Լրահոս
Օրվա լրահոսը

«Թմրամոլը չի կարող պայքարել թմրամոլության դեմ»․ Ագնեսա Խամոյանի առաջարկը համախմբեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներին, կառավարությանը

Հոկտեմբեր 18,2024 13:20

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է ուժային եւ իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը բացառելու համար, օգտագործելու դեպքում սահմանել պատիժ՝ աշխատանքից ազատում։ Աշխատանքից ազատում է նախատեսվում նաեւ այն պարագայում, երբ անձը հրաժարվում է թմրանյութի թեսթ հանձնել։

Պատգամավորի առաջարկած նախագծերի փաթեթն այսօր քննարկվում էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագծով առաջարկվում է, որ իրավապահ-նախաքննական մարմիններում թմրաթեսթ հանձնեն տարեկան երկու անգամ՝ պատահականության սկզբունքով, քանի որ տարբեր թմրանյութեր, տարբեր ժամանակահատվածում են պահպանվում օրգանիզմում։ Իսկ պատահականության սկզբունքը անձին հնարավորություն չի տա նախապես տեղեկանալ թեսթ հանձնելու մասին եւ կանխարգելիչ գործողություններ անել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը դեմ չէ ընդդիմադիր գործընկերոջ առաջարկին, բայց միջազգային փորձն է ուսումնասիրել եւ ոչ մի տեղ չի տեսել, որ տարին երկու անգամ պարտադիր պետք է թեսթավորում իրականացնել։ Իր գնահատմամբ, երբ չկա անգամ կասկած՝ մի տեսակ վիրավորական է ոլորտի աշխատողների նկատմամբ եւ միտում ունի։

Ալխաս Ղազարյան

Ագնեսա Խամոյանը համաձայն չէ։ Ի թիվս այլ երկրների, օրինակ է բերում նաեւ Եգիպտոսը, որտեղ անգամ տրանսպորտի աշխատողների համար է պարտադիր թեսթավորումը։ Նաեւ, կարծում է, որ միջազգային փորձում Հայաստանը կարող է լինել լավագույն օրինակը՝ ներդնելով տարին երկու անգամ պարտադիր թեսթավորում։

Իսկ վիրավորականի մասով էլ նկատում է՝ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, ասել են՝ թե մարդու իրավունքների սահմանափակում է։ Բայց ըստ պատգամավորի, մարդը, երբ ուժային համակարգ է անցնում աշխատանքի, արդեն իսկ որոշակի իրավունքների սահմանափակումներ ունի, նաեւ համակարգում կան ներքին կանոնակարգեր, որոնք ենթակաների հետ խիստ սահմանափակումներ են ենթադրում ու ինքը չի կարծում, թե իր այս առաջարկում վիրավորանքի որեւէ տարր կա։

«Սա շատ պարզ նախագիծ է՝ պարզ ուղերձով՝ նախ հասարակությանը, որ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մարդիկ, ովքեր ի պաշտոնե ուղղակի կամ անուղղակի առնչվում են թմրանյութերին, եւ երկրորդ ուղերձը համակարգի աշխատողներին է ուղղված, որ անընդունելի է համակարգում թմրանյութ օգտագործողների առկայությունը»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորի համար անընկալելի է, որ կառավարությունում գաղափարին են դեմ եւ հայտարարել են, թե համակարգային բնույթ չի կրում թմրանյութերի օգտագործումը համակարգում։

Ավելի ուշ, կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հստակեցրեց՝ գաղափարին դեմ չեն, նախագծով սահմանված թիրախների ցանկն, ըստ իրենց քննարկման կարիք ունի, նաեւ՝ սահմանված պատժաձեւերը։ Նաեւ ասաց, որ որոշակի օրենսդրական խստացումներ արված են, եթե դրանք արդյունք չեն տա եւ պատգամավորները կգտնեն, որ սխեմաները պետք է ընդլայնել՝ կքննարկեն։

Ալխաս Ղազարյանին անհանգստացնում էր, թե ինչո՞ւ Ագնեսա Խամոյանը չի առաջարկում, ասենք, ԱԺ-ից՝ պատգամավորներից սկսել պարտադիր թեսթավորումները, քանի որ իրենք էլ որոշում կայացնողներ են։

Ագնեսա Խամոյանը հավելեց՝ հաջորդ նախագծերի փաթեթը, որը ներկայացնելու է, վերաբերվում է պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց, որոնց թիվը հստակ է եւ լաբորատորիաները չեն բավականացնի, թեսթերը չեն բավականացնի պատճառաբանությունները արդեն չեն անցնի։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նախ նկատեց՝ եթե հաջորդիվ ցանկն ընդլայնող նախագիծ է բերվելու, միգուցե քննարկվի առավել ամբողջակա՞ն տարբերակի ներկայացումը՝ մեկ նախագծով։ Ապա հարցրեց՝ որքանո՞վ է արդյունավետ լինելու՝ նարկոշղթայի հայտնաբերման հարցում, եթե տարեկան պարտադիր փորձաքննություններն իրականացվեն, քանի որ այսպիսով օգտագործողին ենք հայտնաբերում, բայց տարածողին, առաքողին, պատրաստողին չենք գտնում։ Ըստ նրա՝ խնդիրը մնում է, հետեւանքի դեմ ենք պայքարում։

Վլադիմիր Վարդանյանը նաեւ նկատում է՝ պատգամավորի առաջարկած տրամաբանությամբ, թեսթավորումը դպրոցից պետք է սկսել, քանի որ խնդիրները հենց այդ տարիքից են գալիս։ Նա նաեւ դեմ չէ, որ, օրինակ, ՀՀ քաղաքացիություն ստանալիս, անձը ներկայացնի փաստաթուղթ, որ այլ երկրում չի դատապարտվել թմրամիջոցների համար։ Նաեւ նկատեց՝ օրինակ, պատգամավորի ներկայացրած ցանկում ներառված չեն ավիադիսպետչերները, ատոմակայանի աշխատակիցները եւ մի շարք այլ կարեւոր ոլորտների աշխատակիցներ։

Նա առաջարկեց՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարել եւ հանրային բոլոր ծառայողների վրա դնել նման պարտականություն։

«Դուք ավելի խստացրեցիք, առաջարկություն ներկայացրեք՝ ներառեմ»,-արձագանքեց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծի քվեարկությունը հետաձգել երկու ամիս ժամկետով, աշխատանքային խումբ ձեւավորել՝ սուբյեկտների կազմը եւ պատժամիջոցների ցանկը հստակեցնելու նպատակով։

ՔՊ-ական պատգամավորները դրվատանքով խոսեցին ընդդիմության ներկայացուցիչների մտահոգությունների մասին, միացան դրանց եւ իրենց ուրախությունը հայտնեցին առ այն, որ համատեղ աշխատանքի դաշտ են գտել։

«Թմրամոլը չի կարող պայքարել թմրամոլության դեմ․ այս նախագիծը սրա մասին է։ Մարդը՝ թմրանյութի ազդեցության տակ չի կարող ձերբակալել, կալանավորել եւ մեղադրանք ներկայացնել։ Եթե արձանագրում ենք, որ կառավարությունը, իշխող ուժի ներկայացուցիչները համամիտ են այս գաղափարի հետ, ես պատրաստ եմ մնացած հարցերը քննարկելու»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ այս պայքարը ինչ-որ մի կետից պետք է սկսվի ու բոլոր հարցերը քննարկելի են։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031