Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ միշտ մեղադրում են դատական նիստերը ձգձգելու մեջ , բայց եթե ես նիստերը ուզեի ձգձգել, անմիջապես կմիանայի մեղադրողին, կասեի, որ առանց Գագիկ Խաչատրյանի չի կարող նիստ լինել. պաշտպան

Հոկտեմբեր 18,2024 12:42

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը:

Խաչատրյանը չէր ներկայացել նիստին, նրա պաշտպան Երեմ Սարգսյանը (լուսանկարում) ներկայացրեց բժշկական համապատասխան տեղեկանք:

Դատարանը քննարկեց Խաչատրյանի բացակայությամբ նիստը անցկացնել-չանցկացնելու հարցը:

«Իմ կարծիքով, առանց ամբաստանյալի ներկայության՝ նիստերը չեն կարող կայանալ ու չպետք է կայանային, արդեն 4-րդ դատական նիստն է՝ չի ներկայանում»,- ասաց մեղադրողը:

Ըստ նրա՝ երբ դատարանի կամ մեղադրանքի կողմից պաշտպանական կողմի դիրքորոշումներին որոշակի մասով հակասող դիտարկումներ են արվում կամ դատարանի կողմից որոշումներ կայացվում, պաշտպանության կողմից մշտապես այդ հարցերը սկսվում են վիճարկել: Մեղադրողի խոսքով, որ հետագայում էլ խուսափենք նման իրավիճակներից, իր դիրքորոշումն է՝ առանց ամբաստանյալի չպետք է նիստը կայացվի:

Երեմ Սարգսյանն առարկեց՝ ասելով, որ մեղադրողը որոշ հանգամանքներում իրենց մեղադրելով այնքան էլ իրականությունը չասաց. «Չի եղել ու չի կարող լինել նման դեպք, երբ դատական նիստի ընթացքում դիրքորոշում հայտնեմ ու փոխեմ դիրքորոշումս: Միակ դեպքը, որ ասել եմ՝ առանց Գագիկ Խաչատրյանի չէր կարող դատական նիստ լինել ու դրա վերաբերյալ էլ բողոք եմ ներկայացրել, դա եղել է այն ժամանակ, որ առանց մեր ներկայության ՝առանց Գագիկ Խաչատրյանի ու առանց պաշտպանի ներկայության, մեղադրողը մի ժամվա մեջ միջնորդություն էր ներկայացրել՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ: Առանց մեր ներկայության դատարանը քննարկել ու բավարարել էր այդ միջնորդությունը: Մեզ միշտ մեղադրում են դատական նիստերը ձգձգելու մեջ, բայց եթե ես նիստերը ուզեի ձգձգել, անմիջապես կմիանայի մեղադրողին, կասեի, որ առանց Գագիկ Խաչատրյանի չի կարող նիստ լինել: Իսկ ես ասում եմ՝ այո՛, առանց Խաչատրյանի կարող են ու պետք է լինեն նիստերը ու քննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են նրա առողջական վիճակին, նրան վիրահատության ենթարկելու, այդ թվում՝ մեղադրողի կողմից փորձաքննության վերաբերյալ միջնորդության քննարկմանը: Որովհետեւ այս բոլորը վերաբերում են կարեւոր հարցի քննությանը: Ես գտնում եմ, որ դատական նիստը պետք է շարունակվի:

Դատարանը որոշեց նիստը շարունակել առանց Խաչատրյանի:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031