Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում և կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

Հոկտեմբեր 18,2024 15:53

ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված, որն ուղղված է փաթեթի լավարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրենսդրական փաթեթը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է հիմնական կարգավորումները: Քաղաքացիներն ավելի հեշտ կիրականացնեն իրենց ընտրական իրավունքը: Հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում քաղաքացիներն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը եւ էլեկտրոնային ծանուցմամբ կգնան նոր տեղամաս քվեարկության` առանց թղթային տեղեկանքի:

Քրեականացվել է ընտրությանը մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը. սա քրեորեն պատժելի արարք է դիտարկվելու:

Միասնականացվել են հերթական եւ արտահերթ ընտրությունների ժամկետները, որ ընտրական գործընթացն ավելի պատշաճ կազմակերպվի: Այժմ այդ ժամկետների հարցում տարբերակված մոտեցում կա. արտահերթ ընտրությունների համար սահմանված են առավել սեղմ ժամկետներ, ինչն ընտրական գործընթացներին պատշաճ պատրաստվելու հնարավորություն չի տալիս: Ըստ Արմենուհի Հարությունյանի` դա ազդում է ե՛ւ հանրության վստահության, ե՛ւ ընտրական գործընթացների թափանցիկության վրա:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն է տրվելու թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների դիմումներին: Առաջին հերթին կվերահաշվարկվեն այն տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ կներկայացվի վերահաշարկի դիմում:

Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտների շրջանակը, հիմնադրամները եւս կարող են հավատարմագրվել դիտորդության համար: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար սահմանվում է ամենամյա ատեստավորման պահանջ, որը երբեւէ չի եղել:

Վերջնական լուծում է ստանալու ընտրական գործընթացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների հարցը: ԿԸՀ-ն իրականացնելու է միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը, իսկ ԿԿՀ-ն՝ կուսակցությունների ամենօրյա ֆինանսավորման գործունեության վերահսկողությունը:

Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքն արգելում են ընտրությունների նշանակումը եւ անցկացումն արտակարգ ու ռազմական դրությյան պայմաններում՝ հաշվի առնելով, որ դա կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը: Այս կանոնակարգումները հստակեցվել են, որ հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես են կազմակերպվելու ընտրություններն այդ ժամանակ:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվելու թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաեւ սահմանված ժամկետի խախտմամբ ու չթույլատրված վայրում քարոզչական պաստառ ու քարոզչական տպագիր այլ նյութեր փակցնելու համար:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ տեւական քննարկումների փուլ է անցել փաթեթը եւ առաջարկել կողմ քվեարկել:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031