«Ադրբեջանը կանխամտածված կերպով Արցախում վերացնում է հայկական հետքը: Օրինակ՝ Ստեփանակերտի Թումանյան փողոցը ավերվում է, մի փողոց, որտեղ ամփոփված էր նախկին Ստեփանակերտի կերպարը։ Եվ հիմնականում վերացնում են այն բնակավայրերը, որոնցից նախկին պատերազմի ժամանակ իրենք շատ դժգոհ են եղել։ Քարինտակի ճակատամարտի ժամանակ այդքան խոսվում էր, նրանք որոշեցին իսպառ վերացնել Քարինտակը»,- Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի էկոնոմիկայի նախարարության հուշարձանների ուսումնասիրության եւ պահպանության բաժնի պետ Սլավա Սարգսյանը։
Նա նշեց, որ նախքան Արցախի շրջափակումը՝ Ադրբեջանը ՄԱԿ-ին է ներկայացրել 4500 բնակավայր՝ լրիվ փոփոխված, այդ թվում՝ Արցախի 500 բնակավայր ոչ միայն փոփոխված են, այլ բաժանված են տարբեր շրջանների վրա։ Օրինակ՝ Մարտակերտի շրջանի բնակավայրերը ներկայացվում են Քարվաճառի շրջանում։
«Փաստորեն նրանք կանխամտածված ոչ միայն հուշարձաններն են վերացնում, այլեւ մարդկանց պատմականորեն ստեղծած անվանումներն են վերացնում։ Այսինքն՝ պետական մակարդակով քաղաքականություն է գնում»,- ասաց նա։
Ըստ Սլավա Սարգսյանի՝ այսօր Ալիեւն ասում է, որ Արցախում 67 մզկիթներից 64-ը վերացել են։ «Բայց դա սուտ է՝ ես հաշվել եմ այդ բոլոր մզկիթները, այդ ամբողջ տարածքում 67 մզկիթ չկար»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ