Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը, Ադրբեջանը ջնջում է քաղաքի հայկական անցյալը»

Հոկտեմբեր 18,2024 15:34

Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին: Տները գերազանցապես մեկ, որոշ տները՝ երկհարկ էին, կառուցված տեղական սպիտակ կրաքարով: 19-րդ դարավերջին տնտեսական կյանքի աշխուժացմամբ պայմանավորված բնակավայրը զգալիորեն վերակառուցվում, կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինական կանոնավոր սկզբունքներով: Ստեփանակերտ քաղաքի պատմական թաղամասի տները ակնհայտ նմանություն ունեն Շուշիի պատմական տներին: Տների զգալի մասը կառուցվել է հայ բնակիչների կողմից (Բալայան 2020, 16-18): Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը, ադրբեջանական կողմը ջնջում է քաղաքի հայկական անցյալը:

Նշենք, որ դեռևս 2023 թվականի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներից մեկում հատուկ անդրադարձ էր կատարել Ստեփանակերտի անցյալին՝ բնականաբար խեղաթյուրելով այն (Ստեփանակերտի վերափոխման, պատմական փաստերի կեղծման մասին տես նաև «Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ», «Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի վերափոխման աշխատանքներին», «Ստեփանակերտի ադրբեջանական «վերակառուցման» մասին» , «Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը»):

Մեր արձագանքը

Սովորութային օրենքները Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում՝ միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ , 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններով։ Ստեփանակերտի պատմական տների կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Քաղաքին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Պատմական թաղամասի ոչնչացումը կարելի է որակել նաև որպես ցեղասպանություն, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով» (ICC, Policy on Cultural Heritage, para. 78): Բացի դա, մշակութային ժառանգության դեմ կատարվող հանցագործությունները, որոնք տեղի են ունենում խմբի դեմ ուղղված այլ ֆիզիկական կամ կենսաբանական գործողությունների հետ միասին, կարող են ցեղասպանության հատուկ մտադրության ապացույց լինել (ICC, Policy on Cultural Heritage, para. 79)։

Monument watch

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031