշրջանը՝ Իսրայելը եւ Գազայի հատվածը, Սիրիան, Լիբանանը եւ մեզ համար աշխարհագրորեն ամենամոտը գտնվող Իրանը: Տարածաշրջանում զարգացումներ են սպասվում Վրաստանում ընտրություններից հետո: Եվ դա երեւում է արդեն այնքան պարզ: Ես կարծում եմ, որ դրան են սպասում նաեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, որովհետեւ հասկանում են, որ դրանից հետո են պարզ լինելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական վեկտորի ուրվագծերը: Բնականաբար, նաեւ ԱՄՆ ընտրությունները: Բայց դա ավելի շատ լուրջ պետությունների է վերաբերում:

Այս ամեն ինչի ֆոնին մեր պրոբլեմն այն է, որ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, բացարձակապես զրկված է իմունիտետից: Այսինքն, փաստացի չկա անվտանգության որեւէ բարձիկ, երաշխիք, ուժ: Մենք ապրում ենք Աստված մեզ կօգնի, դա մեր հետ չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել նշանաբանով: Հետո երբ լինում է, ասում ենք, վայ, բա ո՞նց եղավ: Վերջին տարիները դրա վառ ապացույցն են: Բայց անգամ այդքանից հետո, այն, որ աչքով տեսնում են, շոշափում են, էլի չեն հավատում, որ կլինի: Ես չեմ ասում, որ պարտադիր կլինի: Բայց դա շատ մոտ է, եթե հաշվի առնենք, Ադրբեջանի հռետորաբանությունը, Միլլի մեջլիսի նախագահի չհանդիպելը ԱԺ այսպես կոչված նախագահի հետ, Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունները Սյունիքին եւ Գեղարքունիքին մոտ տարածքներում, ամեն անգամ Ալիեւի հեգնական, ծաղրական հայտարարությունները:

Այս ամենի ֆոնին մտածել, որ մեզ հետ ոչինչ չի լինի, պետք է լինես բացարձակ անմեղսունակ: Ես մոտակա վեց ամիսներին ոչ մի լավատեսական բան չեմ սպասում: Հետոն կախված կլինի այն զարգացումներից, թե ինչի շուրջ կպայմանավորվեն աշխարհի մեծերը: Իսկ աշխարհն այնքան ցինիկ է, արդեն այնքան կրկնակի ստանդարտներով է առաջնորդվում, որը չեն էլ թաքցնում, ինչպես վերջերս Ջոզեֆ Բորելը հայտարարեց, որ իրենց պրոբլեմն այն է, թե ինչպես կառավարեն կրկնակի ստանդարտները: Նույնը նաեւ Ռուսաստանում է, գուցե ավելի վատ: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է ասենք, բա մենք ինչ անենք: Բոլոր ժամանակներում, հիմա առավել եւս, աշխարհը հաշվի է նստում ուժեղի հետ, ատամ ցույց տվողի հետ, ինքնասիրություն եւ արժանապատվություն ունեցող պետությունների հետ, այլ ոչ թե նրանց, որ ասում են բա էս խեղճն ինչ անի, ջեբը գցեցին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031