Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ կրթություն՝ ավելի բարձր տնտեսական աճի համար»

Հոկտեմբեր 18,2024 17:09

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Տնտեսական նորություններ» զեկույցի ամփոփագիր

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) աճը հավանական է, որ 2023թ. 3.5 տոկոսից այս տարի նվազի մինչև 3.3 տոկոս։ Աճի այս մակարդակը նշանակալիորեն թույլ է 2000–19թթ. 4.1 տոկոս միջին աճից և զգալի ցածր այն մակարդակից, որն անհրաժեշտ է տարածաշրջանի միջին եկամտով երկրներին՝  բարձր եկամտով  երկրի կարգավիճակի հասնելու համար։

Այս տարի ԵԿԱ երկրների կեսի, այդ թվում՝ տարածաշրջանի երկու խոշորագույն տնտեսությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի աճի տեմպը դանդաղեց։ Ի տարբերություն դրա, 2024 թ. կանխատեսվում է Լեհաստանի՝ տարածաշրջանի երրորդ խոշորագույն տնտեսության աճի վերադարձ 3.2 տոկոսի՝ բարձրանալով անցյալ տարվա սոսկ 0.2 տոկոսից՝ պայմանավորված տնային տնտեսությունների սպառման վերականգման բարձր ցուցանիշով։

Մասնավոր սպառումը և աջակցող հարկաբյուջետային քաղաքականությունը ԵԿԱ-ում աճը պայմանավորվող հիմնական գործոններն են։  Մասնավոր սպառումն ամրապնդվել է՝ իրական աշխատավարձերի և սոցիալական տրանսֆերտների բարձրանալու և բազմաթիվ երկրներում վարկավորման բարձր աճի պատճառով։ Ի տարբերություն դրա, արտաքին պահանջարկը նվազ նպաստավոր է մնում առևտրի հիմնական գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության տնտեսական թույլ աճի պայմաններում։

Գնաճի տարեկան ցուցանիշի մեդիանը 2024թ. օգոստոսին նվազեց մինչև 3.6 տոկոս՝ անցյալ տարվա վերջի 4.6 տոկոսից, սակայն այն զգալի բարձր է 2018–19թթ. -ի 2.7 տոկոս միջինից։ Ապրանքների գնաճը երկրների մեծ մասում նվազեց, իսկ ծառայությունների գնաճը մնաց բարձր՝ մասամբ պայմանավորված ԵԿԱ-ում աշխատուժի ծախսերի կտրուկ աճով։ Ավելի ցածր գնաճը որոշ կենտրոնական բանկերի դրդեց նրան, որ սկսեն նվազեցնել վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը, սակայն իջեցումները համեստ էին, քանի որ քաղաքականության զգուշավորոթյունը գերակայում էր։

Հարկաբյուջետային քաղաքականության խստացումը ԵԿԱ-ի երկրների մեծ մասում այս տարի կրկին հետաձգվեց՝ ծախսերի ավելացումներով ավելի քան չեզոքացնելով ավելի բարձր եկամուտները։ Ծախսերն էականորեն ավելացել են հանրային հատվածի աշխատավարձերի և նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների, սոցիալական նպաստների և պաշտպանական ծախսերի մեծ բարձրացումների պատճառով։

ԵԿԱ-ում աճը հավանական է, որ հաջորդ տարի նվազի մինչև 2.6 տոկոս՝ պայմանավորված Ռուսաստանի աճի տեմպի կտրուկ դանդաղմամբ։ Առանց Ռուսաստանի, աճն ընդհանուր առմամբ պետք է անփոփոխ մնա՝ 3.2 տոկոս 2025թ. -ին՝ նախքան 2026թ. -ին կայունանալը մինչև 3.7 տոկոս։ Գնաճի հետագա նվազումները, եկամտի առողջ աճի և առևտրային հիմնական գործընկերների տնտեսության աստիճանական վերականգնման հետ մեկտեղ, հավանական է, որ օժանդակեն տարածաշրջանում վերականգնմանը։

Սակայն պահպանվում են հեռանկարի՝ աճի տեմպի նվազման զգալի ռիսկերը։ Դրանք ներառում են համաշխարհային և տարածաշրջանային լարվածության հետագա ահագնացումը, գնաճի ավելի դանդաղ վերադարձը կենտրոնական բանկի թիրախներին և Եվրամիությունում և Ռուսաստանում ավելի թույլ աճը։

ԵԿԱ-ի մասով աճի նվազման սպասումներից հետևում է, որ եկամուտներն ավելի դանդաղ կմոտենան բարձր եկամտով տնտեսությունների մակարդակին։ Կադրերի սխալ բաշխումն ու պակասը ավելի ու ավելի են դառնում կաշկանդող սահմանափակում՝ բազմաթիվ ընկերությունների համար դառնալով ներդրում անելու, արտասահմանից նոր տեխնոլոգիաներ, կապիտալ և փորձառություն բերելու հնարավորությունը և նորարարությունը սահմանափակող։ Տարածաշրջանի երկրների մեծամասնության՝ բարձր եկամտով երկրի կարգավիճակին մոտենալու հավակնության համար անհրաժեշտ են ուսյալ և արտադրողական աշխատողներ։

Սույն նորությունների II մասի կիզակետում կադրերն ու մարդկային կապիտալն են։ Այն ուրվագծում է բարեփոխումները և քաղաքականությունները, որոնք կարող են օգնել տարածաշրջանի ժողովրդի հսկայական ստեղծարար ուժի բացահայտմանը, ինչը կարևոր է տնտեսական աճն ու զարգացումը խթանելու համար։

ԵԿԱ տարածաշրջանի երկրները իրավացիորեն հպարտանում են իրենց կրթական նվաճումներով։ Տարածաշրջանը զգալի առաջընթաց է գրանցել կրթության ընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ, որտեղ երեխաները միջինը 12.6 տարի հաճախում են դպրոց՝ գերազանցելով զարգացող մյուս տարածաշրջաններից շատերին։ Բարձրագույն կրթության մեջ ընդգրկվածությունը ևս բարձր է, իսկ բուհերի շրջանավարտների միջին համախառն տոկոսը (40 տոկոս) գերազանցում է համաշխարհային միջինը (31 տոկոս)։

ԵԿԱ երկրների մեծ մասի առջև ծառացող հիմնական մարտահրավերը ընդգրկվածությունը չէ, այլ կրթության որակը, որը վերջին տարիներին նվազել է։ Ավագ դպրոցի 15-ամյա սովորողների շրջանում անցկացվող՝ սովորողների միջազգային գնահատման թեստային միավորները վերջին տասնամյակում նվազել են, հատկապես՝ ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո։ Տարածաշրջանի երկրներից շատերում դասավանդման տարեկան ժամաքանակը զգալիորեն քիչ է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներից։ Հիմնական  (տարրական և միջնակարգ) կրթության խզվածքները հատկապես մեծ են անբարենպաստ միջավայրերից սերող սովորողների համար։ Շատ սովորողներ ընդգրկվում են մասնագիտական կրթության համակարգերի հոսքում, որոնք հիմնարար հմտություններ չեն տալիս կամ չեն նախապատրաստում նրանց մուտքն աշխատաշուկա։

Արդյունքներով բարձրագույն կրթությունն էլ ավելի է թերանում, քան հիմնական կրթությունը։  Հիմնական կրթության կամ մեկ շնչի հաշվով եկամտի նման մակարդակով զարգացող մյուս տարածաշրջանների երկրները շատ ավելի լավ համալսարաններ ունեն։ ԵԿԱ-ի միայն ինը հաստատություն է ընդգրկված «Times Higher Education»-ի աշխարհի լավագույն 500 համալսարանների վարկանիշավորման ցանկում։ Բարձրագույն կրթության ցածր որակի հիմքում ընկած են թույլ կառավարումը, ուսումնական ժամանակավրեպ ծրագրերը, ֆինանսավորման պակասը և թերի ենթակառուցվածքը։ Հանրային խոշոր համալսարանների ոչ համարժեք կառավարումը հաճախ նպաստում է սովորողների թվաքանակի նվազմանը։ Բարձրագույն կրթության համակարգերից շատերը թերֆինանսավորում են և բացակայում է պատշաճ ենթակառուցվածքը՝ հետազոտական լաբորատորիաները և համապատասխան դասասենյակները։

Բարձրագույն կրթության և աշխատաշուկայի կարիքների միջև անհամապատասխանությունը ևս կրթության թույլ որակի արտացոլումն է։ Գործատուներն հաճախ են հայտնում, որ շրջանավարտների մոտ պակասում են անհրաժեշտ «փափուկ»՝ թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև իրենց ճյուղերին հատուկ մասնագիտական հմտությունները։ Կրթության և աշխատաշուկայի կարիքների միջև անհամապատասխանությունը հանգեցնում է ԵԿԱ-ում մարդկային ներուժի զգալի կորստի և մասամբ պայմանավորում ուղեղների արտահոսքը, որը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի երկրներից շատերի վրա։

Կրթության որակի անկումը շրջելու և կրթության որակը վերականգնելու համար երկրները պետք է կենտրոնանան ուսուցիչների վերապատրաստման բարելավման վրա, ուսուցիչներին, տնօրեններին և ընտանիքներին ճշգրիտ կրթական տեղեկատվություն տրամադրելու, ուսումնական ծրագրերը վերանայելու և կրթական ենթակառուցվածքում ներդրումներ անելու վրա։ Բարձրագույն կրթության մակարդակով համալսարանական համակարգի համախմբումը կբարելավի որակը, կկրճատի ծախսերը և դյուրին կդարձնի ժողովրդագրական փոփոխություններին համապատասխան ճշտումը։ Հետազոտական կենտրոնների ինտեգրումը բարձագույն կրթության համակարգում կարող է բարելավել դրանց նորարարական կարողությունը։ Չսովորող, չաշխատող երիտասարդներին անհրաժեշտ է ներգրավել արտադրական կամ կրթական միջոցառումներում։ Որակյալ կրթության առաջնահերթության սահմանմամբ և ցկյանս ուսումնառությանն աջակցելով՝ ԵԿԱ երկրները կարող են կրճատել կադրերի սխալ բաշխումն ու վատնումը և առաջ մղել կայուն տնտեսական աճն ու զարգացումը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031