Հայ ժողովրդի պատմության աղմկահարույց դասագրքի հետ կապված դատական գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է: Այդ առիթով հրավիրված ասուլիսում Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ կփորձեն համառոտ ներկայացնել 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հետ կապված խնդիրները եւ նաեւ վերջին զարգացումները:
«2023թ մի տխրահռչակ դասագրքի վերաբերյալ (Մասնակցային դպրոցի) մեծ աղմուկ բարձրացավ: Այնտեղ տեղ էին գտել այնպիսի ձեւակերպումներ, որոնք հարիր չէին մեր ազգային մոտեցմանը, նպատակներին ու գրավել էին մտահոգ մարդկանց ուշադրությունը: Դասագրքում տեղ գտած ձեւակերպումներով փորձ էին անում մեզ կտրել մեր արմատներից: Ակնհայտ է, որ նման երազանք ունեցել են եւ ունեն մեր ոխերիմ հակառակորդ պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան:
Օրինակ, դասագրքում ներկայացված էր մեր քարտեզը՝ Տիգրան Մեծի օրոք, Ադրբեջանի եւ Թուրքիայի նշումներով: Այսինքն, երբ երեխան նայում էր քարտեզը, առնվազն իր գիտակցության մեջ երեւում էին Թուրքիան եւ Ադրբեջանը: Սա փորձելու էր իր մեջ ամրապնդել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց եղել են մեր տարածքներում, ինչը վտանգավոր է…
Մյուսը հետեւյալն էր. ներկայացված էր, որ ըստ Բալկանյան տեսության՝ հայերը Բալկաններից են ներգաղթել: Իբրեւ օբյեկտիվություն պահելու գործոն, գրել են՝ Խորենացու առասպելի համաձայն, ու ներկայացրել մեր իրական պատմությունը: Չեզոք դիտորդին եւ երեխային մի կողմից ներկայացվում է առասպելը, մյուս կողմից՝ տեսությունը: Իսկ մենք լավ գիտենք, որ տեսությունը ճշմարտության ամենաբարձր ձեւն է: Պարզ է չէ՞, որ երեխան կարդում, ասում է՝ սա հեքիաթ է, սա՛ ճշմարտություն: Ակնհայտ է, որ դրանով մեր երիտասարդ սերնդին կտրում են արմատներից»,-նշեց Արա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Փաստաբանի ձեւակերպմամբ, այս ամենը սարսափելի չէր լինի, եթե մասնավոր մոտեցում լիներ, մինչդեռ պետական քաղաքականության արդյունք է. «Ինչու է հայրենի իշխանությանը ձեռնտու, որ սեփական սերունդը, իր ժողովրդի երիտասարդ հատվածն ունենա նման սխալ մտածելակերպ: Երբ համադրում ես այլ թեզեր՝ Սահմանադրության, Հռչակագրի, կեղծ հայրենասիրության, Արարատ լեռ-Արագած եւ նման այլ հակադրությունների ֆոնին, տեսնում ես, որ սա թուրքական քաղաքականություն է»:
Արա Զոհրաբյանն այլ հիմնավորումներ էլ բերեց. «Կրթության մասին օրենքով հստակ ամրագրված է, որ կրթությունը պետք է նպատակ ունենա նպաստել ազգային արժեքների ամրապնդմանը, ինչը հենց ԿԳՄՍ նախարարության առաքելությունն ու նպատակն է, այն պետք է իր գործողություններով նման միջավայր ստեղծի: Ուսուցիչը եւ դպրոցն իրավունք ունեն հաստատված, երաշխավորության հանձնված դասագրքերից ընտրելու, թե որ դասագրքով են երեխաներին սովորեցնելու:
Հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունեցել. 2023թ օգոստոսին ԿԳՄՍ նախարարը հաստատել էր այն դասագրքերի ցանկը, որոնք երաշխավորվել էին գործածության: 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքերի ցանկում եղել է 2 դասագիրք, մեկը այս տխրահռչակ դասագիրքը (Սմբատ Հովհաննիսյանինը-Գ.Հ.), երկրորդը՝ Աշոտ Ղուկասյանի համահեղինակությամբ Հայոց պատմության դասագիրքը: Երբ ամբողջ հանրային դաշտն ալեկոծվեց տխրահռչակ դասագրքի պատճառով՝ հայտնի գիտնականներ, դպրոցների ուսուցիչներ, դպրոցի ղեկավարներ իրենց համարձակ խոսքն արտահայտեցին ջախջախեցին դասագիրքը, բոլորը հասկացան, որ դպրոցները չեն ընտրի այն, եւ մյուս դասագրքով կպարապեն, նախարարությունը հետեւյալ քայլին դիմեց:
Ստալինյան ժամանակահատվածի «դանոսների» տրամաբանությամբ (հեռախոսազանգեր, անանուն նամակներ), արդեն հաստատված եւ ցանկում դրված դասագիրքը ներկայացրեց կրկնակի փորձաքննության, որի իրավունքը չուներ: Կրկնակի փորձաքննության արդյունքում նոր փորձագետները տալիս են բացասական եզրակացություն, այն դեպքում, երբ դասագիրքն անցել էր փորձաքննություն եւ համապատասխանել էր բոլոր չափանիշներին:
Դրա հիման վրա նախարարը հրաման է ընդունում եւ ուժը կորցրած է ճանաչում Աշոտ Ղուկասյանի հեղինակած դասագրքի վերաբերյալ նախորդ հրամանի այդ հատվածը: Հանում են այդ դասագիրքը՝ թողնելով միայն տխրահռչակ դասագիրքը, որպեսզի ուսուցիչները եւ դպրոցները հնարավորություն չունենան այլընտրանքային դասագիրք կիրառելու…»:
Փաստաբանը դատական 2 հայցերի մասին էլ խոսեց. «Մեր փաստաբանական թիմը Սիմոն Բաբայանի եւ Մանե Կարապետյանի հետ համատեղ ուսումնասիրեց ոլորտը: Մենք տեսանք, որ նախարարի երկու հրամաններն էլ խնդրահարույց են: Հրաման 1, որով տխրահռչակ դասագիրքը դրվել է շրջանառության մեջ, մինչդեռ նախարարությունն իրավունք չուներ դա դնել շրջանառության՝ նման հակասություններով: Մասնակցային դպրոցի դասագիրքը հակասում էր Կրթության մասին օրենքի պահանջներին:
Եվ երկրորդ՝ Աշոտ Ղուկասյանի հեղինակությամբ դասագիրքը շրջանառությունից հանելը: Երկու հայց գնաց դատարան: Առաջին հայցապահանջով խնդրեցինք սկզբնական հրամանը անվավեր ճանաչել՝ տխրահռչակ դասագիրքը հաստատելու մասով: Վարչական դատարանը չընդունեց, մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան վերադարձման որոշումը, եւ Վերաքննիչում հաջողության հասանք: Նախարարությունն այդ որոշումը բողոքարկեց Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկում իրենք պարտվեցին: Ի վերջո, այդ գործը գնաց առաջին ատյանի դատարանում լսվելու եւ դեռ ընթացքի մեջ է:
Երկրորդ գործը վերաբերվում էր այլընտրանքային դասագրքին: Դատական կարգով մենք առաջադրեցինք այն հիմնական հարցերը, որոնց պատասխանը ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ դատարանում չկարողացավ տալ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Մենք խնդրեցինք ցույց տալ, թե որ օրենքի,որ նորմի համաձայն են իրենք դասագիրքն ուղարկել կրկնակի փորձաքննության, որի իրավունքը չունեին: Չեմ ուզում անդրադառնալ մանրամասներին, մանիպուլյացիաներին ու ստերին: Նշեմ միայն, որ նախարարությունը պատասխան էր գրել, որ իբր դա կրկնակի փորձաքննություն չէ, այլ լրացուցիչ, թեեւ լրացուցիչ փորձաքննության իրավունք էլ չուներ: Դատարան ներկայացրած իրենց փոխնախարարի նամակներով, իրենց հանձնաժողովների արձանագրություններով մենք ապացուցեցինք, որ հենց կրկնակի փորձաքննություն են ուղարկել դասագիրքը:
Շատ լավ էր, որ դատավորը գտնվեց իր բարձունքում, եւ օբյեկտիվ որոշում կայացրեց: Անկեղծ ասած, մենք այդքան էլ լավատես չէինք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ