Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «Երեւանը դարձել է ռախիտ մի մարմնի մեծ գլուխ»

Հոկտեմբեր 18,2024 19:18

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած «Երկրաշարժ Երեւանում. հնարավոր հետեւանքները» թեմայով ասուլիսի նպատակը բնակչության եւ դեռ գործող քաղաքապետի ուշադրությունը հրավիրելն էր այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Երեւանի անվտանգությանը: «Մենք շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը, թե ինչպիսի հնարավոր ռիսկերի առաջ ենք կանգնած, եթե հանկարծ այսպիսի կառուցապատման արդյունքում Երեւանում կամ Հայաստանում լինի երկրաշարժ»,-ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը:

Փրկարար ծառայության պահեստազորի գնդապետ, բնատեխնածին ռիսկերի կառավարման փորձագետ, «Միասին» շարժման խորհրդի անդամ Արթուր Մուրադյանը նշեց, որ խնդիրը շատ արդիական է մեր իրականության մեջ: «Հայաստանին սպառնում են բնական շատ վտանգավոր երեւույթներ՝ սողանքներ, սելավներ եւ այլն, որոնց մեջ ամենավտանգավորներից մեկը երկրաշարժ ֆիզիկա-երկրաբանական երեւույթն է: Դա սպառնում է Հայաստանին՝ կապված մեր երկրի աշխարհագրական դիրքի հետ»,-ասաց նա եւ, նկարագրելով հնարավոր այլեւայլ վտանգները, կանգ առավ մայրաքաղաքում իրականացվող աննախադեպ լայնամասշտաբ կառուցապատման վրա:

«Երեւանի մասով վտանգը խիտ կառուցապատումն է, որը երկրաշարժի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներ կատարելիս եւ հետեւանքները վերացնելիս կառաջացնի շատ բարդ իրավիճակ: Պատկերացրեք փլուզումների պայմաններում փողոցների նեղությունը: Նման դեպքերում կա «72 ոսկե ժամ», որի ընթացքում պետք է հասցնել փլատակների տակից ողջ մարդկանց հանել: Իսկ այսպիսի կառուցապատման պարագայում, ինչպիսին իրականացվում է Երեւանում, հավաստիացնում եմ, որ այդ ժամանակահատվածում հնարավոր չի լինելու մաքրել նույնիսկ այն ճանապարհը, որով պետք է տվյալ վայրին մոտենան փրկարարները եւ տեխնիկան»,-ասաց Արթուր Մուրադյանը:

Նա նաեւ հիշեցրեց երկրաշարժին պատրաստվելու եւ դրա ժամանակ գործելու երեք փուլերը՝ մինչեւ երկրաշարժ, երկրաշարժի ժամանակ եւ երկրաշարժից հետո, որոնց համար վաղուցվանից մշակված են կոնկրետ պլաններ եւ ժամանակին պարբերաբար փորձարկվում էին ուսուցումների, վարժանքների ձեւով: Մինչդեռ, վերջին տարիներին կամ դրանք դադարեցվել են, կամ իրականացվում են ձեւականորեն:

Որպես մասնագետ՝ պարոն Մուրադյանը վստահեցրեց, որ քաղաքաշինական ու կառուցապատման բոլոր նորմերը եւ կանոնները պատշաճ սահմանված են ու արտացոլված համապատասխան փաստաթղթերում: Սակայն խնդիրն այն է, թե ինչպես են դրանք պահպանվում շինարարության ընթացքում: «Երեւանում կարող ենք տեսնել շենքը՝ շենքի վրա, պատուհանը՝ պատուհանի վրա, նեղ փողոցներ: Այս խտության պայմաններում արդեն չի հերիքում ջրամատակարարումը, գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, դրա համար էլ քաղաքում պարբերաբար կոլապսներ լինում են»,-ասաց նա:

Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որ Երեւանն այսօր այնքան է կառուցապատված, որ դարձել է ռախիտ մի օրգանիզմի մեծ գլուխ, իսկ Հայաստանի բոլոր շրջաններն այս առումով դատարկ են: «Դրանից ելնելով Երեւան քաղաքը պետք է ամբողջովին փակվի կառուցապատման համար: Կառույցներ կարող են լինել միայն ու միայն վթարային շենքերի փոխարեն: Այս ծրագիրն ուզում ենք ներկայացնել այսօրվա քաղաքապետին, որովհետեւ այսօր իրենք են: Իսկ աղետ կարող է լինել ցանկացած ժամանակ: Մեր կարծիքով այս պայմաններում միանգամից պետք է սկսել եւ շատ արագ իրականացնել վթարային շենքերի ամրացման աշխատանքներ, մի բան, որ տեսնում ենք՝ համարյա չի կատարվում»,-ասաց Արամ Սարգսյանը:

Արթուր Մուրադյանի խոսքով՝ նորակառույց շենքերը գուցե իրականում շատ ճիշտ հաշվարկված են պտտման, ճկման եւ ճոճի համար: «Բայց բազմաթիվ օրինակներ ունենք հատկապես մայրաքաղաքի կենտրոնում, որ նախագծով նախատեսված ինը հարկանի շենքը դառնում է 15, 16 հարկ եւ հետո դատարանով դրանք ճանաչվում են որպես օրինական: Հնարավոր է, որ այդ շենքը չքանդվի, բայց գրունտը չի դիմանալու եւ  հաստատ «պառկելու» է: Ինչ վերաբերում է վթարային շենքերին, 7-10 տարի առաջ արված հետազոտություններով Երեւանում 43 հատ 2-րդ աստիճանի, 91 հատ 3-րդ աստիճանի եւ 6 հատ չորրորդ աստիճանի վթարային շենք կար: Այս տարիների ընթացքում վթարային շենքերի քանակը ամենայն հավանականությամբ ավելացել է: Այսօր Երեւանում բազմահարկ շենքերի կառուցման արդեն 6500 թույլտվություն է տրված: Դրանց շինարարությունը անհապաղ պետք է կասեցնել եւ շինարարությունով պետք է զբաղվել միայն ի հաշիվ վթարային շենքերի՝ կառուցելով սոցիալական բնակֆոնդ»,-ասաց Արթուր Մուրադյանը:

Բանախոսները Երեւանում բազմահարկ շենքերի եւ ամբողջ թաղամասերի զանգվածային կառուցման թույլտվությունների մեջ կոռուպցիա են տեսնում: Նրանք հորդորեցին մայրաքաղաքի բնակիչներին դուրս գալ ու պայքարել, որովհետեւ այս պայմաններում աղետի դեպքում վտանգվում է նրանց եւ նրանց զավակների կյանքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031