Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ողջ մնացած, ողբերգության ականատես վերջին վկան․ հակասություններ՝ նրա ցուցմունքներում

Հոկտեմբեր 18,2024 20:50

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցած Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց գործով վկա Ռադիկ Մաթևոսյանը, որը ողջ մնացած վերջին վկան էր, որն ականատես է եղել, ողբերգական իրադարձությունների անմիջական մասնակիցն է եղել, դեպքի օրը եղել է տվյալ կացարանի հերթապահը։

Aravot.am-ի հետ զրույցում տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց՝ Ռադիկ Մաթևոսյանի մինչդատական և դատական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոնց մասով համապատասխան փուլում հանդես կգան միջնորդությամբ՝ նրա՝ մինչդատական փուլում տրված ցուցմունքները հրապարակելու առումով․ «Ակնհայտ է, որ ինչպես այս, այնպես էլ մյուս վկաների ցուցմունքների  միջև առկա են էական հակասություններ դեպքի  նկարագրության, յուրաքանչյուրի  գործողությունների, դերակատարության վերաբերյալ, որն է՛լ ավելի անարժանահավատ է դարձնում այն հրապարակված վարկածը, որի շուրջ էլ քննվում է այս գործը։ Մասնավորապես, առ այս պահը հարցաքննված վկաների նկարագրությունը ժամանակագրական առումով չի համապատասխանում իրար հետ, յուրաքանչյուրի գործողությունները, հրդեհի տարածման մեխանիզմը, հրդեհի ծավալը և նրանցից յուրաքանչյուրի անելիքները բացարձակապես միմյանց հակասում են, ինչն էլ ավելի մեծ կասկածների և մտահոգությունների տեղիք է տալիս»։

Նորայր Նորիկյանը փաստեց՝ այս վկային անջատված մասով  քննվող գործով մինչդատական փուլում  մեղադրանք է առաջադրվել․ «Վկան մեզ մոտ քննվող գործով վկայի կարգավիճակ ունի, սակայն անջատված մասով նրան մի քանի ամիս առաջ մեղադրանք է առաջադրվել, և նա մեղադրյալ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքի օրը եղել է օրվա հերթապահը»։

Նորայր Նորիկյանին խնդրեցինք մի քանի օրինակ բերել, թե ինչ հակասություններ կան այս վկայի ցուցմունքներում։ Փաստաբանն ասաց․ «Ժամանակագրական առումով դեպքի օրը ժամը 00։45-ից մինչև 01։12-ի ընթացքում՝ այդ 22 րոպեն, որի ընթացքում էլ ըստ էության բռնկվել է հրդեհը, տարածվել է, ողջ մնացած զինվորներից և այդ տարածքում որևէ գործողություն իրականացրած զինվորներից որևէ մեկի ասածներն իրար հետ չեն համապատասխանում։ Գոռոցների, ննջարանում գտնվող զոհված զինծառայողներին ձայն տալու, վառարանը վառելու պահին Եղիշե Հակոբյանի հետ գտնվող անձանց ներկայության մասին եղել են հակասություններ։ Եղիշե Հակոբյանը մինչդատական փուլում չէր ասում, սակայն դատարանում հայտարարեց, որ վառարանը վառելու պահին իր հետ միասին է եղել Ռադիկը՝ այսօրվա  հարցաքննված վկան և տուժող Լևոն Խառատյանը, սակյան նրանք չեն ընդունում այդ հանգամանքը։ Այսինքն՝ հակասությունների կծիկի հետ գործ ունենք, որից էլ ավելի խճճվում է այս քրեական գործը։ Ճշմարտությունը դեռ բացահատված չէ, տուժողների դիրքորոշումը քննվող քրեական գործի վարկածի նկատմամբ չի փոխվել, նույն անհանգստությունը, տագնապը և վստահության ճգնաժամը, որ կար, շարունակվում է պահպանվել»։

Հետաքրքրվեցինք՝ վկաների հարցաքննության ընթացքում իրենց հուզող գոնե որոշ հարցերի պատասխանները ստացե՞լ է, Նորայր Նորիկյանը պատասխանեց․ «Ընդհակառակը, ավելի մեծ հարցեր են առաջացրել։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս քրեական վարույթով հանրությանը հուզող պատասխանները դեռևս սպառիչ կերպով տրված չեն»։

Նորայր Նորիկյանը նաև փաստեց, որ դատարանի որոշմամբ՝ երկու մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքի, սակայն իրենց ու հանրային մեղադրողի կողմից բերված վերաքննիչ, հատուկ վերանայման բողոքների արդյունքում երկու մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները փոխվել են կրկին կալանքի։

Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ վկայի հարցաքննությունն ընդմիջվեց։ Այն կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031