Լրահոս
Օրվա լրահոսը

Հո ձեռքներս ծալած չե՞նք նստելու: Ես այս ակցիան սկսել եմ մենակ, հիմա հինգ հոգով ենք, ու վստահ եմ՝100 հազարների ենք հասնելու, եթե ոչ՝ 3 միլիոնի. Վահագն Չախալյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2024 11:45

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը երեկվանից կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով։ Չախալյանը «Հրապարակի» հետ զրույցում ընդգծեց, որ նստացույց կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ հայ ռազմագերիների հարցն օրակարգ չի բերվել։ Նրա խոսքով՝ պաշտոնապես գերիների թիվը 23 է, բայց համոզված է, որ անհետ կորածներից շատերն էլ են գերության մեջ, ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցին էլ հետամուտ լինեն։ Զրուցել ենք Վահագն Չախալյանի հետ:

– Փաստացի, ռազմագերիների հարցն այնքան է անտեսվել, որ Դուք որոշել եք նստացույց սկսել, որպեսզի ինչ-որ առումով Փաշինյանի ռեժիմը սթափվի: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ռազմագերիների հարցով չի զբաղվում, այլեւ ամեն հարմար առիթով նրանց վրա ցեխ է շպրտում, ինչից Ադրբեջանն ավելի է լկտիանում: Օրինակ` բոլորովին վերջերս Ռուբեն Վարդանյանին մեղադրեց Արցախում գործունեություն ծավալելու համար, նրան գրեթե ռուսական գործակալ անվանեց, թեեւ ոչ թե պնդումների, այլ՝ հարցերի տեսքով: Ի՞նչ եք կարծում` իշխանությունն ինչ-որ քայլերի կգնա՞ այս հարցում:

– Մենք վստահ ենք, որ հասնելու ենք նրան, որ հայ ռազմագերիներն ազատության մեջ հայտնվեն: Վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները զբաղվելու են գերիների հարցով: Անշուշտ, կա շատ մեծ անտարբերություն, բայց չենք կարող ձեռքներս ծալած նստել: Այնպես չէ, որ առանձնապես առողջական վիճակս լավ է կամ երազել եմ այս անձրեւին նստել փողոցում, բայց գիտակցումով, որ իշխանավորներն ու պատկան մարմինները բացարձակ անտարբերության են մատնել այս հարցը, գնում եմ այս քայլին: Իշխանությունը միայն պադավատով ման գալու, պրեմիաներ ստանալու, արտասահմանում զվարճանալու համար չէ: Իրենց շրջապատում ինչ-ինչ հարազատների տենդերներ շահեցնելու համար չէ միայն իշխանությունը, իշխանությունը նաեւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար է: Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը չի խորշում սեփական ժողովրդին հետագա պատերազմներով վախեցնելուց, այդ դեպքում ստացվում է, որ բոլորս փաստացի կարող ենք գերության մեջ հայտնվել: ՀՀ ոչ մի քաղաքացի, ըստ Փաշինյանի, երաշխավորված չէ, որ գերի չի ընկնի, այստեղ կրկնակի անգամ կարեւորվում է, որ նույն այդ իշխանությունները պետք է զբաղվեն հայ ռազմագերիների հայրենադարձման խնդրով: Դա շատ կարեւոր հարց է: Եթե անգամ ոչ մի պատերազմ չլինի էլ, գերիների հարցը պետք է իշխանության օրակարգում լինի: Մեր քաղաքացիները պետք է պաշտպանված ու անվտանգ լինեն: Իշխանությունները միայն բարիքներից օգտվելու համար չեն: Ինչո՞ւ Իսրայելի իշխանությունները սկսեցին նման գործողություններ, ամեն բան արվեց իրենց գերիներին վերադարձնելու համար: Ամեն ինչի պատրաստ են, որ գերիներին վերադարձնեն: Զուգահեռաբար մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունների վարքագիծը` գնում են տարբեր երկրներ, ուրախանում, եւ ոչինչ չի արվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

– Գաղտնիք չէ, որ այս իշխանությունն իր քաղաքական հակառակորդներին ճանապարհից հեռացնելու համար կալանավորում է, ֆեյքերի եւ քարոզիչների միջոցով կեղծ տեղեկություններ է դնում շրջանառության մեջ: Ամեն ինչի պատրաստ են՝ այլախոհներին ճնշելու, պատժելու համար: Հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյանի քաղաքական հակառակորդների մի մասը հայտնվել է գերության մեջ: Նրանց վերադարձի համար Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է ջանքեր գործադրել, զոհողությունների գնալ: Չէ՞ որ սա իրենց համար ամենալավ տարբերակն է:

– Մենք չենք բացառում նաեւ այդ հանգամանքը: Անգամ եղավ ինֆորմացիա, որ իշխանությունն է որոշ գերիների համար «նավոդկա» տվել: Իրենք էլ չեն հերքել անգամ, չեն ասել, որ զրպարտում են իրենց: Դե, ի՞նչ արած, եթե անգամ նման տխուր ու սոսկալի իրավիճակ է, ի՞նչ անենք, հո ձեռքներս ծալած չե՞նք նստելու: Ես այս ակցիան սկսել եմ մենակ, հիմա հինգ հոգով ենք, ու վստահ եմ, որ այնքան ենք շատանալու, որ 100 հազարների ենք հասնելու, եթե ոչ՝ 3 միլիոնի: Բացի ՔՊ-ականներից, բոլորը միանալու են մեր ակցիային: ՔՊ-ականների երազանքն է գուցե՝ գերի ընկնել Ադրբեջանում, չէ՞ որ Ադրբեջանն իրենց սիրելի երկիրն է, բայց հայ մարդիկ չեն ցանկանում հայտնվել գերության մեջ: Եվ եթե իշխանությունն ասի, որ հինգ հոգով եկել ենք, աղմուկ ենք անում, մենք կապացուցենք, որ հինգ հոգով չենք, շատ ենք: Դառնալու ենք 50-100 հազար, այդ գործիքակազմն էլ ենք գտնելու: Հուսով եմ, որ այս իշխանությունը հասկանալու է, որ բանը բանից անցել է, եւ սկսելու է այս հարցով զբաղվել: Վստահ եմ՝ եթե ցանկանան լուծել գերիների հարցը, կլուծեն: Գերիները պետք է Հայաստան վերադառնան:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031