«Ի՞նչ տրամաբանությամբ է, որ Հանրային խորհրդին տրվում են գործառույթներ, եւ, այն էլ՝ այնպիսի գործառույթներ, որոնք դուրս են անգամ կառավարության լիազորության տիրույթից։ Ի՞նչն է տրամաբանությունը, որ փորձում եք դա տեղավորել ՀԽ-ի՝ Սահմանադրությամբ չնախատեսված իրավասությունների տիրույթ, եւ առանձին օրենք չեք բերել»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, ի՞նչ տրամաբանությամբ են սահմանադրականության նորմը շրջանցում եւ խորհրդակցական մարմնին գործադիր ֆունկցիա տրամադրու։
Փաստահավաք խմբին վերապահվող լիազորությունները, ըստ Արծվիկ Մինասյանի՝ «բաժակաճառ են» (այս ձեւակերպման համար նա հղում արեց Վլադիմիր Վարդանյանին) եւ իրավական որոշակիության հետ աղերս չունեն․ «Ինչ է նշանակում՝ հիմնարար խախտում, համակարգային խախտումներ․ այսինքն, այն, ինչը որ օգտագործվում է քաղաքական դաշտում, հանրային դաշտում, դուք բերել եք օրենքի դաշտ։ Այս ձեւակերպումները չեն կարող հենց այնպես օգտագործվել, որոշակիություն պետք է լինի»։
Պատգամավորի նշած մասով, ի դեպ, նաեւ ԱԺ աշխատակազմը դիտողություններ ունի։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը նաեւ տարակուսում է՝ եթե հարցը հանրային ընկալման մեջ է դիտարկվում, ապա հստակ պետք է առանձնացվի եւ հիմնավորվի՝ հանրային ընկալման համար, ասենք, 2005-ի, թե՞ 2007-ի, 2008-ի ընտրախախտումներն էին ավելի կարեւոր․ «Ինչպե՞ս է չափվել, որ հանրային մտահոգության առարկաները, հատկապես, նախագծով սահմանված այդ չորսն են»։
Կառավարությունը նախագիծ է առաջարկել, որը հանձնաժողովն ընդունեց՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին․ առաջարկվում է Հանրային խորհրդի կազմում Փաստահավաք խումբ ձեւավորել։ Դեմ էր միայն Արծվիկ Մինասյանը։
Փաստահավաք առաքելությունը վերհանելու է ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանն առնչվող հարցերը եւ հատուկ զեկույցով հետամուտ է լինելու խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը։ Քննվելու են համապետական եւ ՏԻՄ ընտրական գործընթացները, հանրաքվեները, հետընտրական փուլերում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետական կարիքների անվան տակ եւ պետական գերակա շահի պատրվակով սեփականության օտարումները, այլ պարագաներում սեփականության օտարումները, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սպանությունների գործերը եւ այլն։ Կոնկրետ դեպքերի բացահայտումներ չեն լինելու, համակարգային գնահատականներ են լինելու։ Փաստահավաք խումբ իրավունք է ունենալու նաեւ որոշակի գաղտնիության փաստաթղթերի հասանելիության։ Իսկ վերջնաժամկետը սահմանվել է այն պահից, երբ նախագիծը պատրաստվել է։ Կառավարությունում դեմ չեն ժամկետը վերանայել։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի փոխանցմամբ, նախագիծն անցումային արդարադատության եւ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում է ներկայացվել։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ նախագիծը կնպաստի նաեւ Հանրային խորհրդի գործունեությունը նոր շունչ տալուն եւ հանրությանը, այդ թվում նաեւ Սփյուռքին, համախմբելուն։
Արծվիկ Մինասյանը հիշեցնում է՝ այս խորհրդարանի ձեւավորման պահից ՀԽ-ն չի գործել, չնայած տարեկան ինչ-որ բյուջե էլ կա նախատեսված, հատկացվում է ու հետաքրքրվեց՝ հերթական ընտրություններից 1,5 տարի առաջ ի՞նչը ստիպեց կառավարությանը, որ վերակենդանացնի ՀԽ-ին՝ նախագծի անցումային դրույթներով նախատեսված տարբերակով՝ ցրելով կազմը եւ նոր կազմ ձեւավորելով։
Ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին ի պատասխան՝ արդարադատության փոխնախարարն ասաց․ «Դժվարանում եմ հասկանալ՝ որտեղի՞ց եք նկատել, որ գործադիր մարմնի իրավասություն ենք տվել»։ Նա հիշեցրեց՝ Փաստահավաք խումբը խորհրդակցական մարմին է լինելու, այն դատարան չէ, քննիչների խումբ չէ եւ նոր՝ ինքնավար մարմնի անհրաժեշտություն չկա։ Ըստ փոխնախարարի, պատմական տեղի ունեցած իրադարձություններին, որոնց այլեւս իրավական գնահատական տալ հնարավոր չէ, քաղաքական գնահատական տալն անհրաժեշտ է։ Առանձնացված ոլորտներն էլ չորսը չեն, այլ վեցն են եւ դրանց առաջնահերթությունները որոշվել են անկախությունից ի վեր հնչեցված եւ անպատասխան մնացած հարցերը։ Իսկ Հանրային խորհուրդը ցրելը եւ նոր խորհուրդ ձեւավորելը՝ փոխնախարարը արդյունավետ է համարում հենց ՀԽ-ի արդյունավետ գործունեության տեսանկյունից։
Իսկ մինչ այդ, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ուրախացավ՝ «Ընդդիմությունը վերադառնում է կառուցողական հուն․ ի՜նչ լավ է» եւ նկատեց՝ «Դուք էլ եք անընդհատ ասում, որ հավաքների ազատության խնդիր կա եւ այլն, եւ այլն»։
Արծվիկ Մինասյանը փոխնախարարին եւ իշխանական պատգամավորին հորդորեց՝ «Մի մտեք մանիպուլյացիաների դաշտ»։ Նա տարակուսեց՝ ո՞նց են պատկերացնում այս նախաձեռնությամբ հաշտության ապահովումը ազգային ողբերգության այս շրջանում, այն էլ անտագոնիստական բեւեռներում գտնվող քաղաքական ուժերի գոյության պարագայում․ «Եթե սա չի օգտագործվելու որպես քաղաքական մահակ կամ հանրությանը գեղեցիկ բառերով կրկին սիրաշահելու մոտեցում, դուք ո՞նց եք սրա լուծումը պատկերացնում՝ հանրային ընկալման տեսակետից։ Մի բերեք կեղծ հարցադրումներ՝ հանրությանը մոլորեցնող, եթե ընդամենը հերթական տեսարաններն եք ապահովելու»։ Նման նախաձեռնություններն, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականությունը ծածկադմփոց անելու միջոց են, քաղաքական տեսանկյունից՝ անհեռանկար քայլ, իրավական առումով էլ՝ Սահմանադրությունից չբխող։
«Ես վստահ եմ, որ առաջին ուրախացողներից մեկը դուք եք լինելու, երբ հակառակում համոզվեք»,- Արծվիկ Մինասյանին հակադարձեց փոխնախարարը՝ Փաստահավաք խմբի քաղաքական անհեռատեսության դիտարկման մասով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ