Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է Նոբելյան դափնեկիր Աճեմօղլուից պահանջելու պես խնդրել զբաղվելու Հայաստանով. «Ազգ»

Հոկտեմբեր 18,2024 10:47

Մի քանի օր առաջ, իր գործընկերներ Ջիմ Ռոբինսոնի եւ Սիմոն Ջոնսոնի հետ Նոբելյան մրցանակը նվաճեց 1967-ին Կ. Պոլսում ծնված, տեղի հայկական վարժարան հաճախած, հայ գրողի զավակ Տարոն Աջեմօղլուն:

Տարոնի անունը հայկական միջավայրում հայտնի էր միայն ակադեմիական նեղ շրջանակներին, իսկ Հայաստանում շատ-շատերը չգիտեին նրան: Սակայն, ինչպես նման դեպքերում է պատահում, նրան քաջ գիտեին Թուրքիայի պետական շրջանակները: 2012 թ.ին ես անձամբ եմ լսել այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից, Կ. Պոլսում կայացած միջազգային մի ֆորումում, ի պատասխան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընդհատման պատճառների մասին իմ հարցմանը, թե իր կառավարությունը Աջեմօղլուին առաջարկել է ստանձնել երկրի էկոնոմիկայի նախարարությունը եւ/կամ նույն գծով՝ Փարիզում զբաղեցնել համապատասխան ներկայացուցչության ղեկավարի աթոռը: Դավութօղլուն դա ասում էր իբրեւ «փաստ» իրենց «հանդուրժողականության», «անխտրականության»:

Բարեբախտաբար, Տարոնը չստանձնեց նման պարտականություն, այլ ընդհակառակն՝ սկսեց իր ուսումնասիրություններում խստորեն քննադատել նախագահ Էրդողանին՝ նրա անհանդուրժողականության, ավտորիտարիզմի, քաղաքական բռնությունների համար, հընթացս դատապարտելով նաեւ թուրքական դասագրքերում հակահայ ատելություն սերմանող նյութերի համար: Ավելի ուշ նա չխնայեց նաեւ նախագահական թեկնածու Թրամփին ու նրա կուսակցությանը, դավանելով այն վարկածը, թե առաջիկա ընտրություններում Թրամփի հաղթանակը կարող է վերջի սկիզբը դառնալ ամերիկյան դեմոկրատիզմի:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, Աջեմօղլուի մշտական թիրախի տակ է գտնվում նաեւ մեր երկրում տիրապետող ավտոկրատիզմը, դրա համար քննադատելով նաեւ սփյուռքահայության ցուցաբերած հանդուրժողականությունը իրարահաջորդ վարչակազմերի հանդեպ, միաժամանակ գտնելով, որ անկախությունից հետո մեր երկիրը կարող էր Լիտվայի ու Լատվիայի վերածվել, այնինչ դարձել է Ադրբեջանի եւ Ուզբեկստանի նման երկրի: Նրա տեսության համաձայն, աշխարհի երկրների տնտեսական զարգացման եւ չզարգացման, պարզ խոսքով՝ հարուստ կամ աղքատ լինելը կախում ունի ո՛չ աշխարհագրական դիրքից, բնական հարստությունից կամ դրա բացակայությունից, ինչպես նաեւ մշակույթից կամ հարստությունից, այլ՝ իսկական ժողովրդավարության միջավայրում երկրի կառավարման հմտությունից, պետական անկախ ինստիտուտների առկայությունից եւ օրենքի իշխանության նկատմամբ ժողովրդի ու պետական մարմինների հարգանքից, հավաքական եւ անձնական շահի նկատմամբ ունեցած տեսլականից:

Ծագում է բնական հարցը. կարո՞ղ է Աջեմօղլուն օգտակար լինել նաեւ մեր պետությանը, որը տառապում է նրա մատնանշած բացասական երեւույթներով ու վերածվել է ավտորիտարիզմի եւ այժմ ձգտում է նույնիսկ հավակնոտ բռնատիրության:

Պետք է նրանից պահանջելու պես խնդրել զբաղվելու Հայաստանով:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031