Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր ընթացող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստին Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով թույլ տալ վիրահատության նպատակով Խաչատրյանին մեկնել ՀՀ-ից: Փաստաբանը ներկայացրեց Խաչատրյանի բժշկական փաստաթղթերը, էպիկրիզները եւ արձանագրեց. «Խնդիրը այլեւս կյանքը փրկելն է»:
Ինչպես հայտնել էինք առողջական խնդիրների պատճառով Գագիկ Խաչատրյանն այսօր չէր ներկայացել նիստին:
Երեմ Սարգսյանը նաեւ առարկություններ հնչեցրեց նախորդ նիստերից մեկի ընթացքում հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը միջնորդել էր Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն նշանակել ՝ պնդելով, թե պաշտպանության կողմը ձգձգում է գործի քննությունը:
Կարդացեք նաև
«Մեղադրողի ներկայացրած միջնորդությունն անհիմն է, Խաչատրյանի վիրահատության թույլտվություն տալու ձգձգման միտում ունի: Մեզ մոտ, ճիշտն ասած, սպառվել է հույսը, որ ՀՀ օրենքների համաձայն ենք ստանալու բուժումների իրավունք: Յուրաքանչյուր անգամ բանը հասնում է նրան, որ Եվրոպական դատարանի պահանջով նոր միայն ունենում ենք իրավունքի իրացման հնարավորություն»,- արձագանքեց Երեմ Սարգսյանը:
Նա նաեւ հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի իրավունքների խախտման հարցերով մի քանի գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ, բոլորը ընթացքի մեջ են. «Երբ բարձրաձայնում ենք այլեւս կյանքի իրավունքի խախտման մասին, նշում ենք, որ անձին հասցնում են մահվան, այս գործընթացը կարող է անդառնալի լինել»:
Փաստաբանի խոսքով, ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկով եվրոպական դատարանը Հոկտեմբերի 4-ին հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը. «Բոլորս գիտենք, որ Եվրոպական դատարան ներկայացված ոչ բոլոր գանգատներն են, որ ընդունվում են, ոչ բոլորն են, որ կոմունիկացվում են, այսինքն՝ կառավարությանը հարցեր են տրվում: Այստեղ բանը հասել է նրան, որ առերեւույթ խնդիրներ կան, Եվրոպական դատարանն ուզում է լսել կողմերին: Դատական նիստերի ժամանակ մշտապես ասում էի՝ արժանապատվությունը նվաստացնող, ոչ մարդկային վերաբերմունք է, երբ անձին պարտադրում են, ասում են նայի՝ քեզ կկալանավորեն, թե չէ արի մասնակցի նիստերին: Մենք գալիս ստիպված մասնակցում ենք: Պատգարակով բերում ենք, ֆիզիկական ներկայությունն ապահովում, դրանից հետո վիճակը վատանում է, ցավերը խորանում, նիստը հետաձգվում»:
Երեմ Սարգսյանը սկսեց թվարկել բոլոր նախորդ նիստերին արձանագրված դեպքերը, որոնց ներկա է եղել իր պաշտպանյալը, թե ինչ խնդիրներով է ներկայացել, ինչ է տեղի ունեցել:
Հանրային մեղադրողը ընդհատեց Երեմ Սարգսյանին, դատարանից հետաքրքրվեց՝ ինչ կապ ունի այս ամենն իր միջնորդության հետ: Մեղադրողը նկատեց, որ Երեմ Սարգսյանը թեեւ խոսելու իրավունք ունի, սակայն երկար խոսելու սովորություն էլ ունի, ապա խնդրեց սահմանափակել պաշտպանի ոչ ըստ էության ելույթը:
Մեղադրողը նաեւ նկատեց, որ իր միջնորդությունը ներկայացվել է մոտ մեկ ամիս առաջ, որի վերաբերյալ դեռ չկա դատարանի որոշում ու եթե այսպես շարունակվի, այսօր էլ որոշում չի լինի:
Հիշեցնենք, որ այս նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային