«Հիմնական անելիքներից մեկը միջազգային ճնշում գեներացնելն է, որը եւ իրավական գործիքակազմեր ենթադրող ուղղություն է, եւ քաղաքական, տեղեկատվական, գիտական։ Բոլոր հնարավոր ուղղություններով անելիքներ շատ կան»,- «Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ կա հնարավորություն՝ Սփյուռքի կառույցների միջոցով նյութական ռեսուրս ներգրավելու եւ ավելի մեծ աշխատանք կատարելու։
Բեգլարյանը նշեց․ «Թեեւ մեր մշակութային ժառանգությունը միայն կրոնական չէ, բայց հատկապես կրոնական ժառանգությունն ավելի լուրջ ավերածությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից, քան ոչ կրոնականը։ Միգուցե՝ եւ կրոնական հանգամանքով պայմանավորված, եւ քրիստոնեական մեր ժառանգության հայկական ինքնությամբ պայմանավորված»։
Արտակ Բեգլարյանը նաեւ ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին կարող է հանդես գալ որպես մշակութային ժառանգության տեր եւ միջազգային հարթակներում հանդես գալ այս հարցով։
Կարդացեք նաև
«Այս պահին մեր գլխավոր նպատակը պետք է լինի որքան հնարավոր է շատ պաշտպանության մեխանիզմներ կիրառել եւ հնարավորինս շատ հուշարձաններ պահպանել ու պաշտպանել Արցախում։ Քանի դեռ մենք չենք հասել պետական ինստիտուտների համակարգված ու պաշտոնական աշխատանքին, մենք լուրջ արդյունք չենք ունենալու։ Բայց նախքան այդ նպատակին հասնելը, որ պետական ինստիտուտներն իրենց քաղաքականությունը փոխեն, մենք պետք է կարողանանք հնարավորինս արդյունքներ ապահովել եւ Արցախի մշակութային, հոգեւոր ժառանգությունը պաշտպանել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ