Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, այլևս չե՛մ ուզում մասնակցել այդ անբովանդակ, կեղծ արարողությանը ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա

Հոկտեմբեր 18,2024 14:57

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Մոտենում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության 25-րդ ողբերգական տարելիցը։ Ինձ շատ հետաքրքիր է ՀՀ իշխանությունները վերջապես ըստ էության անդրադառնալո՞ւ են մեր պետականության, մեր ինքնիշխանության դեմ կատարված այդ սահմռկեցուցիչ ակտին, ի՞նչ են ասելու 2019թ.-ի դեկտեմբերի 18-ին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ինձ հասցեագրված նամակում մեջբերված հետևյալ տողերի մասին․«հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության»:

Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր նախկին դատախազի սույն որոշումը համաձայնեցված էր ՀՀ վարչապետի հետ։ Այսինքն, ըստ այս տողերի նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալու որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու ամեն ինչ կանի՝ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Հիշեցնեմ, որ, չնայած նախկին դատախազն իր նամակում գրել էր ոչ թե Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի և մյուս 6 անձանց դեմ կատարված ահաբեկչության, այլ․ «ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության», այդպես էլ ՀՀ պետությունն իշխանությունների կողմից չճանաչվեց որպես տուժող կողմ, որի մասին 2020թ․ հունվարին դիմել էի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ստացել էի նամակ, որում հիմնավորվել է, թե ինչու ՀՀ պետությունը չի կարող տուժող համարվել։ Ստացվում է, որ այդ սարսափելի պետական մասշտաբի ահաբեկչությունը միայն զոհվածների ընտանիքների՞ն է վերաբերում, որովհետև դատարանը մեզ է միայն տուժող ճանաչել։

Ամեն տարի հոկտեմբերի 27-ին դատարանի կողմից «տուժողներ» ճանաչվածներիս հրավիրում են ԱԺ այգում տեղադրված Հրաչյա Քոչարի հզոր քանդակի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը, որին մասնակցում եմ ստիպված:

Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, այլևս չե՛մ ուզում մասնակցել այդ անբովանդակ, կեղծ արարողությանը ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա,՛ երբ մեր պետականության գլխին նորից ամպեր են կուտակվում և այդ շատ վտանգավոր ամպերում մեր թշնամիների կողմից նորից Մեղրին է, «Զանգեզուրի միջանցք» անվանումով։

Կարծում եմ` ժամանակն է, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից քննության տանելու մասին ՀՀ դատախազության 2019թ․ դեկտեմբերին կայացրած որոշումը լինի վճռական, վերջապես սկսի ու նոր թափ և բովանդակություն հաղորդի այդ կարևոր գործին, որը 2024թ. փետրվարից ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է, որի ղեկավարն էլ Արգիշտի Քյարամյանն է, որը մի քանի օր առաջ հաշվետվություն տալու համար հրավիրված էր ԱԺ և պատգամավորներից ոչ մեկը հարց չտվեց, թե ՀՀ քննչական կոմիտեն որքանո՞վ է առաջ տարել մեր պետականության դեմ 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների բացահայտման ուղղությամբ 2019թ. դեկտեմբերին վերաբացված քրեական գործը:

Ոչ մեկին հետաքրքիր չէ՞ր, թե՞ միայն անձնական հախ ու հաշիվն էր կարևոր գործող իշխանության համար այն դեպքում, երբ մեր օրերում էլ նման ահաբեկչության սպառնալիքն ակնհայտ է և հատկապես դա կանխելու համար է պետք բացահայտել հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին ու կազմակերպիչներին, որոնք հայտնի են հասարակությանը: Մնում է դատարանի որոշումը:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

ՀՀ քաղաքացի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031