ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիներն ու նախանշել դրանց իրականացման ձևաչափերը:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը` շեշտելով հայկական համայնքի դերակատարումը Հունգարիայում հայկական մշակույթի տարածման և ճանաչելի դարձնելու գործում:
Կարդացեք նաև
Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը ներկայացրել է Հունգարիայում հայկական համայնքի գործունեությունը, որի շրջանակում իրականացվում են ծրագրեր՝ միտված հայկական մշակույթի պահպանությանն ու հայապահպանությանը։ Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում հայկական հուշարձանների պահպանության, տոների նշման միջոցով հայ մշակույթի ներկայացման, ինչպես նաև «Ուրարտու» թատրոնի գործունեության զարգացման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերջին հյուրախաղերին, որի շրջանակում Հունգարիայի արվեստասեր հանրությանը ներկայացվել է JAZZNAVOUR ծրագիրը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և առաջարկել փոխգործակցության լայն շրջանակ՝ երաժշտարվեստի, պարարվեստի, կինոյի, թատրոնի, մշակութային կրթության ոլորտներում:
Երկու երկրների մշակույթների տարածման և հանրահռչակման համատեքստում քննարկվել են մշակույթի օրերի անցկացման հնարավորությունները Հայաստանում և Հունգարիայում, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի իրականացման նպատակով՝ երաժշտական և արվեստի դպրոցների միջև փոխգործակցությունը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ