Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծիք կա, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի սպանված ղեկավար Յահյա Սինվարի դիակը հանձնելու դիմաց կստանա որոշ պատանդների

Հոկտեմբեր 18,2024 13:10

Իրավիճակը ՀԱՄԱՍ-ի հերթական ղեկավարի սպանությունից հետո

Փորձագետների կարծիքով, Իսրայելը մարտավարական իր հաջողությունները պետք է վերածի ռազմավարական հաջողությունների. դրա համար պետք է հասնել հարյուրից ավելի պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահ»-ի հետ խաղաղության դաշինքի, նաև կարգավորել իր հարաբերությունները արաբական երկրների և Իրանի հետ։

Իսրայելը 7 հոկտեմբերի 2023 թվականի ահասարսուռ դեպքերից` ավելի քան հազար քաղաքացու սպանությունից և 250-ի պատանդառվելուց հետո, ունեցել է շլացուցիչ ռազմական գործողություններ, սպանել է պաղեստինցի մի շարք բարձրաստիճան դեմքերի, բայց դեռ իր նպատակներին չի հասել։

Կարծիք կա, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի սպանված ղեկավար Յահյա Սինվարի դիակը հանձնելու դիմաց կստանա որոշ պատանդների, իսկ ԱՄՆ դեմոկրատները խաղաղության դաշինքի գլխավոր խոչընդոտի բացակայությամբ, կփորձեն գոնե մի հաղթանակով ներկայանալ նախագահական ընտրություններին։

Մինչ այդ պաղեստինցիները խոսում են Սինվարի հաջորդի մասին. դա կարող է լինել իր եղբայրը` Մուհամմեդը, Աբու Մարզուքը, Խալիլ ալ Հայահը, Զահեր Ջաբառինը կամ երբեմնի ղեկավար Խալեդ Մաշալը։ Վերջինիս Իսրայելը թունավորեց 25 սեպտեմբերի 1997 թվականին` Հորդանանում, բայց Հորդանանի արքայի խիստ պահանջի և երկուստեք խաղաղության պայմանագրի բեկանման սպառնալիքի պայմաններում Թել Ավիվը անմիջապես Ամման ուղարկեց հակաթույնը, որով և փրկվեց Մաշալը։ Հայտնեմ նաև, որ Մաշալը Թեհրանի սրտի թեկնածուն չէ։

Երեկ` 17 հոկտեմբերին Իսրայելը հայտարարեց, որ Գազայի ապաստարաններում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարին։ Ըստ երևույթին սպանությունը պատահական է եղել և հրեա զինվորները հաջորդ օրն են կասկածել, որ սպանվածը կարող է Սինվարը լինել։ Պաղեստինցի այս ղեկավարը դեռ անցյալ տարվանից թաքնված էր Գազայի գոտու ստորգետնյա ապաստարաններում և շարունակում էր Իսրայելի դեմ պայքարը։ Նա ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավար Հանիեի Թեհրանում սպանվելուց հետո` 2,5 ամիս առաջ ընտրվել էր որպես կազմակերպության նոր ղեկավար։

Սինվարը ՀԱՄԱՍ-ի չորրորդ ղեկավարն է, որ սպանվում է Իսրայելի միջոցով։ ՀԱՄԱՍ-ի հիմնադիր և առաջին ղեկավար Ահմադ Յասին, ապա նրա հաջորդ Ռանթիսին սպանվեցին 2004 թվականին, ապա Իսմայիլ Հանիեն սպանվեց 31/06/2024-ին` Թեհրանում։ Պաղեստինյան այս կազմակերպության երբեմնի ղեկավարներից ողջ է միայն Խալեդ Մաշալը։

ՀԱՄԱՍ-ը «Իսլամական դիմադրության շարժում» արաբերեն անվան հապավումն է. «Հարաքաթ օլ մողավեմաթ օլ էսլամիե»։ Հիմնադրվել է 1987 թ. դեկտեմբերին. 2006 թ. հաղթել է Գազայի գոտու ներպաղեստինյան ինքնավարության ընտրություններում և իշխում է մինչ օրս։ Նրա գլխավոր ախոյան Պաղեստինի Ազատագրության Կազմակերպությունը (ՊԱԿ) պարտվեց Գազայում, բայց իշխանություն է Իսրայելի պաղեստինաբնակ Արևմտյան ափում։

Սինվարը 61 տարեկան էր. նրա ծնողները Աշկելոնից տարհանվել էին Խան Յունոս ճամբար, որտեղ և ծնվել էր Սինվարը։ Նա երիտասարդ տարիքում միացել էր Ահմադ Յասինի շարժմանը, ձերբակալվել էր 1982, 1985 և 1988 թվականներին։ Սինվարը վերջին անգամ իսրայելական բանտում մնաց 22 տարի, որից հետո 1026 պաղեստինցի բանտարկյալի հետ միասին, փոխանակվեց ընդամենը մեկ իսրայելցի զինվորական պատանդի հետ (Գիլադ Շալիթ Gilad Shalit)։ Սինվարը դրանից հետո էլ մինչև իր մահը շարունակեց Իսրայելի դեմ պայքարը։ Իսրայելի բանակը Սինվարի դիակը փոխադրեց Երուսաղեմ և DNA քննությունից հետո հաստատեց նրա մահը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031