Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խաղաղատենչի դիմակ հագնելով՝ փորձում է COP29-ի միջոցով շեղել միջազգային հանրության ուշադրությունն Արցախի էթնիկ զտումից. իրանցի փորձագետ. «Ազգ»

Հոկտեմբեր 18,2024 11:40

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցչական համաժողովը հյուրընկալելու Բաքվի ընտրությունը հիմնականում բացասական արձագանքի է արժանացել շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ անկախ ակտիվիստների կողմից:

Իրանի փորձագիտական շրջանակներում նույնպես համոզմունք կա, որ մի շարք հանգամանքներից ելնելով Ադրբեջանն այդ միջոցառումն անցկացնելու համար լավագույն ընտրությունը չէր:

Միջոցառումը Բաքվում անցկացնելը ոչ նպատակահարմար համարելու կապակցութամբ իրանցի վերլուծաբան Ահմադ Քազեմիի՝ Iranian Diplomacy-ում ներկայացրած տեսակետները բավականին ուշագրավ են:

Իրանցի փորձագետը համոզված է, որ Ադրբեջանը չի կարող դասվել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարում առաջատար դեր խաղացած երկրների շարքում, քանի որ միջավայրի պահպանության ոլորտում Ադրբեջանը չունի այդպիսի պահանջները բավարարող ցուցանիշներ: Վերլուծաբանն իր միտքը պարզաբանելու համար հավելում է. «Ըստ միջազգային կազմակերպությունների, Ադրբեջանի Հանրապետությունը նավթի անխնա արդյունահանման եւ խորհրդային ժամանակներից մնացած նավթային հին հարթակներ ունենալու եւ բնապահպանական չափանիշները չկիրառելու պատճառով ամենամեծ դերն ունի Կասպից ծովի նավթային աղտոտման գործում: Կասպից ծովում ջրի հոսքի առանձնահատկությունից ելնելով, Բաքվի կողմից վառելիքի արդյունահանման ժամանակ նավթի աղտոտվածությունը ծով մտնելու դեպքում, անխուսափելիորեն աղտոտումը հոսում է դեպի իրանական ափ: Ադրբեջանի ոչ ստանդարտ նավթային գործունեության պատճառով ամեն տարի հազարավոր տոննա նավթ է արտահոսում Կասպից ծով, ինչն էլ մի քանի կիլոմետրանոց բծերի ձեւավորման պատճառ է դառնում: Սակայն Բաքուն հրաժարվում է վճարել Իրանի ափերի նավթային աղտոտվածության համար միջազգային օրենքներով նախատեսված փոխհատուցումը: Ընդ որում, Իրանը Կասպից ծովում նավթ արդյունահանելու հնարավորություն չունեցող միակ երկիրն է»:

Ահմադ Քազեմին նաեւ տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա համաժողովները փոխկապակցված են ոչ միայն բնապահպանական իրավունքների, այլեւ մարդու իրավունքների ու մարդու էկոլոգիական իրավունքների հետ: Իսկ Ադրբեջանը ո՛չ միայն խախտել է միջազգային բնապահպանական իրավունքի սկզբունքները, այլեւ մարդու իրավունքների ոլորտում գրանցված Բաքվի ցուցանիշները խիստ բացասական են:

Իրանցի վերլուծաբանի համոզմամբ, փորձը ցույց է տվել, որ Բաքվի համար միջազգային համաժողովները երկրում մարդու հիմնարար իրավունքների խախտման դեպքերը քողարկելու միջոց են: Իսկ COP29-ը Ադրբեջանի պատկերացմամբ, արդյունավետ միջոց է միջազգային հանրության ուշադրությունն ու հասարակական կարծիքը Արցախի էթնիկ զտումների փաստից շեղելու համար:

Այդ պատճառով էլ, ըստ վերլուծաբանի, հյուրընկալելով միջոցառման շուրջ 80 հազար մասնակցի, Ադրբեջանը խաղաղատենչ պետության դիմակ հագնելով՝ փորձում է COP29-ի միջոցով շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ահավոր հանցագործությունից:
Շարունակելով միտքը, Ահմադ Քազեմին հավելում է, որ Ղարաբաղից վտարված հայերին պատկանող պատմական եւ կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերը քողարկելու համար Ադրբեջանի նախագահն Արցախն ու շրջակա միջավայրը հռչակել է որպես «կանաչ էներգիայի» գոտի: Քազեմին տարակուսանք է հայտնում, որ Ադրբեջանը Արցախն օկուպացնելուց ու Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը բռնազավթելուց հետո անգամ հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ խաղաղության պայմանագիրն ստորագրելու դիմաց նոր պահանջներ դնելով Երեւանի առջեւ: Բացի այդ, ըստ հոդվածագրի, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», ինչը Հայաստանի նկատմամբ Բաքվի ցուցաբերած տարածքային հավակնությունների մասին է վկայում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031