«Ադրբեջանը Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցը ներկայացնում է որպես Փանահի ժամանակներից սկսված մշակութային շերտ։ Այնտեղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին ներկայացվում է որպես Փանահ խանի բաղնիք»,- «Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց հուշարձանագետ Արմինե Հայրապետյանը։
Տողի Մելիքական ապարանքներ պատմամշակութային արգելոցը նույնպես ուներ բավական մեծ հնագիտական շերտ, որն այսօր վտանգված է։ Տիգրանակերտի հնագիտական թանգարանը տեղափոխվել է Հայաստան, սակայն Տողի հնագիտական թանգարանում կար շուրջ 90 հնագիտական գտածո, որոնք մնացել են այնտեղ։
Արմինե Հայրապետյանի խոսքով՝ Ազոխի բնապատմական արգելոցում նախատեսվում էր նաեւ ստեղծել թանգարան։ «Ազոխի գտածոները գտնվում էին արշավախմբի տրամադրության տակ, այնտեղ մենք ունեինք գտածոներ, որոնք նախատեսված էին Ազոխում ապագայում բացվելիք թանգարանում ցուցադրելու համար։ Այդ գտածոները նույնպես մնացել են Ազոխ գյուղում եւ նրանց ճակատագիրը հայտնի չէ, գիտենք, որ տեղափոխվել են Բաքու։ Ազոխը դա զուտ հայկական մշակութային շերտ չէ, համամարդկային շերտ է»,- ասաց նա։
Արմինե Հայրապետյանի խոսքով՝ պետք է Արցախի պատմամշակութային ժառանգության հարցով հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Ազոխի քարանձավի պեղման աշխատանքները հնագիտական հետազոտությունների երկրորդ փուլում՝ հրատարակված՝ Fernandez-Jalvo King, Yepiskoposyan, Andrews, 2016 թ.: